Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ալիևի «գաղտնիքը»

Ալիևի «գաղտնիքը»
22.07.2026 | 14:25


Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին: Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ ինքը նույնպես տեղյակ չի եղել այդ հանդիպման մասին:

Նախ պետք է նշենք, որ Ալիևի այցը Գերմանիա փոքր-ինչ հապճեպ և վաղուց պլանավորված չէր:

Ի՞նչ է այս ամենը նշանակում:

Հնարավո՞ր է, որ Ադրբեջանի պես երկրում տեղի ունենան նման հանդիպումներ՝ առանց Ալիևի գիտության:

Դա բացառվում է:

Ուրեմն ինչու՞ է Ալիևը հապճեպ մեկնում Բեռլին և հենց այնտեղ «բացահայտում» տեղի ունեցածը:

Անկասկած, ռուս-գերմանական հանդիպումը տեղի է ունեցել հենց Ալիևի գիտությամբ, նա է դա կազմակերպել, բայց դա արվել է գաղտնի. ումի՞ց:

Արդյո՞ք դա միակ հանդիպումն է, և արդյո՞ք այդ մասին տեղյակ են ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Իսրայելը և նույնիսկ Թուրքիան:

Գերմանացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և ռուսների միջև սերտ կապերը նորություն չեն: Ամիսներ առաջ պարզվեց, որ նախկին կանցլեր Շրյոդերը գաղտնի այց է կատարել Մոսկվա, որի նպատակը եղել է Ուկրաինական պատերազմի հետ կապված հարցերի քննարկումը: Այդ այցին անդրադարձան միջազգային բոլոր լրատվամիջոցները:

Առհասարակ, Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Գերմանիան որդեգրել է որոշակի տարօրինակ դիրքորոշում, կարծես այդ պատերազմից շատ հեռու է, չի ունեցել և չունի որևէ դերակատարություն, ո՛չ Ուկրաինայի կողմից է, ո՛չ՝ Ռուսաստանի:

Բայց Ուկրաինական պատերազմը իրականություն դարձավ նաև Գերմանիայի «շնորհիվ»: Անգելա Մերկելը, տարիներ շարունակ Եվրամիության շահերը ստորադասելով, ամեն ինչ արեց Պուտինի ազդեցությունը մեծացնելու համար: «Հյուսիսային հոսք» գազատարի ծրագրի իրականացումը արդեն իսկ կանխորոշել էր, որ Ուկրաինան ենթարկվելու է հարձակման, որովհետև դեպի Եվրոպա Ուկրաինայի տարածքով գնացող գազատարը Պուտինի համար դառնալու էր երկրորդական:

Պատմությանը հայտնի են ռուս-գերմանկան բազմաթիվ կեղտոտ խաղեր, ինչի համար երկու կողմերն էլ ծանր գին են վճարել:

Թուրքիան ռուս-գերմանական խաղերում հաճախ մասնակից է, հաճախ՝ վկա, թուրքերը ճիշտ պահին խաղից թռնելու հմուտ վարպետներ են:

Եվ ուրեմն, ամենայն հավանականությամբ, ռուս-գերմանական «արկածները» Բաքվում տեղի են ունեցել առնվազն առանց ԱՄՆ-ի գիտության, և Ալիևը, չսպասելով այդ հանդիպման մասին միջազգային մամուլի հրապարակումներին, ինքն է առաջինը «բացահայտում» դրանց մասին տեղեկությունները՝ փորձելով անմեղ ձևանալ:

Հատկանշական է, որ այդ «բացահայտումներին» զուգահեռ Ալիևը «կոշտ հակառուսական» հայտարարություններ է անում, թե իբր Ռուսաստանը այլևս ի զորու չէ էներգակիրների մատակարարման հարցում իր ստանձնած պարտավորությունները կատարել:

Ով՝ ով, բայց մենք՝ մտածող հայերս, գոնե գիտենք, որ ամենամոլի հակառուսական խոսքերի տակ հիմնականում թաքնվում են Ռուսաստանի ամենասերտ դաշնակիցները: Մեր քաղաքական դաշտում կոշտ հակառուսական հայտարարություններ անող երիտասարդ պաշտոնյային (նախկին) հիշենք:

Ռուս-ադրբեջանական տարատեսակ «հակասությունները» զուտ շոու են, առանց Պուտինի աջակցության Ալիևը իշանության ղեկին մնալ չէր կարող. երբ Հեյդար Ալիևը ԿԳԲ-ի անդամ էր, Պուտինը դպրոցական էր:

Ալիևի գլխավոր անհանգստությունը նավթի ու գազի արտահանումն է, դա է նրա կլանի՝ իշխանությունը պահելու միակ լծակը: Իսկ այս հարցում առաջացել են բազմաթիվ խնդիրներ: Էներգակիրների հարցում ամերիկյան նոր ստրատեգիան պարզ է, ամերիկացիները ցանկանում են կառավարել ԵՄ, Ասիա, Չինաստան գնացող բոլոր նավթի ու գազի երթուղիները: Իրանի հետ ամերիկացիները փաստացի ջարդում ու վերաձևում են արաբական նավթի ու գազի արտահանման ձևն ու տրամաբանությունը:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատժամիջոցներով խստացնում են ռուսական նավթի սպեկուլյատիվ վաճառքի հնարավորությունները, իսկ Ալիևը վերջին տարիներին հենց այդ սպեկուլյացիայով է զբաղված: Բացի այդ, ԱՄՆ-Իրան հակամարտության հետևանքով Իսրայելի համար նավթ ու գազ ձեռք բերելու, այդ ոլորտում դերակատարություն ունենալու հնարավորությունները շեշտակի աճել են, այսինքն, Իսրայելը այլևս կախում չունի ադրբեջանական նավթից: Ամերիկացիների շնորհիվ շուտով վերագործարկվելու է Իրաքից դեպի Սիրիա հին նավթամուղը, դա Իսրայելի քթի տակ է: Արաբական նավթի նոր մատակարարման հին ու նոր ճանապարհներ են կյանքի կոչվելու, որտեղ կրկին Իսրայելը կարող է կարևոր դերակատարություն ունենալ: Նոր անվտանգային համակարգում հին ուղիները չեն աշխատում:

Կարևոր հարցերի հարցը այն է՝ արդյոք ԱՄՆ-ն ու Իրանը միասի՞ն են, թե՞ ոչ: Եթե պարզվի, որ ԱՄՆ-ն ու Իրանը միասին են և խաղարկում են շատ մեծ խաղ, տարածաշրջանի ապագան փոխվելու է անճանաչելիորեն: Դա մահացու վտանգ է Թուրքիայի, Ռուսաստանի ու նույն Ադրբեջանի համար և՝ ոչ միայն:

Վերադառնալով Գերմանիային՝ պետք է նշենք ևս մեկ հանգամանք: Գերմանացիները այս մեծ խաղում թաքուն խաղալով, որոշակի հույսեր փայփայելով հասկացան, որ ընդհանրապես խաղից դուրս վիճակում են, Ռուսաստանը կարող է չհաղթել, իսկ անցած 1-2 տարվա ընթացքում գերմանական ավտոպրոմը կանգնեց ոչնչացման վտանգի եզրին: Չինական ավտոմոբիլների հետ մրցակցություն անել չի ստացվում: Մինչ գերմանացիները հետսովետական բանդիտների համար վերակենդանացում էին «Մերսեդես Գելենտվագենի» պես հին ու անճոռնի մոդելները, չինացի, կորեացի ու ճապոնացի ավտոարտադրողը մտածում էր ապագայի մասին: Գերմանական բլեֆը չաշխատեց:

Գնալով ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում, նախկին դաշնակիցները դառնում են թշնամիներ, ինչի հետևանքով ստեղծվում է նոր իրավիճակ, որից ելնելով ուժերը դասավորվում են նորովի:

Իսկ թե ում էր փորձում խաբել բազառչի Ալիևը, և որտեղից կստացվի դրա պատասխանը, կիմանանք շատ շուտով:

Չէր կարելի Ալիևի պես բազառչուն այդպես անփառունակ կերպով պարտվել, ինչը արեց մեր գավառամիտ էլիտան: Հեյդար Ալիևից հետո Իլհամը հայերին բաժին հասած ճակատագրի նվեր էր, սակայն մեր գեղջուկները տարիներ շարունակ այդ նվերին ուժ ու կորով տվեցին՝ այն վերածելով մեր դեմ սպառնալիքի: Եվ այդքանից հետո, կարծես ոչինչ չի եղել, այսօր դեռ մնում են ջրի երեսին, ելույթներ են ունենում, ընտրություններ են խաղում:

Երբ հայը մեծ առևտուր էր անում, այսօրվա մեծ առևտրի մեջ գտնվող ազգերից շատերը առևտրի մասին գաղափար չունեին, բայց մենք եկանք հասանք 21-րդ դար, ու հարևան բազառչին մեզ այսպես խաբեց:

Ինչևէ, խաղը ավարտված չէ, մեզ այս դառը փորձը պետք էր:

Արա Արայան

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ