ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում: Արևմտյան տեղեկատվական աղբյուրները հաղորդում են նաև Իրանի մասշտաբային կորուստների մասին: Հորմուզի նեղուցը կրկին փակ է, և համաշխարհային տնտեսության կորուստները ընկնում են աշխատավոր մարդկանց ուսերին: Մի՞թե վաշինգտոնյան ստրատեգները, որոնք Սպիտակ տանը որոշումներ էին ընդունում միջուկային զենքից Իրանին զրկելու համար պատերազմ սկսելու մասին, չգիտեին, որ դրանով Թեհրանին տալիս են տասնապատիկ, գուցե և հարյուրապատիկ ավելի հզոր զենք՝ Հորմուզի նեղուցը փակելու պատրվակ: Միջնակարգ դպրոցի աշխարհագրություն առարկան «գերզարգացած» ամերիկյան դպրոցներում դասավանդու՞մ են, թե ոչ: Վերլուծաբաններից շատերը մեղքը գցում են Իսրայելի վարչապետի վրա, բայց սա արդարացում չէ: Ի դեպ, ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները, միջնորդական առաքելությունները և վերջերս կնքված զինադադար-համաձայնագիրը վկայում են գործընթացին մասնակցող դիվանագետների անարդյունավետ աշխատանքի, անիրատեսական պահանջների, պարտավորությունների և փոխզիջումային տարբերակ գտնելու անկարողության մասին: Պաթոսով հայտարարություններից բացի հանրությունն այլ բան չի տեսնում: Երբ հրապարակվեց կնքված փաստաթուղթը, անմիջապես ծնվեց դրա իրականացման անհնարինության համոզմունքը: Որքան ցավալի է, որ դիվանագետների անարդյունավետ աշխատանքի հետևանքով շարունակվում են զոհերն ու կորուստները: Պետական և դիվանագիտական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների խոսքը հավաստի չէ այլևս: Օրինակ, Վաշինգտոնում ազդարարում են իրանական բանակի հարվածային կարողությունների ոչնչացման մասին, այնինչ, այսօր տեղեկատվական աղբյուրները հաղորդում են ամերիկյան ռազմաբազաներին հզոր բալիստիկ հրթիռներով հարվածելու մասին: Թեհրանը առաջադրել է նոր ուլտիմատում՝ ոչ մի ամերիկացի զինվոր տարածաշրջանում չպետք է մնա, իսկ Հորմուզի նեղուցը այսուհետ իրանական վերահսկողությամբ վճարովի կապուղի է լինելու, և վերջ:
Ահա և միջուկազերծման պլանի արդյունքը: Վատն այն է, որ, օգտվելով ստեղծված իրավիճակից, Իսրայելը ծավալվում է Լիբանանում: Իմ ենթադրությամբ՝ Թրամփի վարչակարգն այժմ աշխատում է տարածաշրջանում ստեղծել հակաիրանական դաշինք, որն ի վիճակի կլինի ցամաքային գործողություններ սկսել: Այդ նպատակով հատկապես մեծ հույսեր են կապում Թուրքիայի հետ, Անկարային զիջումներ են արվում, F-35 կործանիչներ են խոստանում, փորձում են շահագրգռել Իրաքյան Քրդստանին և այլն: Բայց դժվար թե հաջողվի այդ ցամաքային գործողությունը: Եվրոպական դաշնակիցներն էլ խոսքից գործի չեն անցնում: Թրափին Մեծ յոթնյակի գագաթնաժողովին խոստումներ տվեցին՝ փորձելով վերականգնել ամերիկյան օգնության ծավալները ուկրաինական ճակատում: Թրամփն ասաց՝ այո, բայց, եթե իրանական ճակատում սրացումը շարունակվի, այլ որոշումներ կընդունվեն Զելենսկու հետ կապված: Ի դեպ, ես մնում եմ այն կարծիքին, որ ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի ելքից է կախված նաև TRIPP-ի ճակատագիրը:
Գարիկ Քեռյան