Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իմ սևազգեստ տատիկը

Իմ սևազգեստ տատիկը
26.04.2026 | 11:36

Սկիզբը՝ այստեղ

Երևանյան հուշեր և սևազգեստ տատիկի դասերը

Երևանում ընտանիքը հաստատվեց Ամիրյան փողոցում: 1919-ին մահացավ պապս՝ Ալեքսանը՝ տան միակ աշխատողը: Տատիկս՝ Տիգրանուհին, մնաց միայնակ՝ երեք երեխաների հետ: Նա շատ շնորհալի էր. դերձակություն էր անում, որպեսզի պահի զավակներին: Հայրս՝ Խաչատուրը, 10 տարեկանից սկսեց աշխատել, որ օգնի մորը:

Տատիկիս կյանքը դժբախտությունների շղթա էր: 1920-ին նրա ծանր հիվանդության ժամանակ 2-ամյա դստերը՝ Մարգարիտին, տարան որբանոց: Երբ տատիկս ապաքինվեց ու գնաց երեխայի հետևից, նրան ասացին, թե փոքրիկը մահացել է, թեև կասկածներ կային, որ նրան տեղափոխել էին Ամերիկա:

Չնայած այս ամենին՝ տատիկս դարձավ մեր բակի ու թաղի «ոգին»: Նա հրաշալի խաղեր էր կազմակերպում երեխաների համար, սովորեցնում էր կարգապահություն և հարգանք: Նա մեր բակի «եղանակի տեսությունն» էր, մեր խորհրդատուն ու դաստիարակը: Տատիկս մեծ շուքով էր կազմակերպում եկեղեցական տոները, հատկապես Վարդավառը՝ յոթ աղբյուրից ջուր բերելու և «վիճակահանության» գեղեցիկ ծեսերով:

Տատիկս ազնվական կիրթ կին էր: Ներսիսյանների տանը սեղան չէին նստում առանց ձեռագործ անձեռոցիկների: Նա պատրաստում էր ագուլիսյան ավանդական ուտեստներ՝ զոկի փլավ, ապուխտ, և այն հայտնի «Վարշավյան սուրճը», որի մասին հիշատակում է նաև Գուրգեն Ջանիբեկյանը:

Նա ինձ սովորեցրեց սիրել գիրքն ու գրադարանը: 8 տարեկանից ինձ տանում էր Թումանյան փողոցի գրադարանը և ստիպում պատմել կարդացածս: Իմ բարի, շնորհաշատ տատիկն ապրեց մինչև 84 տարեկան: Ես նրան հիշում եմ մեծագույն սիրով՝ միշտ սևազգեստ, քանի որ իր հինգ զավակներից միայն հայրս էր ողջ մնացել: Նրա կերպարն ինձ համար մնաց որպես Ագուլիսի կորսված մշակույթի և հայ կնոջ տոկունության խորհրդանիշ:

Էլեոնորա ՆԵՐՍԵՍՅԱՆ

Երևան 2022 թիվ, ապրիլ

Դիտվել է՝ 8176

Մեկնաբանություններ