Փետրվարի 19-ը Մեծ լոռեցու ծննդյան օրն է
Հոր հայացք ունի Թումանյանը:
Նայում ես նկարներին, ջերմ հայացքն անմիջապես փաթաթվում է քեզ, գրկում ու տաքացնում սիրտդ: Հին ու բարի ծանոթդ է, մտերիմդ, հարազատդ ու սրտակիցդ:
Շատ է մերը Թումանյանը: Ասես ամբողջ կյանքում հետդ է եղել: Եղել է զրուցակիցդ: Ուղեկիցդ: Առաջնորդդ: Խորհրդատուդ։
Վարդգես Պետրոսյանը մի պատումի մեջ այսպես է գրում. «Էջմիածնի եկեղեցու մոտ էինք, սրբի դեմքով մի մարդ եկավ, պարզվեց` Թումանյանն է»:
Երբեք չենք նստել` Թումանյանին անգիր անելու: Բայց ծնված օրվանից անգիր գիտենք նրան: Թումանյանը Ամենամերն է:
Սիրող հոր նման ջերմ է նայում բոլոր նկարներից: Սիրող հոր նման էլ ներողամիտ է ժպտում։
Սիրող հոր պատգամներ է տալիս, որ ականջիդ օղ անես, կախես ականջիցդ, մտցնես ուղեղդ ու էլ երբեք չհանես.
-Օրեր են, կմթնեն, անց կկենան...
-Էդ էլ կանցնի հանց երազում, թասդ բեր…
-Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրե՛ք...
-Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին...
-Արևի նման նայեցեք աշխարհին...
-Գործն է անմահ, լա՛վ իմացեք...
-Երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար։
Ժաննա Հայրապետյան