Դոնալդ Թրամփն ավարտել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ երկօրյա հանդիպումները և վերադարձել ԱՄՆ։ Առևտրային հարաբերությունների կամ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին հայտարարություններ չեն արվել։ Արտաքին փայլն ու բարեկամական մթնոլորտը քողարկել են էական տարբերություններն այն հարցում, թե կողմերից յուրաքանչյուրն ինչի էր ցանկանում հասնել հանդիպումից և ինչպես է ընդհանուր առմամբ գնահատում երկկողմ հարաբերությունները՝ գրել է The Wall Street Journal-ը:               
 

Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը

Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը
26.03.2026 | 12:21

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օրերս արած հայտարարությունը, թե «եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ», պետականության և իշխանության նույնականացման վտանգավոր փորձ է։

Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը սպառնացող վարքագիծ։ Սա քաղաքական մերկապարանոց պիտակավորում է, որը չի համապատասխանում պետական պատասխանատվության նվազագույն չափանիշներին։

Քաղաքական հարթությունում գործ ունենք վաղուց կիրառվող տեխնոլոգիայի հետ՝ իշխանությունը ներկայացվում է որպես խաղաղության երաշխավոր, իսկ ընդդիմությունը՝ որպես պատերազմի աղբյուր։ Այս պարզեցված սխեման ընտրողի վարքագծի վրա ազդելու փորձ է՝ վախի գործոնի միջոցով։ Հասարակությանը փաստացի ներկայացվում է կեղծ երկընտրանք՝ ոչ թե ծրագրերի և լուծումների, այլ վախի և «կայունության խոստման» միջև։

Ամենախնդրահարույցը, սակայն, Միրզոյանի պետական կարգավիճակն է։ Արտաքին գործերի նախարարը, որի առաքելությունը պետության շահերի ներկայացումն է արտաքին հարաբերություններում, ներքաղաքական պայքարում հանդես է գալիս կոշտ, կողմնակալ ձևակերպումներով։ Արդյունքում դիվանագիտական ինստիտուտը քաղաքականացվում է և աստիճանաբար կորցնում իր համազգային բնույթը։

Ի վերջո, այս հայտարարությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Երբ իշխանությունը իրեն ներկայացնում է որպես պետության գոյության միակ երաշխավոր, ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն՝ իշխանության փոփոխությունը նույնացվում է պետականության կորստի հետ։ Սա հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին ու ավտորիտար մտածողության դրսևորում է:

Մեծ հաշվով, խնդիրը Փաշինյանի և նրա թիմի քաղաքական մտածողությունն է, որը սահմանափակում է մրցակցությունը, մանիպուլացնում է հանրային վախերը և պետական ինստիտուտները ենթարկում է կուսակցական շահերին։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 19565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ