Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ի՞նչ է «հոգևոր շնությունը»

Ի՞նչ է «հոգևոր շնությունը»
14.07.2026 | 11:52

Սուրբ Գրքում «պոռնկություն» և «շնություն» բառերը հաճախ գործածվում են ոչ միայն մարմնական մեղքի, այլև Աստծու հանդեպ ուխտի անհավատարմության իմաստով։

Հոգևոր պոռնկությունն այն է, երբ Աստծուն պատկանող ժողովուրդը չի հրաժարվում Աստծու անունից, բայց Նրա պաշտամունքը, տոնը կամ սրբությունը խառնում է աշխարհի ոգու, կռապաշտական խորհրդանիշների և անզուսպ կրքերի հետ։

Երբ Աստված Իրեն պատկանող ժողովրդին տեսնում է օտար չաստվածների, աշխարհիկ հոռի կրքերի ու հեթանոսական սովորությունների մեջ խարխափելիս, մարգարեները դա անվանում են հոգևոր շնություն։

Եկե՛ք քննենք, թե ինչ է դա նշանակում գործնականում.

Ձևական քրիստոնեություն. Սա այն վիճակն է, երբ մարդը կամ ժողովուրդը, ձևականորեն կրելով Աստծո անունը, Աստծու սրբությունը խառնում է կռապաշտական, աշխարհիկ կամ հակաստվածային տարրերի հետ։ Սրբությունը չի մերժվում բացահայտ, այլ օգտագործվում է որպես արտաքին անուն՝ օտար կամ մեղսական բովանդակությունը ծածկելու համար։

Աստծո տեղը աշխարհին տալը. Հոգևոր շնություն է, երբ մարդը, լինելով անգամ մկրտված, տոնական Պատարագին չի մասնակցում, այլ Աստծուց հեռանալով՝ իր սիրտը, պաշտամունքը կամ կյանքը նվիրում է աշխարհի հաճույքներին, կրքերին, տարերքներին և հանգցնում իր մեջ սրբության զգացումը։ Հակոբոս առաքյալը գրում է. «Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում» (Յակ. 4։4)։ Այստեղ «շնացողներ» բառը միայն մարմնական իմաստով չէ։

Տոների հոգևոր դատարկում. Սա այն է, երբ եկեղեցական տոնը վերածվում է անկառավարելի խրախճանքի և խառնվում օտար դիցաբանական կերպարների և խորհրդանիշների հետ։ Երբ քրիստոնեական տոնի մեջ Տիրոջ խորհուրդը մղվում է հետին պլան, օտար չաստվածների կերպարները դառնում են տոնի տեսանելի խորհրդանիշ, իսկ ամբողջ միջոցառումը վերածվում է հախուռն խրախճանքի, ապա տեղի է ունենում իրական սրբության և օտար հոգևոր խորհրդանիշների խառնակում։

Երեմիա մարգարեի միջոցով Տերը դատապարտում է այն ժողովրդին, որը մի կողմից մտնում էր Տիրոջ տաճար, մյուս կողմից՝ խնկարկում Բահաղին (կուռքին) և հետևում օտար աստվածներին. «Գողանաք, սպանեք, շնություն անեք, սուտ երդում տաք, խնկարկեք Բահաղին, հետևեք օտար սուտ աստվածներին, որոնց չեք ճանաչում, ապա ձեզ բաժին կհասնի չարիքը։ Ու դուք կգաք, կկանգնեք իմ առաջ, այս Տան մեջ, որի վրա իմ անունն է դրված, և կասեք. “Հրաժարվեցինք բոլոր այն գարշելի գործերը կատարելուց» (Եր. 7։9-10)։

Սա հոգևոր պոռնկության հստակ օրինակ է. Աստծու անունը պահել, Աստծու տոնը նշել, բայց դրա մեջ ներմուծել օտար պաշտամունքային կերպարներ, խորհրդանիշներ կամ հոգևոր բովանդակություն։

Ամեն ուրախություն կամ տոնախմբություն բնականաբար մեղք չէ։ Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ աշխարհի ճաշակը դառնում է չափանիշ, իսկ սրբությունը հարմարեցվում է ամբոխի զվարճանքին։ Այսպիսով, հոգևոր շնության առաջին ախտանշանն է՝ երբ մարդը խոստովանում է իր պատկանելությունը Աստծուն, բայց ծառայում է աշխարհի ոգուն։

Որևէ ազգ չի կործանվում նախ տնտեսապես կամ ռազմականորեն։

Սուրբ Գրքի վկայությամբ՝ ազգի անկումը սկսվում է հոգևոր անկումից, երբ նա նախ հեռանում է Աստծուց, չի պաշտպանում կամ պղծում է իր սրբությունները, ընկնում հոգևոր շնության մեջ։

Հետևանքը լինում է Աստծու պաշտպանության կորուստ, պատերազմներ և պարտություններ, սով և համաճարակներ, օտարների գերություն, հայրենիքի կորուստ, Տաճարի ավերում, ժողովրդի ցրում։

Ուստի, փնտրե՛նք Տիրոջը, որպեսզի ապրե՛նք (Ամոս 5։4)։ Քանի դեռ կա ապաշխարություն, միշտ բաց է նաև Աստծու ողորմության ու ներման դուռը։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ