Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Եկեղեցական ժառանգությունը՝ քաղաքական սահմաններից անդին

Եկեղեցական ժառանգությունը՝ քաղաքական սահմաններից անդին
22.09.2026 | 13:25

Հայերի և ադրբեջանցիների միջև պատմական ժառանգության շուրջ բանավեճերում երբեմն կարելի է հանդիպել երկու նույնքան պարզունակ մոտեցման․ մեկը հայտարարում է՝ «Ադրբեջանի տարածքում գտնվող եկեղեցիները հայկական են», մյուսը՝ «դրանք ալբանական են»։
Եկեղեցու պատկանելությունը չի որոշվում միայն այն հարցով, թե տվյալ տարածքում որ ժողովուրդն է ապրել կամ այսօր որ պետության սահմաններում է գտնվում տվյալ եկեղեցին։ Պետք է տարբերել էթնիկ ինքնությունը, պետության տարածքային իրավասությունը, եկեղեցական վարչական ենթակայությունը, դավանական պատկանելությունը, կանոնական կարգավիճակը և պատմական իրավահաջորդությունը։
«Հայ Առաքելական Եկեղեցի» անվանման մեջ «հայ» բառը չպետք է ընկալել զուտ էթնիկ իմաստով։ Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի պատմական Եկեղեցին է, սակայն իր եկեղեցաբանական էությամբ այն պարզապես «էթնիկ հայերի կրոնական կազմակերպություն» չէ։ Եկեղեցական պատկանելությունը որոշվում է նաև հավատքով, առաքելական հաջորդականությամբ, ծիսական ավանդությամբ, կանոնական հաղորդությամբ և եկեղեցական աստիճանակարգով։
Եվ այստեղ հատկապես կարևոր է Աղվանից, Լփնաց և Չողայ կաթողիկոսության հարցը։
Նույնիսկ եթե պատմական ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող այս կամ այն եկեղեցին որոշակի ժամանակաշրջանում կապված է եղել Աղվանից կաթողիկոսության հետ, դրանից ինքնաբերաբար չի հետևում, որ այդ եկեղեցիները պետք է այսօր ներկայացվեն որպես ժամանակակից Ադրբեջանի կամ առանձին գոյություն ունեցող «ալբանական եկեղեցու» ժառանգություն։ Որովհետև այստեղ գլխավոր հարցը ոչ թե անունն է, այլ կանոնական և եկեղեցական շարունակականությունը։
Աղվանից կաթողիկոսության պատմությունը պետք է ուսումնասիրել Հայոց Եկեղեցու ընդհանուր պատմական և կանոնական համակարգի համատեքստում։ Հայ պատմագիտական և եկեցագիտական ավանդության մեջ այն ներկայացվում է որպես Հայոց Եկեղեցու հետ սերտորեն կապված պատմական եկեղեցական կառույց, որի հարաբերությունները Հայոց կաթողիկոսական աթոռի հետ տարբեր ժամանակաշրջաններում պետք է գնահատել սկզբնաղբյուրների հիման վրա։
Եվ սա շատ կարևոր տարբերություն է։ Պատմական «Աղվանք» անունը դեռ չի ստեղծում ժամանակակից «Աղվանից եկեղեցի»։ Պատմական կառույցի գոյությունը և դրա ժամանակակից իրավահաջորդությունը երկու տարբեր հարցեր են։ Իրավահաջորդությունը պետք է փնտրել ոչ թե միայն անվան, այլ ինստիտուցիոնալ և կանոնական շարունակականության մեջ։
Ո՞վ էր ձեռնադրում հոգևորականներին։
Ո՞ր կաթողիկոսական աթոռին էր ենթարկվում տվյալ կառույցը։
Ո՞ր Եկեղեցու հետ էր գտնվում կանոնական հաղորդության մեջ։
Ո՞ր ծիսական և դավանական ավանդությանն էր պատկանում։
Ո՞ր եկեղեցական մարմինն է հետագայում պահպանել այդ ավանդության շարունակականությունը։
Սրանք են իրական հարցերը։
Եվս մեկ կարևոր բան․ եկեղեցին որպես շինություն և Եկեղեցին որպես հոգևոր-կանոնական մարմին նույնը չեն։ Քարը կարող է մնալ նույն տեղում, մինչդեռ պետությունները, սահմանները և քաղաքական իշխանությունները կարող են փոխվել տասնյակ անգամներ։
Պետական սահմանը չի ստեղծում եպիսկոպոսական իրավազորություն։ Քաղաքական իշխանությունը չի ստեղծում առաքելական հաջորդականություն։ Իսկ պատմական անունը ինքնաբերաբար չի ստեղծում ժամանակակից եկեղեցական իրավահաջորդություն։
Այդ պատճառով այսօր պետք է հրաժարվել «հայկական էր, թե ալբանական» պարզունակ երկընտրանքից և հարցը դնել ավելի բարձր մակարդակում։ Ո՞ր Եկեղեցու հավատքի, ծիսական ավանդության և կանոնական համակարգի մեջ է տվյալ սրբավայրը գոյություն ունեցել։ Եվ ո՞ր եկեղեցական կառույցն է այսօր շարունակում այդ ավանդության պատմական գիծը։
Եթե տվյալ սրբավայրի պատմական կապը Հայոց Եկեղեցու կանոնական համակարգի հետ հաստատվում է սկզբնաղբյուրներով, ապա դրա հոգևոր և եկեղեցական ժառանգության հարցում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի կարող դուրս մնալ քննարկումից։ Սա ոչ թե ազգայնականության, այլ եկեղեցական պատմության տրամաբանության հարց է։
Եվ գուցե հենց այստեղ է մեր հիմնական սխալը․ մենք փորձում ենք եկեղեցիները բաժանել ազգերի միջև, մինչդեռ Եկեղեցին իր էությամբ կոչված է մարդուն Աստծուն կապելու, ոչ թե ազգերին իրարից բաժանելու։
Պետությունները փոխվում են։ Սահմանները փոխվում են։ Ժողովուրդների քաղաքական անվանումները փոխվում են։ Բայց եկեղեցական ժառանգությունը պետք է ուսումնասիրել առաքելականության, կանոնականության և պատմական շարունակականության միջոցով։
Ուստի այս հարցերում պետք է ոչ թե ավելի բարձր գոռալ, այլ ավելի խորն ուսումնասիրել։ Որովհետև պատմությունը սեփականացնելու ամենաթույլ ճանապարհը քարերին ազգային պիտակ կպցնելն է։ Իսկ պատմությունը հասկանալու ամենաճիշտ ճանապարհը՝ հարցնելն է, թե ո՞ր հավատքի, ո՞ր Եկեղեցու և ո՞ր կանոնական ավանդության մեջ է այդ քարը դարեր շարունակ կանգնած եղել։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ
Դիտվել է՝ 238

Մեկնաբանություններ