Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։ «Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի»,- հավելել է աղբյուրը։               
 

«Կացություննիս»

«Կացություննիս»
09.02.2025 | 18:19

«Այն ազգերը միայն իրավունք ունին ապրելու, որոնք ընդիմամարտութեան, տոկունութեան և զարգացման սքանչելի յատկութիւները հզորապէս ի հանդես կը բերեն»:

ԵՐՈՒԽԱՆ

Արևմտահայ նշանավոր գրող, հրապարակախոս, թարգմանիչ Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան) աբդուլհամիդյան բռնապետության տարիներին ստիպված էր թողնել հայրենի երկիրը և 1896 թ. աշնանը տեղափոխվել Բուլղարիա` հաստատվելով Վառնա քաղաքում: Այստեղ նա դառնում է 1900 – 1901 թթ. հրատարակված «ՇԱՎԻՂ» ազգային, գրական, գիտական կիսամյա հանդեսի խմբագիրը և հանդես գալիս բազմաթիվ հոդվածներով («Հայությունը արտասահմանի մեջ», «Արտասահմանի հայ եկեղեցին», «Արտասահմանի Հայութեան բարոյականը», «Ճակատագրական», «Սասուն», «Զեյթուն», «Օսմանյան սահմանադրությունը», «61-րդ հոդվածը» և այլն), գրական գործով («Գաղթականներ» անավարտ վեպը)` ներկայացնելով կոտորածներից հետո հայերի, հայ գաղթականների ծանր դրության, բարոյականության, ազգային դիմագծի պահպանման, հասարակական և քաղաքական տարբնույթ հարցեր:

Այսպես, «ԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԻՍ» («Շավիղ», Վառնա, 1900, նոյեմբեր 1, թիւ 16) ուշարժան հոդվածում հրապարակախոս Երուխանն այն համոզման է, որ բոլոր այն «վարդապետությունները», որոնք ձգտում են հավատացնելու, թե երեք հարյուր հազար հոգիների կորստից առաջ և հետո ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ այն եղանակով, որով սկսվեց և գործադրվեց, անհարկի էր և ՎՆԱՍԱԿԱՐ, արդյունք են` «ազգային վերջին քառասնամեայ կացութեան տգէտ ու ցաւագար ըմբռնումի մը, կամ կանխակալ ու անձուկ մտքերու տեսողութեան: ԿԱՏՈՐԱԾՆԵՐԸ (1894-1896 թթ. - Ն. Ս.) ծրագրուած, վճռուած բաներ էին, ու անոնց գործադրութիւնը կախում ունէր միմիայն ԱՏՐՃԱՆԱԿԻ ՄԸ ՊԱՅԹՈՒՄԷՆ, կամ ոևէ նման պատրուակէ մը վերջապէս, որ ծառայէր իբրև նշան ջարդերու սկզբնաւորութեան: Այս ծրագիրը Սուլթանին սեղանին վրայ երկար ատենէ ի վեր կը կենար, երբ տակավին հայ հեղափոխականը իր ռումբին նիւթերը պատրաստելու իսկ հետամուտ չէր» (էջ 244): Իբրև ապացույց` Երուխանը հոդվածում հիշատակում է Աբդուլ Համիդի «ճանկից» խույս տված հույն Աքալիերիի (սուլթան Մուրադի մտերիմ բարեկամ) գիրքը (տպված Աթենքում 1881 թ.), որում գրված է, թե` «ՓՈՔՐ ԱՍԻՈՅ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՆ ՄԷՋ ՋԱՐԴԵՐ ՊԻՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԻՆ»: Իսկ այդ թվականին Հայկական խնդիրը դեռ 61-րդ հոդվածի մեջ «խաղաղորեն ապրում էր»: Հրապարակախոս Երուխանը համոզված է, որ ջարդերը կապ չունեին հեղափոխական շարժման հետ, դրանք վաղուց նախապատրաստված էին: Ըստ նրա` երեք տարի է` ինչ հեղափոխական շարժում չկա, բայց հարստահարությունները, կոտորածները լռելյայն շարունակվում են: Վանն ու Մուշը անգթորեն հարվածվում են: Այս ամենը կա` առանց հեղափոխության արդարացուցիչ պատրվակների. «Ուրեմն յեղափոխական կազմակերպութիւնը գոյութիւն ունենայ կամ ոչ, հայերուս նկատմամբ թուրք կառավարութեան գծած մեթոտը նոյնն է և ԱՆՓՈՓՈԽԵԼԻ» (էջ 245): Երուխանն այստեղ փորձում է օբյեկտիվորեն ներկայացնել իրական վտանգի ակունքները: Ինքնապահպանության բնազդը ստիպում է, որ զենքերը վայր չդնենք, իսկ եթե հուսահատվենք, «գազանները» կհոշոտեն մեզ, և «կրկեսի հանդիսականները», որոնք գուցե օգնության հասնեին, պղատոնական արգահատանք են միայն արտահայտելու: Նա հոդվածն ավարտում է այն հորդորով, որ հայ ժողովուրդը իր նպատակին պիտի շտապի հասնել և պետք է ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ամուր կապով իր «կարգերը սեղմի», եթե չի ուզում իր ձեռքով իր փոսը փորել:

Նառա ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2645

Մեկնաբանություններ