Քրիստոս Ինքն է ասում․ «Ես եմ կենաց հացը» (Հովհ. 6։35)։
Այդ կենարար Հացը մեզ տրվում է ամեն կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի Սեղանից։ Երբ մարդը գիտակցաբար հեռու է մնում այդ Սեղանից, նա ինքն իրեն մատնում է հոգևոր քաղցի։
Աշխարհը կարող է հագեցնել մեր մարմնի բազմաթիվ կարիքներ, զբաղեցնել մեր միտքը, բայց հոգու դատարկությունը կարող է լցնել միայն Նա, Ով ստեղծել է այն։
Մերժելով Երկնավոր Հոր հրավերը՝ մենք նմանվում ենք արքայական հարսանյաց խնջույքի այն հրավիրյալներին, որոնք հրավիրված էին, բայց չկամեցան գալ (Մատթ. 22։1–14)։
Երկնավոր Հայրը պատրաստել է Սեղանը և սիրով հրավիրում է մեզ։ Մեզ է մնում չմերժել այդ հրավերը, այլ հավատքով, ապաշխարությամբ և արժանավոր պատրաստությամբ մոտենալ կենարար Սեղանին։
Իսկ Եկեղեցու այն զավակը, ով անարգում է իր Հովվապետին, արհամարհում Եկեղեցու նվիրապետական կարգը և ոտնձգություն է կատարում Եկեղեցու ներքին-կանոնական կյանքի նկատմամբ, առավել ևս պետք է քննի իր խիղճը Սուրբ Սեղանին մոտենալուց առաջ, որպեսզի չհայտնվի այն հոգևոր վիճակում, որի մասին զգուշացնում է Պողոս առաքյալը․ «Ամեն մարդ նախ ինքն իրեն թող քննի և ապա միայն ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև ով ուտում է և խմում է անարժանորեն, ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում» (Ա Կորնթ. 11։28–29)։
Սամվել դպիր Գրիգորյան