Ինչու՞ այդպես էլ Հայաստանում լիարժեքորեն չի կայանում ընդդիմության ինստիտուտը, և որտեղ պետք է փնտրել ընդդիմության բարոյա֊քաղաքական ճգնաժամի հիմքերն ու իշխանության գոյատևման ֆենոմենը։
Չի կայանում ընդդիմության ինստիտուտը, որովհետև երկրում այդպես էլ չի կայանում քաղաքական համակարգը և առաջին հերթին նրա կարևոր բաղադրիչ հանդիսացող կուսակցությունները, որովհետև անկախության տարիների բոլոր ժամանակներում քաղաքական դաշտը բռնազավթված է եղել իշխանությունների կողմից,
որովհետև ընտրական օրենսդրությունը չի ապահովել ազատ ու արդար մրցակցություն և ծառայել է միմիայն իշխանության վերարտադրությանն ու կուսակցականացված մենիշխանության պահպանմանը, իսկ քաղաքականությամբ էլ զբաղվել են ոչ քաղաքական մարդիկ։ Քաղաքական գործիչներն էլ առաջնորդվել են անձնական ու կուսակցական շահերվ և այդպես էլ չեն դարձել պետական գործիչներ։ Որովհետև Հայաստանում օրօրոցում խեղդել ու գլխատել են հավանական ապագա անհատականություններին և թույլ չեն տվել, որպեսզի կայանա առաջնորդի ու առաջնորդության ինստիտուտը, որովհետև բազմակուսակցությունն էլ ոչ թե ծրագրերի, հայացքների, գաղափարների ու կարծիքների բազմազանություն ու այլընտրանք է ապահովել, այլ հանուն ամբիցիաների` պատգամավորական մանդատների ու նախարարական պորտֆելների, շահերի, ազդեցության ու իշխանական լծակներին ու նյութական բարիքներին տիրապետելու և տնօրինելու պայքար է եղել, հասարակության, ազգային էլիտայի և իշխանությունների պառակտման ու քայքայաման աղբյուր է հանդիսաացել, մասնատել է ազգի քաղաքական ակտիվ հատտվածին, նրա էլիտային, ստեղծել է կուսակցությունների ու նրանց ընտրազանցվածների միջև բանսարկության, բամբասանքի, ատելության, անհանդուրժողականության, անառողջ մրցակցության, փոխադարձ մեղադարանքների ու թշնամանքի մթնոլորտ։ Ընտրություններն էլ Հայաստանում վաղուց արդեն դադարել են քաղաքական գործընթաց լինելուց և լուծել ու լուծում են բացառապես մեկ խնդիր` իշխանության վերարտադրության, բայց ոչ ամենևին` իշխանաության օրինական փոխանցման խնդիր։
Քաղաքական ուժերն էլ որպես կանոն եկել են իշխանության` երբևէ այլևս չհեռանալու պայմանով և տզրուկի նման կպած մնացել են ժողովրդի մարմնից։ Իսկ ընդդիմության ճգնաժամը սկսած 44֊օրյա պատերազմում Հայաստանի դավադիր պարտությունից հետո ավելի ու ավելի է խորացել և գնալով ընդդիմությունը թուլացել է կորցնելով հանրային վստահությունն ու ազդեցությունը։ Չնայած իշխանություններն էլ ավելի ու ավելի են բացահայում իրենց ապազգային ու ապաշնորհ բնույթն ու էությունը և դառնում են ավելի խոցելի, արժանանալով ժողովրդի մեծամասնության անվստահությանն ու արհամարհանքին, դրանով հանդերձ սակայն իրենց զգում են ավելի ինքնավստահ ու ավելի անսանձ, բանտերում պատանդ պահելուվ բազմաթիվ ընդդիմադիր ակտիվիստների, գնալով ադրբեջանաթուրքական պահանջներին նորանոր զիջումների պատրաստակամության։ Եվ այսքանից հետո իշխանությունները դառնում են ավելի կուռ ու ունիտար կառույց, որտեղ իշխանական ողջ համակարգը «հավատարմորեն ու անվերապսհորեն» ծառայում է առաջնորդին, այլ ոչ ի շահ իր երկրի ու ժողովրդի։ Ընդդիմությունն էլ ամենաուժեղը 2020թ. նոյեմբերի 9֊ին է եղել և լինելով բացահայտ շահեկան վիճակում, այդպես էլ չի կարողացել համախմբվել ազգային ու պետական շահի ու արժեքների շուրջ, չի կարողացել գեներացնել հանրային համերաշխություն ու քաղաքական ընդդիմադիր ուժերի միասնություն և պարտվել է ինչպես տեղեկատվական, այնպես էլ քաղաքական դաշտում։
Ընդդիմությունը, ըստ էության, բոլոր ժամանակներում եղել է գրպանային, նշանանակովի իշխանությունների կսղմից, ընդդիմադիր ուժերը ոչ թե ձևավորվել են քաղաքական պայքարի արդյունքում, այլ եղել են նշանակովի իշխանության կողմից, գործել են իշխանությունների դոբրոյով և ընդամենն ընդդիմության իմիտացիա են ցուցադրել։
Իշխանություններն էլ ձևավորվել են ոշ թե ընտրությունների արդյունքում, այլ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերով ու ցանկությամբ պայմանավորված։
Այս տխուր վիճակն էլ, որում հայտնվել ենք հետևանք է նաև ժողովրդին իշխելու ու կառավարելի դարձնելու համար նրան հետևողական բարոյազրկման, դեգրադացման, քաղաքական անհասունության ու քաղաքացիական ցածր պատասխանատվության։ Արդյունք է այն բանի, որ ընդիմադիր ուժերը, ըստ էության, տարիներ շարունակ կտրված են եղել ժողովրդից և նրա հոգսերից։
Հայաստանի իշխանությունները մի շատ մեծ առավելություն են ունեցել` իշխանությանը հավերժ մնալու համար, դա խոցելի` կառավարելի, անկազմակերպ ու հարմար ընդդիմությունն է։ Տպավորություն է ստեղծվում, թե անցած տարիներին ընդդիմության ձեռքն էլ մշտապես ժողովրդի զարկերակի վրա է, կարողացել է ճիշտ ժամանակին զգալ ժողովրդի մեջ կուտակված ցասումն ու դժգոհությունը իշխանությունների նկատմամբ և վապետորեն պարպել, այն փողոցներում աննպատակ քայլերթեր ու առանց գործողությունների միտինգներ կազմակերպելով, Ա/Ժ ֊ում փոխհամաձայնեցված շոուներ ու թատերական ներկայացումներ ցուցադրելով ու ոչինչ չտվող հերթապահ խորհրդարանական լսումներ կազմակերպելով և կառավարությանը «բարդ» ու «նյարդայնացնող» հարցադրումներ անելով։
Հայաստանյան ընդդիմությանը կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի`
առաջին խումբը դրանք ազնիվ, անկեղծ, հայրենասեր մարդիկ են, որոնք, սակայն, չունեն ռեսուրսներ ու լծակներ։ Երկրորդ խմբում նրանք են, ովքեր որպես կանոն նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են, խոցելի են և ստիպված են իրենց ունեցվածքը պաշտպանելու համար համագործակցել իշխանությունների հետ և նրանց գոյությունը երկարացնելու համար զբաղեցնել քաղաքական դաշտը։
Երրորդ խմբում նրանք են, ովքեր համագործակցում են իշխանությունների հետ` ստեղծելով ընդդիմութան պատրանք, փող աշխատելու նպատակով։
Ընդդիմության թուլությունն ու ձախողումն էլ բոլոր ժամանակներում պայմանավորված է նրանով, որ այնտեղ առավելապես չի եղել պայքարող, ակտիվ, նվիրյալ ու ինտելեկտուալ տեսակը, այլ հիմնականում հանգրվանել են միջակ պատեհապաշտներ։
Բացի այդ ընդդիմության պառակտման ու ձախումների պատճառ են հանդիսացել նաև ամբիցաներն ու մաքսիմալիզմը` այսինքն որևէ քաղաքական ուժի հետ իշխանությունը կիսելու ցանկության բացակայությունը։ Իսկ եթե երկրի համար մտահոգ էլիտա ու ընդդիմություն ունենայինք, չէինք կորցնի Արցախը և չէինք ունենա այսքան ողբերգություններ։
Իշխանություններն էլ շատ ավելի «անկեղծ ու ազնիվ» են ժողովրդի հետ, քան ընդդիմությունը, նրանք երբեք չեն թաքցնում իրենց թրքահաճո լինելը, առաքելությունն ու նպատակը։ 2020թ. նոեմբերի 9-ից հետո էլ ընդդիմադիր ուժերի կողմից իշխանափոխության նպատակով ծավալված քաղաքաքական գործընթացների վերջնարդյունքում փաստացի ունեցանք հուսահատ, անտարբեր, մոլորված, հիասթափված, հավատն ու պայքարելու կամքը կորցրած քաղաքացիների մի մեծ բազմություն և ժողովրդի անվստահությանն արժանացած քաղաքական դաշտ։ 2020 թ. նոյեմբերի 9-ից այս կողմ ժողովրդին անձրևին, ցրտին, գիշեր-ցերեկ փողոցում աննպատակ պահելն էլ տպավորություն է առաջացնում, թե շարժման առաջնորդները իշխանափոխության նպատակ չեն հետապնդել և կարծես այս տարիների պայքարը կամա, թե ակամա փաստորեն ընդդիմադիր քաղաքական դաշտը զբաղեցնելու և իրավիճակն իրենց հսկողության տակ պահելու նպատակ է հետապնդել, դրանով իսկ ինքնըստինքյան նպաստելով այս իշխանությունների կործանարար գոյության շարունակմանը։
Անցած տարիներին ընտրություններին էլ ժողովրդի մասնակցության ցածր մակարդակը առաջին հերթին իր դժգոհության ու անհամաձայնության արտահայտումն է եղել իշխանությունների վարած քաղաքականության ու ընդդիմադիրների նկատմամբ հավատի, անկեղծության ու վստահության պակասի։
Քաղաքական դաշտում էլ Սամվել կարապետյանի հայտնությամբ թեև լուծվեց տարիեր շարունակ խնդիր հանդիսացող հանրային վստահություն ու անկեղծություն վայելող առաջնորդի հարցը, մարդկանց մոտ առաջացրեց ապագայի հանդեպ հույսի հավատ, սակայն 2026թ․ հունիսի 7֊ի ընտրություններում իշխանությունների ահաբեկման, բազմաթիվ ընդդիմադիրների կալանավորման, նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման, վարչական ռեսուրսների աննախադեպ օգտագործման ու տարբեր ձևերով ընտրություններին միջամտության պատճառով, ինչպես նաև ընդդիմության թուլ տված կազմակերպչական, կառուցվածքային, կադրային ու ընդդիմադիր դաշտում արդյունավետ չհամագոծակցությամբ պայմանավորված բացթողումների արդյունքում հնարավոր չեղավ գեներացնել հանրային համերաշխություն, ազգային զարթոնք ու միասնություն և ապահովել հաղթանակ, չնայած որ կային ընդդիմության հաղթանակի համար բավարար նախադրյալներ։
Իսկ այս աղետից ու կործանարար վիճակից դուրս գալու մեկ ելք կա սիրելի ժողովուրդ` նվիրյալներ ու անտարբերներ, ազգայիններ ու ապազգայիններ, ռուսամետներ ու արևմտամետներ, ընդդիմադիրներ ու իշխանությունում հարմարավետ հանգրվանածներ, մենք փրկության մեկ ելք ունենք, մեկ ճանապարհ, երբ գիտակցենք և առաջնորդվենք այն սկզբունքով, որ բոլորս նույն Հայաստան նավի մեջ ենք և բոլորս միասին ենք կործանվելու և միավորվենք հայրենիքի ու մեր ընտանիքների փրկության գաղափարի շուրջ։ Իսկ այդպիսի հնարավորություններ ու նախադրյալներ կան սիրելի հայրենակիցներ։ Միասնությունն էլ գոյատևելու միակ բանաձևն է, անառիկ բերդ է ազգերի ու ժողովուրդների համար։ Պարտությունն ու ձախողումն էլ վերջը չէ սիրելի հայրենակիցներ, այն միաժամանակ հնարավորություն է սխալներից դասեր քաղելու, հետևություններ անելու և ավելի իմաստնացած ու ուժեղացած առաջ գնալու համար։ Կարևորը հավատը սեփական ուժերի նկատմամբ, պայքարելու կամքը չկորցնելն է, չհուսահատվելն է, կարևորն ընկած տեղից բարձրանալու ցանկություն ունենալն է, հաղթանակի նկատմամբ հավատը չկորցնելն է։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու