Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Մա՛մ, ամբողջ աշխարհն էլ ասի՝ Գևորգը չկա, իմացի՛ր, ես կամ ու քո սրտում եմ…»

«Մա՛մ, ամբողջ աշխարհն էլ ասի՝ Գևորգը չկա, իմացի՛ր, ես կամ ու քո սրտում եմ…»
09.07.2026 | 11:23

(իր զինվորին մարմնով պաշտպանած լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանի հավերժի Քոչարին)

«Հիմա գիշերվա 3:33-ն է... Էս նամակը գրում եմ, որովհետև հասկանում եմ՝ վիճակը լուրջ է... Սա իմ ընտրությունն է, ոչ մեկը չէր կարող ինձ արգելել, որ բանակ գամ, սպա դառնամ ու պոստ պահեմ: Ռոստովում օրերն էի հաշվում, թե երբ եմ հասնելու պոստ... չգիտեմ ինչի, իմ տունը պոստում էի տեսնում...»։

Սա պատերազմից դեռ ամիսներ առաջ իր հեռախոսում լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանի գրած կանխազգացում-նամակն է։ Տղա, ով ունենալով ՌԴ քաղաքացիություն ու Ղրիմում հանգիստ ծառայելու հնարավորություն, պատռեց բոլոր փաստաթղթերն ու զանգեց Հայաստան. «Բացառվում է օտարի համար ծառայելը, ես իմ հայրենիքին եմ ծառայելու»։

Գևորգը երեք քույրերի երկար սպասված, պաշտելի եղբայրն էր՝ տան միակ արու զավակը։ Աշխույժ, հախուռն, քայլող ուրախություն, ով մանկուց խաղալիք զենքերը գոտկատեղից բաց չէր թողնում՝ ուզենալով նմանվել ոստիկանության փոխգնդապետ հորը։

Երբ պատերազմը սկսվեց, նա արձակուրդում էր, բայց տանը պահել չեղավ. «Գնամ, էրեխեքիս տեր դառնամ, զինվորներս զանգել են, ասել՝ Կոմանդո՛ր, հասի՛ր, առանց քեզ լավ չի»։ Ու նա հասավ Մատաղիս։ Մտավ ծխացող զորամաս՝ կարևոր փաստաթղթերն ու քարտեզները փրկելու, դարձավ միանգամից 8 դիրքի հրամանատար, իր սեփական զրահաբաճկոնն ու կասկան հագցրեց 18 տարեկան զինվորներին, իսկ կռվի ամենաթեժ պահին՝ արկերի տարափի տակ, տղերքին զենքերով «Քոչարի» պարեցրեց՝ նրանց հոգու վախը սպանելու համար։

Նրա վերջին կռիվն էլ սպայի ու հրամանատարի կատարյալ դաս էր։ Տեսնելով, որ ԱԹՍ-ն տեղորոշել է իրենց, նա անվնաս վայր հանեց իր ամբողջ անձնակազմին։ Բայց խրամատից վերջին վիրավոր զինվորին դուրս բերելիս արկի պայթյուն որոտաց... Գևորգը սեփական մարմնով փակեց զինվորին՝ իր կյանքի գնով փրկելով նրան։ Նա արեց այն, ինչ դեռ ուսանող ժամանակ խոստացել էր մորաքրոջը. «Եթե կյանքս ընկերներիս տալու առիթ ստեղծվի, ես հաստատ դա կանեմ…»։

Չեղավ հունիսի 5-ին պլանավորված նշանադրությունը, չծնվեցին նրա երազած 5 զավակները, բայց այսօր նրա ընկերների օջախներում Գևորգներ են մեծանում։ Նա չհասցրեց կրել հոր փոխգնդապետի ուսադիրները, բայց արժանացավ հավերժության մեդալի։

Օտարությունից հայրենիքի կանչով եկած ու իր զինվորին սեփական մարմնով փրկած Լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանի անունն ու սխրանքը պետք է հավերժ ապրեն։ Լույսերի մեջ մնաս, մեր անմահ Կոմանդոր։

Է ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ