Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19-ը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել: «Տպավորություն էր, թե պատերազմ է»,- նշել է գյուղացիներից մեկը: Վերջին շրջանում Ադրբեջանի զինուժը պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ:               
 

Անփող Գյումրի

Անփող Գյումրի
24.03.2025 | 20:55

Վերջին օրերին մակերեսային հետեւում եմ Գյումրի քաղաքի ընտրական ելույթներին և գոնե ինձ համար պարզել եմ, որ քաղաքացիներին հստակ խաբում են։ Մասնավորապես քպ կողմից ժպ նշանակված թեկնածուն հանդիպումների ժամանակ պնդում է , որ Գյումրին դարձնելու է գերժամանակակից քաղաք, վերացնելու է տնակային ավանները, բնակարաններ է հանձնելու այն կորցրած քաղաքացիներին։

Էդ դուք կատակու՞մ եք:

Ընդամենը ցանկանում եմ հիշեցնել, որ Գյումրին ծաղկեցնելու համար կա միայն երեք ֆինանսական աղբյուր, որոնցից և ոչ մեկը առկա չէ, հասանելի չէ։

1. Թեկնածուի անհատական ֆինանսական միջոցները, որոնք քաղաքաշինական տեկտոնական փոփոխությունների հնարավորություն կտան։

2. Դրսից կատարվող ներդրումները, որոնց տեղաբաշխման համար քաղաքում չկան և ոչ մի ինովացիոն հետաքրքիր ձեռնարկություններ, ուստի ոչ մի ներդրող մի քոռ կոպեկ չի բերելու քաղաք և քաղաքի տնտեսություն։

3. ՀՀ պետական բյուջեի հնարավոր աջակցություններ դոտացիոն սկզբունքով, քանի որ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն արդեն իսկ 600 մլրդ դրամի դեֆիցիտ ունի, և պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված չեն նման ֆինանսական հոսքեր դեպի Գյումրի։ Եթե քպ -կան պաշտոնյաները գալիս են շոուների և բուկլետախեղդ են անում քաղաքացիներին, դա չի նշանակում որ նրանք փող են տալու քաղաքին։

Հարգելի գյումրեցիներ, հիշեք, որ մոտակա վեց տարիներին ՀՀ-ն խնդիր ունի ահռելի պետական պարտք և տոկոսներ սպասարկելու և ոչ մի քաղաքաշինական մեգանախագիծ չի արվելու և այն թեկնածուն ով կփորձի ձեզ համոզել, խոստանալ դա, նա խաբեբա է։

Բուկլետախեղդ անելը, ձեռքով ընտրողի զարկերակ ստուգելը, մեր ու ձեր կոչվելը, դեռ չի նշանակում տնտեսություն, ավելացված արժեք, քաղաքային արտադրական մշակույթ, պրոֆիցիտով քաղաքային բյուջե։

Նախընտրական հանդիպումների ընթացքում բոլոր թեկնածուներից պահանջեք, թող բացատրեն, թե ինչպիսի ֆինանսական դոնորներ են գտել, ինչպիսի ձեռնարկության մեջ են փող ներդնելու, ինչպիսի ճյուղային ենթակառուցվածքներ են գործարկվելու, թողարկվելու՞ են արդյոք քաղաքային պարտատոմսեր և էլի բազմաթիվ լակմուսային հարցեր։ Հարցերի պատասխանները լսելուց հետո միայն հանգիստ խղճով գնացեք ընտրատեղամասեր։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ