ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին

Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին
21.08.2026 | 12:03

Աստվածաշնչում կա մի պատմություն, որը հատկապես ուսանելի է այս օրերին։ Ոզիաս թագավորը հզորացավ, և նրա սիրտը հպարտացավ (Բ Մնաց. 26։16–21)։ Թագավոր լինելն այլևս բավարար չեղավ նրան. նա մտավ Տիրոջ տաճար՝ խունկ ծխելու, ինչն օրենքով միայն քահանաների իրավունքն էր:

Ազարիա քահանան 80 քաջարի քահանաների հետ ընդդիմացան նրան՝ ասելով. «Ոզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրավունք չունես, այլ միայն քահանաները՝ Ահարոնի որդիները, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Սրբարանից դո՛ւրս ելիր, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դեմ, և սա քեզ համար փառք չի լինելու Տիրոջ՝ Աստծու կողմից»:

Երբ թագավորը բարկացավ ու փորձեց իրենն անել, Աստված նրան անմիջապես բորոտությամբ հարվածեց, և նա մինչև կյանքի վերջը մնաց մեկուսացված ու զրկվեց թագավոր լինելուց:

Ուշադրություն դարձնենք, որ Ոզիասը օտար թագավոր չէր, Աստծուն չէր մերժում և Տաճարը չէր քանդում։ Նա պարզապես աշխարհիկ իշխանավոր էր, որը որոշեց մտնել հոգևոր իշխանության սահմաններից ներս և կատարել այն, ինչ իրեն չէր վերապահված։

ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԸ. թագավորական իշխանությունը քահանայական իշխանություն չէ։ Աշխարհիկ իշխանությունը, որքան էլ հզոր լինի, չի կարող յուրացնել այն իշխանությունն ու ծառայությունը, որ Աստված վստահել է Իր Սրբարանի սպասավորներին։ Ոզիասի մեղքն այն էր, որ թագավորական իշխանությունը բավարար չհամարեց և ոտնձգություն կատարեց հոգևոր իշխանության տիրույթում։

Այս պատմության մեջ մարմնական բորոտությունը կարելի է տեսնել նաև որպես նրա ներքին՝ հոգևոր ապականության տեսանելի նշան. նա, ով փորձեց ապօրինաբար մտնել սրբազան ծառայության տիրույթ, ի վերջո ինքն օտարվեց Տիրոջ տնից։

Այս պատմությունը դարեր ի վեր ծանր հոգևոր զգուշացում է բոլոր աշխարհիկ ղեկավարներին․ պետական իշխանությունը չի կարող յուրացնել Եկեղեցու աստվածադիր Նվիրապետության հոգևոր և կանոնական իրավասությունները։ Ոզիասի օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի հոգևոր հետևանք կարող է ունենալ աշխարհիկ իշխանության կողմից իրեն չպատկանող սրբազան իրավասությունների յուրացումը։

Քրիստոսի ավետարանական պատգամը պարզ է. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ․ 22:21)։

Պետությունն ունի իրեն վստահված իշխանությունը և պատասխանատվությունը։ Եկեղեցին ունի իր աստվածադիր առաքելությունը, նվիրապետությունը և ներքին կանոնական կյանքը։ Քրիստոսի խոսքը սահման է դնում նաև «կայսրի» պահանջների առջև. կայսրին կարելի է տալ կայսրինը, բայց Աստծունը չի կարելի հանձնել կայսրին։

Եկեղեցու առաջնորդի ընտրությունը, նրա նվիրապետական կարգը և ներքին կանոնական կյանքը Եկեղեցու սեփական հոգևոր-կանոնական տիրույթն են։ Աշխարհիկ իշխանությունը կարող է ունենալ Եկեղեցու գործունեությանը վերաբերող օրինական պետական գործառույթներ, բայց դրանից չի հետևում Եկեղեցու նվիրապետական իշխանությունը տնօրինելու իրավունք։

Հոգևոր հարցն այստեղ շատ պարզ է՝ ո՞ւր է ավարտվում «կայսրինը» և որտե՞ղ է սկսվում «Աստծունը»։ Կայսրը չի կարող իրեն վերագրել այն, ինչ իրենը չէ։ Աստծունը չի կարող դառնալ կայսրինը։

Առաքելական սկզբունքն է․ «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5։29)։

Ով լսելու ականջ ունի, թող լսի․․․

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ