Զարթնի՛ր, լաո՛, մեռնիմ քեզի
Զարթուն եմ , մարե՛, քնած չեմ եղել,
Ցավըն էր տանջում մարմինս ու հոգիս:
Մեր ջոջ պապերի, ազնիվ հայրերի
Կորուստներն անթիվ ամեն Աստծո օր
Մորմոք են բերում իմ ջահել սրտին:
Հազար ու հազար բիրտ ախոյանի
Կռիվն ու դավը՝ դաժան, բարբարոս,
Երկիրս ավեր՝ դուշմանի գերի,
Իմ ջահել սրտին ու անփորձ մտքին
Հուսահատության խարանը դրին:
Դրսի դուշմանին եկավ, միացավ
Տանու թշնամին՝ խարդախ, ապիկար,
Երկիրս դարձրեց ալան –թալանի
Անտերունչ շուկա, ուր վաճառեցին
Ոսկի ու ալմաստ,
ՈՒ մանկան ձեռքից խլված սուրբ պատառ:
Ծախեցին գրքեր ու լույս մագաղաթ,
ՈՒ ձայնը բազմաց, որ ձայնն է Աստծո,
Փողով գնեցին ու վաճառեցին…
ՈՒ զարմացա ես, ու զայրացա ես,
Թե ոնց կարող է հայը իր երկրում
Մարդակերներին իշխան դարձնել:
ՈՒ ամեն իշխան՝ մարդակեր,անհագ,
Վիշապներ ցնկնեց, բազում վիշապներ՝
Որ բազմագլուխ, բազմաճիրան են,
ՈՒ երկիրը մեր անհագ լափեցին,
Եվ սարսափ ու սով բիրտ տարածեցին:
ՈՒ ես պատանիս՝ անգետ ու տկար,
Անհույս մոլորված բավիղներում մութ,
Դուրս եկա ծիրից երկրիս սահմանի
ՈՒ պանդխտության ճամփան բռնեցի…
Օտար երկիրն ու տունն օտարի
Չեն կարող երբեք Հայրենիք լինել,
Օտարի սերն էլ անհույզ է լինում,
Առանց թռիչքի՝ Հոգու և Ոգու,
Հացն էլ գուցե յուղոտ է լինում ,
Բայց դառնահամ է, արևս վկա:
ՈՒ ես տուն իմ եկա:
Տուն եկա, տեսա երկիրս անտեր,
ՈՒ մարդիկ անհույս և լալահառաչ.
Հույս ու ապագա թաղել են անդարձ.
Եվ արյունակից իմ եղբայրներին
Ծունկի են բերել գյադեքն հաբռգած:
Հոգիս ընդվզեց, սիրտս բողոքեց.
Հայը չպիտի սոված ու տկար
Ապրի իր տանը:
Հայը, թե պետք է՝ քաղցած կմնա,
Բայց արդարության սովը չի տանի:
Մեր Աստվածներն ու Արքաներն հզոր
Ձայն տվեցին ինձ, թե՝ բա՛վ է նիրհեք,
Ելե՛ք, փրկեցե՛ք ազգ ու հայրենիք.
Աստվածներն անգամ խեղճ ու անզորին
Կբանադրեն ու կնզովեն:
ՈՒ հասկացա ես՝
Չեն ների երբեք մեր խեղճությունը
Մեր Աստվածներն ու Արքաներն արի:
Եվ ջահել ու խենթ իմ ընկերներին
Ձայն տվեցի ես.
Ասացի՝ ելե՛ք, Զարմե՛ր Հայկազուն,
Օտար թշնամուն մենք հաղթել ենք միշտ,
Տանու դուշմանից հորի՞ կվախնաք.
Դուշմանը դուշման է՝ ներսի, թե դրսի:
Ներսի դուշմանը փառքի ու փողի
Գերի է ծախված,
Որ փողի համար մորն էլ կծախի,
Հողն էլ կծախի, ու ծախեց, ահա՛:
Իսկ արդարությունն ու խիղճը, ավա՜ղ,
Վաղուց է թաղել, տեղն էլ մոռացել:
ՈՒ ելանք ոտքի՝ ջահել, խենթ սրտեր,
Ելանք մաքրելու հայրենիքը մեր.
ՈՒ խրոխտ թնդաց ձայնը մեր հուժկու`
Մենք ենք, մե՛նք ՏԵՐԸ մեր Հայրենիքի:
Դուք՝ օտարածին՝ հոգով ու մտքով,
Հեռացե՛ք և ձեր թալանած ոսկին`
Որպես փրկագին սրբապիղծ կյանքի,
Դուք պիտի թողնեք երկրին ու ազգին
ՈՒ հետո գնաք ճամփով դժոխքի:
ՈՒ բացեցինք մենք գոց, փակ դռները
Մեր հոգու, մտքի և ոգեղենի,
Մեզ համար չկա թշնամի –դուշման,
Որին չհաղթենք, դուք դա լա՛վ գիտեք.
Մենք պարտվող ազգ չենք, դուշմանն էլ գիտի.
Մեր սուրբ ու ազնիվ Հաղթանակների
Վկան են Հայոց Արքաները Մեծ
ՈՒ մեկ էլ հերոս ֆիդայիք հայոց…
Քնած չենք, Մարե՛, ոտքի ենք արդեն:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
28. 09․2023թ.
Հ.Գ.
Ավա՜ղ, մեր ժողովրդի ոգեղեն արթնացումները մսխվեցին որպես պղնձե մանրադրամ։
Այդ հեղափոխությունը և տարբեր շարժումները դարձան մեր երկիրն ու ժողովրդին կործանման տանող մի ծրագիր, որ այսօր, ցավոք, չի գիտակցում հասարակության մի զգալի մասը, և մարդկանց մի մեծ զանգված դեռ տուն չի եկել հրապարակից…
Սթափվել է պետք, մեր երկիրը կարող ենք կորցնել։