Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում
19.10.2026 | 11:15

Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր խաղաղության մոդելի խմբագրումներով: 2026 թ. հոկտեմբերի 15-ին Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը մինչև 2031 թվականն իր կարևորագույն նպատակն է։ Թերևս արժե անդրադառնալ Փաշինյանի մի քանի նախկին հայտարարությունների՝ ցույց տալու համար դրանց և նրա այսօրվա պնդումների հակադրությունը:
2026 թ. մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը հայտարարում էր, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի։ 2026 թ. օգոստոսի 8-ին նա արդեն պնդում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, իսկ հակամարտության էջը՝ փակված՝ միաժամանակ ընդունելով, որ համաձայնագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունը հանրությանը ներկայացնում էր «պատերազմ կամ խաղաղություն» երկընտրանքը՝ իր հաղթանակը կապելով խաղաղության անշրջելիության հետ։ Այժմ նույն իշխանությունը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը դիտարկում է մինչև 2031 թվականը լուծվելիք խնդիր։ Իրականում մեծ հակադրություն է առաջանում իշխանության նախընտրական և հետընտրական հռետորաբանության միջև, և ծագում է լեգիտիմ ու տրամաբանական հարցադրում. եթե խաղաղությունն արդեն անշրջելի է, ապա ինչո՞ւ պետք է դրա իրավական ամրագրումը ձգվի ևս հինգ տարի։
Ես գիտեմ, որ անմիջապես հնչելու է իշխանության հակափաստարկը՝ խաղաղությունն արդեն հաստատված է, իսկ համաձայնագրի ստորագրումն ընդամենը իրավական ընթացակարգ է։ Միանգամից պատասխանեմ՝ փաստացի խաղաղությունը և երաշխավորված խաղաղությունը նույնը չեն: Այո՛, ռազմական գործողությունների բացակավությունը դրական իրողություն է, սակայն դա ինքնին չի նշանակում, որ բացառվել է ուժի կիրառման վտանգը կամ ձևավորվել է փոխադարձ պարտավորություններով ամրագրված կայուն խաղաղություն։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Փաշինյանը ժամանակացույց է սահմանում մի գործընթացի համար, որի հանգուցալուծումը միայն իրենից կախված չէ: Ադրբեջանը շարունակում է պայմանագրի ստորագրումը կապել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։ Հետևաբար՝ Փաշինյանը չի կարող միակողմանիորեն երաշխավորել համաձայնագրի ստորագրման ժամկետը։ Նա անգամ չի կարող երաշխավորել, որ Բաքվի պահանջով կարող է Հայաստանի նոր Սահմանադրություն ընդունել. վերջին խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը նրան նոր Սահմանադրություն ընդունելու մանդատ չի տվել:
Բայց Փաշինյանի քաղաքական նպատակի իրականացման տեսանկյունից ավելի խնդրահարույց է Բաքվի դիրքորոշումը: Եթե Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը շարունակաբար պայմանավորում է Հայաստանի ներքին իրավական կամ քաղաքական փոփոխություններով, ապա Բաքուն պահպանում է նաև նոր նախապայմաններ առաջադրելու լծակը՝ նույնիսկ եթե ներկայիս սահմանադրական պահանջը բավարարվի։ Սա ավելի հստակ է դարձնում «շարունակական զիջումների» ռիսկը։
Խնդիրն ունի նաև փոխադարձության բաղադրիչ: Հայաստանը մտադիր է շատ արագ վավերացնել TRIPP-ի համաձայնագիրն ու ձեռնամուխ լինել այս ծրագրի իրականացմանը, թեև անհասկանալի է, թե ինչպես է այս նախագիծն իրականություն դառնալու ԱՄՆ-Իրան փաստացի պատերազմի և Թեհրանի ու նաև Մոսկվայի հնարավոր հակազդեցության պայմաններում: Այնուամենայնիվ, եթե տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և TRIPP-ի իրականացման գործընթացներն առաջ են շարժվում, մինչդեռ խաղաղության պայմանագրի ստորագրումը մնում է անորոշ, առաջանում է փոխադարձության հարց։ Ստացվում է՝ Հայաստանը ստանձնում է նոր պարտավորություններ, բայց չի ստանում համարժեք քաղաքական, տնտեսական և անվտանգային երաշխիքներ:
Փաշինյանի կողմից 2031 թվականի հիշատակումն ունի նաև ներքաղաքական համատեքստ և այս խնդիրը իշխանության նպատակներին ծառայեցնելու միտում: Ինչո՞ւ է Փաշինյանն ընտրել մի ժամկետ, որն ուղղակիորեն համընկնում է հաջորդ ընտրական շրջափուլի հետ, և արդյո՞ք խաղաղության թեման նա չի շահարկում՝ իշխանության պահպանման նպատակով: Խաղաղության օրակարգը շարունակում է օգտագործվել իշխանության քաղաքական լեգիտիմությունը հիմնավորելու համար, որովհետև քաղաքական և բարոյական առումով սպառված իշխանությունն այլ կռվան չունի:
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մինչև 2031 թվականը ձգվող խաղաղության հերթական խոստում, այլ իրական և երաշխավորված խաղաղություն, որի անշրջելիությունը պայմանավորված չի լինի ո՛չ Փաշինյանի իշխանության հարատևմամբ, ո՛չ էլ Ալիևի «բարի կամքով»։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ