ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

«Ի՞ՆՉ Է, ՀԱՅԵՐԸ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ»

«Ի՞ՆՉ Է, ՀԱՅԵՐԸ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ»
30.03.2012 | 00:00

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել բաց նամակով` ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասվում է, որ, արդեն մի քանի տարի է, Ծիծեռնակաբերդի անտառային հատվածը անապատացվում է, պարբերաբար ոչնչացվում է կանաչ տարածքը:
Ըստ ականատեսների` դեռևս 1999-ի ձմռանը ոստիկանական համազգեստով մարդիկ Ծիծեռնակաբերդի վազքուղուն հարող տարածքում սկսել են ծառերը կտրել: Տարածքը միտումնավոր չի ջրվել, հրկիզվել են չորացած ծառերը, ժամանակ առ ժամանակ սպանդի են ենթարկվել նաև կենդանի ծառերը: Անհասկանալի պատճառներով` տարածքի ջրամատակարարման խողովակները փոխարինվել են բարակ, անորակ խողովակներով, իսկ տարածքը հրկիզելու հերթական փորձի ժամանակ պարզվել է, որ խողովակներում ջուր չկա: Նամակում նշվում է, որ Երևան ժամանած արտասահմանցի հյուրերը ցանկացել են տեսնել Ծիծեռնակաբերդ համարվող հին բերդի ավերակները և, տեսնելով այրված տարածքը, զարմացել, թե ինչպես են իշխանությունները թույլ տալիս, որ իրենց երկրում վերացվեն կանաչ տարածքները և ավերվեն հուշարձաները: «Ի՞նչ է, հայերը կանաչ տարածքներ չե՞ն սիրում»,- տարակուսել են նրանք:
Նամակում հիշյալ տարածքի ծառերի «սպանդի» վերաբերյալ ներկայացվում է մանրակրկիտ ժամանակագրություն` հիմնված քսան ականատեսների` Ծիծեռնակաբերդի այգու մշտական հաճախորդների, մարզիկների և ականատեսների վկայությունների վրա:
Կարելի է եզրահանգել, որ պետության կողմից պահպանվող, պատմական հուշարձան համարվող տարածքն ինչ-որ մարդիկ ավերում են: Մնում է հուսալ, որ ահազանգը չի անտեսվի. կտրված խողովակները կվերամոնտաժվեն, քայլեր կձեռնարկվեն հատված անտառի վերականգնման ուղղությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ