ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աշխարհաքաղաքական առևտուր և ընդերքի գերություն. ի՞նչ է թաքնված «խաղաղության» պատրանքի թիկունքում

Աշխարհաքաղաքական առևտուր և ընդերքի գերություն. ի՞նչ է թաքնված «խաղաղության» պատրանքի թիկունքում
23.07.2026 | 11:11

Եթե մենք շարունակենք հավատալ, որ այսօրվա աշխարհաքաղաքական թատերաբեմում մեզ հետ խոսում են միայն իրավունքի կամ մարդասիրության լեզվով՝ մենք կդատապարտենք մեզ վերջնական կորստի, քանի որ պետությունների իրական հարաբերություններն այսօր գծվում են ոչ թե թղթի վրա դատարկ խոստումներով, այլ հողի տակ թաքնված հարստությամբ, ապագայի տեխնոլոգիական մրցավազքով ու ռազմավարական ճանապարհների վերահսկողությամբ։

Սիրելի հայրենակիցներ՝ ի Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռք աշխարհի․

մեր նախորդ զրույցում մենք հստակեցրինք, թե ինչպես ներքին պառակտումն ու հանրային կուրությունը կազմաքանդեցին մեր դիմադրողականությունը, բայց հիմա ժամանակն է անցնելու հաջորդ՝ ավելի խորքային քայլին և, ի վերջո, հասկանալու, թե ինչ աշխարհաքաղաքական առևտրի կենտրոնում է հայտնվել մեր Հայրենիքը, երբ ողջ աշխարհը թևակոխել է արհեստական բանականության ու ռոբոտաշինության գերիշխանության դարաշրջան, որտեղ Հայաստանի ընդերքն ու լոգիստիկ դիրքը դարձել են գլոբալ տիտանների կռվախնձորը։

Սթափվելու ժամանակը սպառվում է հենց հիմա, երբ մեր ազգային հարստության օտարումը փորձում են մեզ հրամցնել որպես տնտեսական փրկություն, և այն, ինչ այսօր մեզ ներկայացնում են որպես «խաղաղության օրակարգ», իրականում ռազմավարական ռեսուրսների և տարածքների վերաբաժանման մեծ պլան է, որտեղ Հայաստանի շահը պարզապես ստորադասված է։

Մեզ ասում են, թե Ամուլսարը պարզապես ոսկու հանք է, որը բյուջե է լցնելու, բայց արդյո՞ք սա վտանգավոր կեղծիք չէ, չէ՞ որ համաշխարհային գերտերությունների թվային ու ռազմական արդյունաբերության համար ոսկին ամենևին էլ առաջնային չէ։ Այսօր գլոբալ մակարդակով ընթանում է միկրոչիպերի, ավտոմատացման համակարգերի և սուպերհամակարգիչների կատաղի պատերազմ, իսկ այդ անհոգի մեխանիզմների արտադրության համար անհրաժեշտ են հենց այն կրիտիկական մետաղներն ու հազվագյուտ հողային տարրերը՝ լիթիումը, կոբալտն ու մոլիբդենը, որոնց հարուստ պաշարներով աչքի է ընկնում մեր ընդերքը։ ՈՒ հենց սրա համա՞ր է այսօրվա կառավարությունը կանաչ լույս վառում հանքի շահագործման համար՝ արևմտյան կորպորացիաների ճնշման տակ անտեսելով այն աղետալի փաստը, որ տարեկան հարյուրավոր տոննա նատրիումի ցիանիդի կիրառումը և թթվային դրենաժը անդառնալիորեն թունավորելու են մեր ամենառազմավարական պաշարը՝ ջուրը, որն այսօր աշխարհում արդեն նավթից թանկ է գնահատվում, և սպասվող համաշխարհային մեծ ճգնաժամի ֆոնին Ջերմուկի հանքային աղբյուրների, Արփա գետի ու Սևանա լճի վտանգումը հավասարազոր է ազգային կենսաբանական ինքնասպանության։

Իսկ ինչու՞ է այս ամենը ուղղակիորեն կապված Արցախի կորստի, Սյունիքի շուրջ ստեղծված վտանգների և այսօրվա կառավարիչների կողմից այդքան շրջանառվող «Թրիփփի ուղի» (TRIPP) հայեցակարգի ու արևմտյան կենտրոնների գծած Կենտրոնական միջանցքի գլոբալ լոգիստիկ նախագծերի հետ։

Պատահական չէ, որ համաշխարհային տեխնոլոգիական գիգանտները փորձում են մուտք գործել մեր տարածաշրջան և թվայնացնել մեր բարձրլեռնային ենթակառուցվածքները։ Մի՞թե սա պարզ բարեգործություն է, թե՞ ապագայի արհեստական բանականության համակարգերի համար հենակետերի ձևավորում, չէ՞ որ որպեսզի տարածաշրջանի հարուստ հանքային հումքն ու գերհզոր ռոբոտների ու հրթիռների համար անհրաժեշտ կրիտիկական մետաղներն անվտանգ տեղափոխվեն, արտաքին ուժերին անհրաժեշտ են իրենց կողմից վերահսկվող ուղիներ, և «խաղաղության» անվան տակ իրականում տեղի է ունենում Հայաստանի հաղորդակցությունների ու ինքնիշխան տարածքների փաստացի ստորադասում թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական շահերին։

ՈՒ հենց սա՛ պետք է գիտակցի մեր ողջ հասարակությունը՝ անկախ նրանից, թե քաղաքական որ վեկտորն է նախընտրում, իշխանամե՞տ է, թե՞ ընդդիմախոս, մի՞թե մեր սուվերեն տարածք թշնամու ներխուժումները, ռազմավարական բարձունքների օկուպացիան և վերջին պատերազմները պատահական էին, թե՞ դրանք իրականացվում են հենց մեր ջրերի, ջրամբարների, հողի հարստության ու ընդերքի կրիտիկական տարրերի վերահսկողությունը մեզնից խլելու համար։ Երբ դու անընդմեջ զիջում ես՝ վերջը ինչպե՞ս է խաղաղություն լինելու, չէ՞ որ դա տանելու է երկրի վերջնական ոչնչացման, քանի որ այս ջուրն ու կարևոր հանքերը ներսից սնուցում են մեր գեղեցիկ ու հիասքանչ Հայաստանը, իսկ երբ այս ամենը գողանան ու տանեն, մեզ էլ չնչին գրոշներ շպրտեն իբրև խաղաղության գին, այն էլ լավագույն դեպքում, եթե չցանկանան կացնահարել, ինչն իրենց մոտ հերոսություն է, կամ ցեղասպանել, ինչը բնորոշ գիծն է քոչվոր ցեղախմբերի, ապա կարճ ժամանակ անց Հայաստանը պարզապես կցամաքանա, ամեն ինչ կփոխվի այստեղ և աղետը կդառնա անշրջելի։ ՈՒ այդ ժամանակ արդեն ո՞ր գերպետությանը հետաքրքիր կլինի մեր երկիրը, նրանք բոլորը կհեռանան, թողնելով մեզ քոչվորի դեմ հանդիման՝ ոչնչով, դատարկ ու մերկ։

Մենք պարտավոր ենք իրերն իրենց անուններով կոչել և հասկանալ, որ Հայաստանի հարավը՝ Սյունիքը, հայտնվել է համաշխարհային խոշորագույն բախումների կիզակետում, որտեղ ԱՄՆ-ի ու Իսրայելի հետևողական հակամարտությունն Իրանի դեմ, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ծավալապաշտական ճնշումները Թեհրանի նկատմամբ, ուղղակիորեն պրոյեկտվում են մեր սահմանների վրա։ Այս մեծ խաղում Արևելքի ու Իրանի ընդհանուր դերը կենսական է, և Իրանը հանդես է գալիս որպես տարածաշրջանային անվտանգության մեր բնական, ռազմավարական գործընկերը, որի համար Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը և արտատարածքային միջանցքների մերժումը հստակ «կարմիր գիծ» են։ Հենց այս գլոբալ դիմակայության պատճառով է ձևավորվում Իրան-Ռուսաստան-Հնդկաստան աշխարհաքաղաքական հզոր հակակշիռը, որտեղ Հնդկաստանը «Հյուսիս-Հարավ» մեծ լոգիստիկ ուղիով փորձում է Սյունիքով դուրս գալ դեպի Սև ծով և Եվրոպա՝ ձգտելով չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի ու նրանց թիկունքում կանգնած արևմտյան կենտրոնների միակողմանի գերիշխանությունը։

Ինչու՞ է վարվող արտաքին անհեռատես քաղաքականությունը մեզ տանում դեպի բացարձակ արկածախնդրություն, երբ Ռուսաստանի հետ ավանդական, դաշնակցային հարաբերությունների միտումնավոր փլուզումը և Եվրոպայի ու Արևմուտքի դատարկ, ոչինչ չերաշխավորող հայտարարություններին կույրորեն տրվելը մեր պետությունը վերածել են աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի, որտեղ մենք կորցնում ենք անվտանգության եղած մեխանիզմները, փոխարենը չստանալով ոչ մի իրական ռազմական երաշխիք, և ուղղակիորեն թշնամանալով մեր բնական դաշնակիցների՝ Իրանի ու Ռուսաստանի հետ։

ՈՒ որպեսզի այս համակարգված կազմաքանդումը հանրային դիմադրության չհանդիպի՝ արդյո՞ք պատահական էր, որ զուգահեռաբար հարված հասցվեց մեր ինքնության վերջնահանգրվանին, և Հայ Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող արշավը, դպրոցից ու բանակից հոգևոր հիմքերի դուրսմղումը ընդամենը մեկ նպատակ ունեն՝ հիմնովին թուլացնել ազգային ողնաշարը, որպեսզի հայ մարդը չըմբոստանա սեփական հողի, ընդերքի, ջրային պաշարների և ռազմավարական ապագայի օտարման դեմ։

Ի՞նչ անել. Պետականամետ կառավարման օրակարգը

Մենք պարզապես իրավունք չունենք լինելու օտարների ձեռքում կամազուրկ գործիք, և այսօրվա կառավարիչները պետք է, ի վերջո, հասկանան, որ պետություն ղեկավարելը սեփական հայրենիքի սուվերեն տարածքներն ու ընդերքի հարստությունը կանխիկ վաճառքի հանելը չէ, ոչ էլ հանրությանը հոգեբանական թմբիրով կերակրելը, քանի որ մեր գոյության պահպանումը պահանջում է անհապաղ կանգնեցնել այս արկածախնդրությունն ու անցնել հստակ, համակարգային քայլերի.

Մենք պետք է հստակ գիտակցենք և ամբողջ աշխարհին ցույց տանք, որ Սյունիքի միջանցքը, «Թրիփփի ուղին» կամ «Մեծ Թուրանը»՝ ինչպես էլ որ ցանկանան կոչել այս օտարածին նախագծերը, Հայաստանի վերջնական կործանումն են, և մեր բոլոր ազգային, ռազմական ու դիվանագիտական ուժերը պետք է կենտրոնացվեն բացառապես այս ուղղությամբ, քանի որ սա մեր լինել-չլինելու, կենսական նշանակության խնդիրն է, և թշնամին նույնիսկ ռազմական ճանապարհով պատրաստ է դա մեզնից խլել։ Բայց քանի որ իրենց նույնպես ձեռնտու չէ բացահայտ ռազմական բախումը, նրանք այսօր արտաքին ուժերի աջակցությամբ անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում պահպանվի այսօրվա կամազուրկ իշխանությունը, կամ էլ կեղծ ընդդիմադիր կեցվածքով գա նրանց իրավահաջորդը, ով կշարունակի նույն զիջողական գիծը։

Մեր գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ թշնամու այս ներքին ու արտաքին ծրագիրը որևէ կերպ աշխատի, այլ անհապաղ դադարեցնել արկածախնդրությունը արտաքին ճակատում, վերականգնել կանխատեսելի ու վստահելի հարաբերությունները ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ, և բոլոր ուժային կենտրոնների հետ խոսել բացառապես սեփական ազգային ու պետական շահերի դիրքերից։ Անհրաժեշտ է ակտիվորեն ներգրավվել Իրան-Հնդկաստան տնտեսական ու անվտանգային մեծ նախագծերում, Սյունիքը դարձնելով «Հյուսիս-Հարավ» գլոբալ առանցքի հուսալի հանգույց, ինչը թույլ կտա ստեղծել իրական աշխարհաքաղաքական հակակշիռ թուրքական ծավալապաշտության դեմ, իսկ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ցանկացած ապաշրջափակում պետք է լինի միմիայն Հայաստանի լիակատար իրավազորության և վերահսկողության ներքո՝ սկզբունքորեն բացառելով որևէ արտատարածքային կամ միջանցքային կործանարար տրամաբանություն։

Միաժամանակ պետք է հիմնովին վերանայել Ամուլսարի և ռազմավարական մյուս հանքերի շահագործման պայմանները, քանի որ էկոլոգիական և ջրային անվտանգությունը պետք է դառնան մեր ազգային անվտանգության անկյունաքարը, իսկ հայկական ջուրն ու հողը չեն կարող զոհաբերվել հանուն օտարի տեխնոլոգիական ու բիզնես շահերի: Այս ամենի հետ մեկտեղ հարկավոր է անհապաղ դադարեցնել պետական մակարդակով հարձակումները Եկեղեցու դեմ և վերադարձնել ազգային արժեքները կրթական ու ռազմական համակարգեր՝ որպես հանրային դիմադրողականության միակ հիմնարար աղբյուր։

Սա պարզապես քաղաքական հռետորաբանություն չէ, սա գոյութենական պատերազմ է հայկական պետականության պահպանման համար, և մեր միակ փրկությունը սթափվելու, հեռատես պետականակերտ մտածողության և մեր սրբազան արմատների շուրջ անհապաղ համախմբվելու մեջ է:

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ