Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բաց նամակ

Բաց նամակ
13.07.2026 | 19:10

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ` Արթուր Պողոսյանին

Հարգելի՛ պարոն Պողոսյան,

Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ քննչական գործողությունների շրջանակում կապարակնքվել (պլոմբվել) է «Օլիմպավան» մարզասպորտային համալիրը, ինչի հետևանքով բազմաթիվ մարզիկներ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, զրկված են մարզումներն ու մարզական գործընթացը բնականոն շարունակելու հնարավորությունից։

Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նշված գործողություններն իրականացվել են ենթադրյալ տնտեսական հանցագործության հատկանիշների առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Միաժամանակ, հանրության համար անհասկանալի է, թե ինչ իրավական և փաստական անհրաժեշտությամբ է կապարակնքվել ամբողջ մարզահամալիրը, եթե վարույթի նպատակներին հասնելու համար հնարավոր էր կիրառել ավելի համաչափ միջոցներ՝ սահմանափակվելով միայն վարչական մասնաշենքի կամ ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող աշխատասենյակների կապարակնքմամբ (պլոմբմամբ)՝ չխաթարելով մարզահամալիրի հիմնական գործունեությունը։

Քրեական դատավարության ընթացքում կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն համաչափության սկզբունքին, իսկ անձանց իրավունքների և օրինական շահերի սահմանափակումը պետք է լինի անհրաժեշտ և նվազագույն՝ քրեական վարույթի նպատակներին հասնելու համար։ Տվյալ դեպքում ողջ մարզահամալիրի գործունեության դադարեցումը հանգեցրել է հարյուրավոր մարզիկների, այդ թվում՝ երեխաների մարզումների ընդհատմանը, ինչը շոշափում է նաև հանրային շահը։

Վերոգրյալից ելնելով՝ խնդրում եմ պարզաբանել.

Ի՞նչ իրավական և փաստական հիմքերով է ամբողջությամբ կապարակնքվել (պլոմբվել) «Օլիմպավան» մարզասպորտային համալիրը։

Ի՞նչ հիմնավորումներով է գնահատվել, որ ամբողջ մարզահամալիրի գործունեության դադարեցումն անհրաժեշտ և համաչափ միջոց է եղել քրեական վարույթի նպատակներին հասնելու համար։

Ինչո՞ւ հնարավոր չի եղել կիրառել ավելի մեղմ և համաչափ միջոց՝ սահմանափակելով միայն այն տարածքների հասանելիությունը, որոնք անմիջականորեն առնչվում են քննության առարկային։

Ե՞րբ է նախատեսվում վերացնել կիրառված սահմանափակումները և վերականգնել մարզահամալիրի բնականոն գործունեությունը։

Հաշվի առնելով խնդրի հանրային կարևորությունը՝ ակնկալում եմ Ձեր սպառիչ, հիմնավորված և հրապարակային պարզաբանումը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող`

Էդգար Հովհաննիսյան

13.07.2026 թ.

Դիտվել է՝ 202

Մեկնաբանություններ