Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի ուշ, ասենք հունիսի 7- ից հետո՝ ավելի ծանրակշիռ այցի շրջանակներում։
Ինչու՞ է շտապում ԱՄՆ-ը։
Հարկ չեմ համարում անդրադառնալ ստորագրված փաստաթղթերի կարևորությանը հայ-ամերիկյան հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու տեսանկյունից (մասնավորապես Մեղրիով Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության հաստատման ծրագիրը շատերիս համար, և ոչ անհիմն, շարունակում է մնալ խիստ խնդրահարույց՝ Հայաստանի անվտանգության ապահովման և աշխարհաքաղաքական կարեվորության մակարդակի բարձրացման տեսանկյունից):
Այդ ամենով հանդերձ, ըստ իս, այդուհանդերձ պակաս կարևոր չէ հասկանալ թե ինչու են ամերիկացիները շտապում:
Կարծում եմ շատ սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ խնդիրը Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումներում է։
Ի՞նչ նկատի ունեմ։
Ակնհայտ է, որ ստորագրված փաստաթղթերը նպաստում են Հայաստանում՝ Ամերիկայի աշխարհաքաղաքական ներկայության իրավաքաղաքական հիմքերի ամրապնդմանը։ Եթե այդպես է, իսկ դա իրոք այդպես է, ապա պետք է ենթադրել, որ նախընտրական տրամադրությունների իրական պատկերի վերլուծությունը ամերիկյան հատուկ ծառայություններին բերել է այն եզրակացության, որ առաջիկա ընտրություններում իշխանության վերարտադրվելու շանսերը շատ վիճահարույց են և եթե ԱՄՆ-ը Հայաստանից սպասելիքներ ունի տարածաշրջանում իր որդեգրած քաղաքականությունը անշրջելի դարձնելու առումով, ապա պետք է շտապել և այդ նպատակով ստեղծել հավելյալ իրավական կռվաններ, որոնք կարող են օգտագործվել առաջիկա ընտրությունների արդյուքով ձևավորված նոր իշխանություններին փաստի առջև կանգնեցնելու համար։
ՈՒստի Մարկո Ռուբիոյի 50 րոպեանոց կանգառը Հայաստանում ոչ այնքան նպատակ ուներ աջակցել իշխանությանը, որքան փաստեց այն իրողությունը, որ նույնիսկ ամերիկացիներն են համոզված, որ գործող իշխանությունն առաջիկա ընտրություններում հաջողություն արձանագրելու նվազ շանսեր ունի։
Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ