Նոր խորհրդարանը դեռ չի ձևավորվել, հայտնի չէ՝ ներկայացվածության ինչ ձևաչափ կունենա այնտեղ ընդդիմությունը, իսկ դեռևս գործող հին խորհրդարանի խոսնակն արդեն պատգամավորի պաշտոնական երդման նոր տեքստից է խոսում:
«Կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կկատարվի, պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի։ Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը, մեր օրենսդրությանը, ինչպես նաև հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովրդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը»,- ասել է Ա.Ս.-ն՝ նախատեսվող փոփոխությունը որակելով «պատմական ու կարևոր»:
Անձամբ ինձ անչափ հետաքրքրեց, թե դեռևս չփոխված երդման տեքստում այդ ի՞նչն է, որ համահունչ չէ «այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանն ու մեր օրենսդրությանը», և ի՞նչ փոփոխություններ են կատարվելու, որ նոր տեքստն էլ լինի «հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովրդի համար կարևոր բաների մասին»:
Հետաքրքրությունս բավարարելու համար նախ չփոխված տեքստը կարդացի: Ահավասիկ.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Դե, հա, է՛լի, ճիշտ է ասում Ա.Ս.-ն, ո՞նց կարող է քայլիստների ցուցակով պատգամավոր դարձած պայմանական Պողոսը երդվել, որ ծառայելու է համազգային նպատակների իրականացմանը, պահպանելու է ՀՀ գործող Սահմանադրությունը կամ, հեռու տնից-տեղից, «ամեն ինչ անելու է՝ քաղաքացիական համերաշխության և ազգային արժեքների պահպանման համար»։ Քայլիստների առաջնորդ-փաշան աչքի մի թայը կհանի, մյուսի տեղը շուշա կգցի և կուղարկի այնտեղ, որտեղից եկել է՝ հացին կակա ասելու: Իհարկե պիտի փոխել երդման տեքստը: Անհապաղ փոխել: Փոխել անխնա՛: Պայմանականորեն՝ այսպես.
«Հանուն թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության նպատակների իրականացման, Իրական Հայաստանի կայացման ու զարգացման՝ երդվում եմ անշեղորեն կատարել հեղափոխության պահապան-ընտրողների առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Չորրորդ Հանրապետության փոփոխված Սահմանադրությունն ու միջազգային չափանիշներին համապատասխանող օրենքները, նպաստել ինչպես Իրական Հայաստանի ինքնիշխանության, այնպես էլ հարևանների սահմանների անձեռնմխելիության ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ նախկինների նկատմամբ քաղաքացիական անհանդուրժողության խորացման, հետամնաց պահպանողականության մերժման և համամարդկային առաջադեմ արժեհամակարգի հաստատման ուղղությամբ»:
Կասկածող կա՞, որ նմանօրինակ մի տեքստ է դրվելու նորընտիր խորհրդարանի առաջին իսկ լիագումար նիստի քննարկմանը:
Հաջորդը ՀՀ օրհներգի փոփոխությունն է լինելու: Տեքստը՝ մուղամբազոտ, երաժշտությունը՝ ռաբիս: Լիովին համահունչ՝ Իրական Հայաստանի այսօրվա իրականությանը:
Լիլի Մարտոյան