Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ինչու՞ է Եկեղեցին աղոթում ննջեցյալների համար

Ինչու՞ է Եկեղեցին աղոթում ննջեցյալների համար
13.07.2026 | 20:02

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Մեռելոցը։ Եկեղեցին աղոթում է իր ննջեցյալ զավակների համար, քանի որ Քրիստոսի Եկեղեցին մեկ մարմին է՝ բաղկացած թե՛ երկրային, թե՛ երկնային անդամներից, և սիրո ու աղոթքի հաղորդակցությունը չի ընդհատվում մահվամբ։ Եկեղեցին վկայում է, որ մահը մարդու գոյության ավարտը չէ, այլ անցումն է այս ժամանակավոր կյանքից դեպի հավիտենության սպասումը։ Այդ պատճառով էլ մահացածներին անվանում ենք «ննջեցյալներ», որովհետև նրանք ննջել են հարության հույսով և սպասում են համընդհանուր հարությանը։

Հաճախ հարց է տրվում. ինչո՞ւ ենք աղոթում ննջեցյալների համար։

Սուրբ Գրքում կարդում ենք. «Նա անձ առ անձ չորս սատեր արծաթ հավաքեց և տվեց, որ տանեն, Երուսաղեմում զոհեր մատուցեն մեղքերի համար։ Դա խիստ իմաստուն քայլ էր, որովհետև ինչ անում էր, մեռելների հարության մասին խորհելով էր անում։ Որովհետև եթե պատերազմում ընկածների հարության ակնկալություն չունենար, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը։ Նա ճիշտ էր հասկացել, որ բարեպաշտությամբ ննջածները գեղեցիկ շնորհների են արժանանում։ Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան» (Բ Մակաբ․ 12։43-45)։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հետևելով Սուրբ Գրքին, առաքելական և հայրաբանական ավանդությանը, աղոթում է իր ննջեցյալ զավակների համար՝ նրանց հանձնելով Աստծու ողորմությանը։ Մեռելոցը ոչ թե հուսահատության, այլ հարության հույսի օր է։ Մենք հավատում ենք, որ մահը վերջը չէ, որովհետև Քրիստոս Իր Հարությամբ հաղթեց մահին և մեզ պարգևեց հարության հույսը։

Մասնակցե՛նք Սուրբ Պատարագին, աղոթենք, որ բազումողորմ Տերը ողորմություն և հանգիստ պարգևի մեր ննջեցյալներին, և նրանք խաղաղությամբ սպասեն Տիրոջ Փառավոր Երկրորդ Գալստյան օրվան։ Այդ օրը բոլորը հարություն կառնեն ըստ Նրա խոստման և կկանգնեն Ահեղ Դատավորի առջև՝ իրենց գործերի համար պատասխան տալու։

Հիշեցում. Ննջեցյալների համար ամենամեծ ընծան ոչ թե ծաղիկներն են կամ արտաքին հիշատակի նշանները, այլ Սուրբ Պատարագին մասնակցելը, նրանց անուններով աղոթելը, ողորմության գործեր կատարելը և քրիստոնեական կյանքով ապրելը՝ ի հիշատակ նրանց։

«Յիշատակ արդարոցն օրհնութեամբ եղիցի» (Առակ, 10։7)։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 166

Մեկնաբանություններ