Բազմաթիվ ազգեր ունեն ինքնորոշման, անկախության կամ տարածքների հետ կապված իրավական և քաղաքական հիմնախնդիրներ, այլ խոսքով՝ ազգային հարց։ Եվ երբ գոյություն ունի ազգային հարց, ապա իրավազրկված ազգի համար անհրաժեշտաբար առաջանում է տվյալ հարցի հանգուցալուծման կամ պահանջատիրության իրականացման ազատագրական շարժում։ Սա պատմական աքսիոմա է։
Հայությունն էլ պատմական այս անվերապահ ճշմարտության դեմ հանդիման է գտնվում արդեն շուրջ երկու դար՝ այն ժամանակներից սկսյալ, երբ հայկական հարցը ձևավորվեց որպես աշխարհաքաղաքական կատեգորիա։ Եվ այս հիմամբ ծնվեց հայ ազգային ազատամարտը, որը հանգեցրեց հայկական հարցի մասնակի լուծման՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման։ Առաջին Հանրապետությունն էլ հայությանը հաղորդեց իրավաքաղաքական այն ներուժը, որ պետք էր հայկական հարցի լիակատար լուծման գործը շարունակելու և ավարտին հասցնելու համար։
Ասվում է, թե առհասարակ ազատագրական շարժումը, որպես արտաքին թշնամու դեմ մղվող պայքար, միավորում է ազգին։ Ըստ իս, այս նորմն աշխատում է խիստ պայմանական, ավելի որոշակի՝ այն դեպքում միայն, երբ ազատագրական շարժումը ունենում է բարեհաջող ընթացք, ձեռքբերումներ և հաղթանակներ։ Մինչդեռ, երբ շարժումն ընկնում է շղթայական ձախողումների մեջ, աստիճանաբար ջրի երես է դուրս գալիս գաղափարախոսական տականքը և սկսում է ռեպրեսիվ հարվածներ իջեցնել ոչ միայն ազգային հարցի տեսական հիմքերին, այլ նաև շարժման բոլոր դրոշակակիրներին ու համակիրներին։ Այլ խոսքով՝ ազգային հարցն ու ազատագրական շարժումը, անհաջողության դեպքում դառնում է ներազգային պառակտման ու ազգային ներուժի մաշեցման գործոն և ակտիվանալու լավ հնարավորություն՝ արտաքին թշնամու քաղաքական ազդեցության ենթակա, հաճախ նրանց լծակներով կառավարվող ռեակցիոն ուժերի համար։
Հայ ազգային ազատագրական շարժումը նման իրավիճակում հայտնվել է 1904 թ․ Սասունի երկրորդ ապստամբությունից հետո, 1920 թ․ Կարսի անկումից և 1921թ․ Հայաստանի անկախության խորտակումից հետո․․․ Ինչպես նաև այս օրերին՝ 2020 թ․ պարտությունից և 2023 թ․ Արցախի բռնագրավումից հետո։
Տեսնենք, թե ինչեր են ասել ու ինչեր են ասում գաղափարախոսական տարատեսակ տականքները երեկ և այսօր, և ինչպիսի զուգահեռներ կարելի է ուրվագծել նրանց ասույթների միջև՝ ժամանակի երկայնքով։
Օրինակ, հռչակավոր բոլշևիկ և պետական գործիչ Թադևոս Գ․ Մանդալյանը 1929 թ․ ուղիղ տեքստով է թշնամանք տածել Հայկական հարցի և Հայ ազգային ազատագրական շարժման մասին։ «Դաշնակները,- ասել է նա,- երբեմն սիրում են տրտնջալ. տեսեք, որքան անhետևողական են բոլշևիկները. Չինաստանում նրանք պաշտպանում օժանդակում էին Գոմինդանին, իսկ մեր ազգային–ազատագրական շարժումը երբեք չեն պաշտպանել ու չեն ուզում պաշտպանել: Իրոք, բոլշևիկները անհետևողական կը լինեին, եթե չլիներ մի «փոքրիկ» հանգամանք. այն, որ Գոմինդանը իր ժամանակին զենքը ձեռին պայքարել է իմպերիալիզմի, նրա ագենտների դեմ, իսկ դաշնակցությունը զենքը ձեռին միշտ պայքարել է իմպերիալիզմքի համար: «Տաճկահայ դատը» եղել է խրտվիլակ իմպերիալիստական պետությունների տրամադրության տակ՝ տաճիկ կառավարությունից զիջումներ կորզելու համար․ գիշատիչ օտար կապիտալին ծառայելու համար կազմակերպված հայդուկային շարժումը ոչ մի առնչություն չունի ազատագրական պայքարի հետ»։
(Մանդալյան Թ․, փետրվարյան ավանտուրան, «Նոր ուղի» գրական-գեղարվեստական, հասարակական, քաղաքական, տնտեսական և գրական ամսագիր, թիվ 2-3, 1929 փետրվար-մարտ, էջ 140։)
Ատելության նման նարատիվներ է արտաբերում նաև Փաշինյանն այսօր, ժխտելով ազգային հարցի և ազատագրական շարժման պատմաքաղաքական հիմնավորումները, պնդելով, թե Արցախը եղել է պարան հայ ժողովրդի վզին, հետևաբար փակված է Արցախյան շարժման էջը, կամ էլ ինչով է Արցախը հայկական եղել և այլն և այլն․․․
Փաստենք, որ ազգային ազատագրական շարժման վատ ու դաժան օրերին, առատորեն ինքնարծարծվում է ազգի տականքը՝ հարցականի տակ առնելով, ուրանալով ոչ միայն հայոց չորսհազարամյա պատմությունը, այլև հենց մեր աչքի առաջ, հենց մեր ընկերների ու ծանոթ-բարեկամների արյունով ոռոգված Հայ ազգային ազատագրական պայքարը։ Այս ամենը, սակայն, էական որևէ նշանակություն չունի, անցողիկ երևույթ է, և ինչպես հայտնի երգի մեջ է ասվում՝
«Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից,
Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան»․․․
Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ