ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աշխարհն անհամբերությամբ սպասում է Թրամփի ու Պուտինի հանդիպմանը Ալյասկայում

Աշխարհն անհամբերությամբ սպասում է Թրամփի ու Պուտինի հանդիպմանը Ալյասկայում
10.08.2025 | 14:12

Անկախ նրանից՝ մենք ռուսատյաց ենք, թե մի քիչ ավելի լայն հայացքի տեր, ստիպված ենք ընդունել, որ ռուսները դարձյալ և այս էլ որերորդ անգամ, իրենց գիտակցված կամ սպոնտան գործունեությամբ, կամ էլ այդ երկուսի խառնուրդով, կարողանում են որակապես ազդել մարդկային հասարակության կյանքի գլոբալ ընթացքի վրա, ինչպես դա եղավ բոլշևիկյան հեղափոխության և երկրորդ աշխարհամարտի ժամանակ։

Իսկ ԽՍՀՄ-ի դղրդալով քանդվելը, որը, ըստ էության, նույն Ռուսաստանի աշխարհաքաղաքական կոլապսն էր, աշխարհը հանեց իր հարաբերական հավասարակշռության վիճակից և մղեց նրան դեպի փոթորկուն ու քաոսային անհավասարակշռություն։

ԽՍՀՄ-ին շարքից հանելը, որի նպատակը աշխարհաքաղաքական միցակցին հաղթելն էր և նրա անբավ ռեսուրսներին տիրանալը, տրամաբանորեն բերեց ուկրաինական պրոքսի պատերազմին Ռուսաստանի և Արևմուտքի միջև։

Եվ տեղի ունեցավ զարմանալին՝ Ռուսաստանը, իր հարաբերականորեն փոքրաթիվ բնակչությամբ և փոքր էկոնոմիկայով, կարողացավ ոչ միայն դիմանալ Արևմուտքի ռազմական ու տնտեսական ահռելի ճնշմանը, այլև ճակատագրական իրավիճակից դուրս գալ որպես հաղթող, մի հանգամանք, որը կտրուկ կերպով արագացրեց աշխարհի անկայուն միաբևեռությունից դեպի ուժային բազմաբևեռություն տրանսֆորմացիան։

Իսկ իրավիճակն աշխարհում շատ է փոխվել վերջին 10-15 տարիների ընթացքում, և նախկին ուժեղների ու ինքնավստահների մի մասը պարզել է, որ ինքը եղել է խորին թյուրիմացության մեջ, քանի որ ընթացիկ իրադարձությունները ցույց տվեցին, որ իրենք դուրս են լուրջ աշխարհաքաղաքական խաղից։

Իսկ մյուսներն էլ տեսան, որ աշխարհում տեղի ունեցող ուժային տեկտոնական բնույթի տեղաշարժերը շանս են տվել իրենց աշխարհը տանելու դեպի մի նոր ժամանակավոր հավասարակշռություն, որի համար պարտվողները պետք է հաշտվեն տեղի ունեցածի հետ, իսկ հաղթողներին էլ դարձյալ ժամանակ է պետք՝ ստեղծված իրավիճակից առավելագույնը վերցնելու համար։

Հիմա աշխարհը անհամբերությամբ սպասում է Թրամփի ու Պուտինի հանդիպմանը Ալյասկայում, հուսալով, որ դրան կհետևի նրանց հանդիպումը Ռուսաստանում, որին էլ տրամաբանորեն պետք է հետևեն հզոր եռյակի լիդերների համատեղ ջանքերը՝ գլոբալ կոմպրոմիսային աշխարհաքաղաքական լուծումների փնտրտուքի ուղղությամբ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8303

Մեկնաբանություններ