«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Հայաստանյան կոլաբորանտիզմի հետքերով

Հայաստանյան կոլաբորանտիզմի հետքերով
09.10.2026 | 12:34

Այն, ինչ այս շրջանում տեղի է ունենում հայաստանյան իրականությունում, ամբողջովին տեղավորվում է կոլաբորացիոնիզմ կոչվածի տիրույթում՝ իհարկե, մի քանի վերապահումներով։ Փորձենք մի քանի դիտարկումներով հստակեցնել ասվածը։

Եթե կարճ՝ կոլաբորացիոնիզմը պատմականորեն արտաքին ուժի շահերի սպասարկումն է սեփական երկրի ներսում՝ այնպիսի քաղաքականության միջոցով, որը նպաստում է այդ ուժի նպատակների իրականացմանը։ Դրա ամենավտանգավոր դրսևորումը սկսվում է այն ժամանակ, երբ արտաքին պահանջները ներկայացվում են որպես սեփական պետության զարգացման միակ հնարավոր ճանապարհ, իսկ դրանցից բխող զիջումները՝ որպես անխուսափելի անհրաժեշտություն։ Այդ անցումը սովորաբար չի կատարվում մեկ օրում։ Այն պահանջում է քաղաքական լեզվի փոփոխություն, հասարակական ընկալումների վերաձևավորում, ազգային նպատակների վերանայում և, ի վերջո, պետական համակարգի հարմարեցում նոր իրողություններին։

Հայաստանի այսօրվա քաղաքական իրականության մեջ այս հարցը պետք է դիտարկել մի քանի ուղղությամբ՝ խաղաղության օրակարգ, սահմանադրական փոփոխություններ, ազգային ինքնության ու պատմական հիշողության վերաիմաստավորում, ինչպես նաև ներքին հակադրությունների խորացում։ Այս գործընթացներից յուրաքանչյուրն առանձին քննարկման առարկա է, սակայն դրանց փոխկապակցվածությունը պահանջում է ավելի լուրջ քննություն․ արդյոք արտաքին քաղաքական հարմարվողականությունը չի՞ վերածվում պետական մտածողության և ներքին քաղաքականության վերափոխման։

Կոլաբորացիոնիստական գործելակերպի պատմական օրինակներում հաճախ կրկնվում է նույն մեխանիզմը․ հասարակությանը համոզում են, որ այլընտրանք չկա, նախկին նպատակները ներկայացնում են որպես ներկա խնդիրների պատճառ, իսկ դիմադրությունը՝ որպես խաղաղության կամ կայունության սպառնալիք։ Արտաքին պահանջներն աստիճանաբար ստանում են ներքին քաղաքական հիմնավորում, և դրանց իրականացումը դառնում է տեղական իշխանության պատասխանատվությունը։ Այսպես արտաքին ճնշումը վերածվում է ներքին քաղաքականության, իսկ զիջումը՝ պետական որոշման։

Այս ճանապարհին առանձնահատուկ դեր կարող են ունենալ նաև հանրային նոր օրակարգերը։ Իրական հակասությունները երբեմն վերածվում են համընդհանուր քաղաքական պայքարի՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացնելով ներքին թշնամիների որոնման վրա։ Եկեղեցու, պատմական հիշողության, կրթության կամ ընդդիմության շուրջ վեճերը կարող են ստվերել արտաքին պայմանավորվածությունների բովանդակության, փոխադարձ պարտավորությունների և անվտանգության իրական երաշխիքների քննարկումը։ Հետևաբար կարևոր է ուսումնասիրել ոչ միայն այն հարցերը, որոնք իշխանությունը բերում է հանրային օրակարգ, այլև այն խնդիրները, որոնք այդ ընթացքում դուրս են մղվում հանրային ուշադրությունից։

Հայաստանի դեպքում առանցքային հարցը խաղաղության գինն է։ Խաղաղությունը պետական շահ է, երբ այն ամրապնդում է անվտանգությունը, ապահովում կողմերի փոխադարձ պարտավորությունները և ընդլայնում երկրի ինքնուրույն գործելու հնարավորությունները։ Բայց երբ խաղաղության անվան տակ սահմանափակվում են սեփական ազգային նպատակները որոշելու, պատմական հիշողությունը պահպանելու կամ արտաքին պահանջներն ինքնուրույն գնահատելու հնարավորությունները, առաջանում է պետականության բովանդակության փոփոխության վտանգ։ Խնդիրն այն է, թե խաղաղության հաստատվող մոդելում ի՞նչ տեղ է վերապահվում Հայաստանին՝ որպես ինքնուրույն քաղաքական կամք ունեցող պետության։

Կոլաբորացիոնիզմի մասին դատողությունը չի կարող հիմնվել միայն քաղաքական հայտարարությունների կամ առանձին զիջումների վրա։ Անհրաժեշտ է պարզել՝ ո՞վ է սահմանում պահանջները, ի՞նչ է ստանում Հայաստանը, որքանո՞վ են վերահսկելի մյուս կողմի պարտավորությունները, և արդյոք ընդունվող որոշումները մեծացնու՞մ, թե նվազեցնում են երկրի ինքնիշխանությունը։ Սակայն այս հարցերի ուսումնասիրությունը պետք է դուրս գա առանձին որոշումների շրջանակից և անդրադառնա նաև դրանց ընդհանուր ուղղվածությանը՝ ի՞նչ պետություն է ձևավորվում այդ որոշումների արդյունքում, և ո՞ւմ ռազմավարական շահերին է այն աստիճանաբար հարմարեցվում։

Երբ այս գործընթացները դիտարկվում են միասին, առաջ է գալիս ավելի խորքային վտանգ՝ Հայաստանի պետականությունը կարող է աստիճանաբար հարմարեցվել այնպիսի գործառույթի, որն այլևս չի բխում հայ ժողովրդի ազգային նպատակներից։ Արտաքին գերիշխանության ամրապնդումը պատմականորեն միշտ չէ, որ սկսվել է պետականության ձևական վերացումից։ Հաճախ նախ փոխվել է այն բովանդակությունը, որով ժողովուրդն ընկալում է սեփական պետությունը, ազգային շահը և ապագան։ Պետությունը կարող է պահպանել իր դրոշը, սահմանները, կառավարությունն ու միջազգային ճանաչումը՝ միաժամանակ կորցնելով սեփական զարգացման ուղղությունն ինքնուրույն որոշելու հնարավորությունը։

Նիկոլի վարած քաղաքականությունը պետք է քննել հենց այս դիտանկյունից։ Այն դեպքում, երբ խաղաղության անվան տակ վերանայվում են պետականության հիմնարար պատկերացումները, սահմանադրական փոփոխությունները կապվում են արտաքին հարաբերությունների նոր տրամաբանության հետ, իսկ ազգային ինքնության ու պատմական հիշողության պաշտպանությունը ներկայացվում է որպես ապագային խանգարող բեռ, առաջանում է սկզբունքային հարց՝ ո՞ւմ ապագայի համար է վերակառուցվում Հայաստանը։ Եթե երկրի տարածքը, հաղորդակցությունները և քաղաքական որոշումները աստիճանաբար հարմարեցվում են ուրիշների ռազմավարական ծրագրերին, իսկ հայ ժողովրդի պատմական ու ազգային նպատակները դուրս են մղվում պետական քաղաքականության կենտրոնից, ապա գործ ունենք պետականության բովանդակության վտանգավոր վերափոխման հետ։

Կենսատարածքի վերածվելու վտանգը հենց սա է՝ Հայաստանը կարող է պահպանել պետականության արտաքին ձևերը, բայց սեփական տարածքում աստիճանաբար կորցնել իր պատմական առաքելությունն ու ռազմավարական նախաձեռնության իրավունքը։ Երկիրը կարող է դիտարկվել ոչ թե որպես ինքնուրույն ազգային նպատակներ հետապնդող պետություն, այլ որպես տարածաշրջանային հաղորդակցությունների, աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների և արտաքին ուժերի ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տարածք։ Այդ դեպքում Հայաստանի արժեքը որոշվելու է ոչ այնքան հայ ժողովրդի կամքով ու ազգային շահերով, որքան այն գործառույթով, որը նրան վերապահում են ուրիշները։

Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շուրջ առանցքային հարցադրումն այսպիսով շատ ավելի խորն է, քան առանձին զիջումների կամ պայմանավորվածությունների գնահատումը։ Արդյոք Հայաստանը պահպանո՞ւմ է սեփական ճակատագիրը որոշող ազգային պետության կարգավիճակը, թե՞ ձևական ինքնիշխանության պայմաններում աստիճանաբար վերածվում է ուրիշների ռազմավարական շահերին ծառայող կենսատարածքի։ Մի տարածքի, որտեղ պետական ինստիտուտները շարունակում են գործել, բայց երկրի զարգացման ուղղությունը, ազգային առաջնահերթություններն ու ապագայի սահմանները որոշվում են արտաքին պահանջներին հարմարվելու տրամաբանությամբ։

Սա է կոլաբորացիոնիզմի հետքերով տարվող քննության գլխավոր հարցը՝ ոչ միայն այն, թե ինչ զիջումներ է անում Հայաստանը, այլև այն, թե այդ զիջումների կուտակային հետևանքով ինչի է վերածվում հայկական պետականությունը, և արդյոք հայ ժողովուրդը շարունակում է մնալ իր երկրի ճակատագիրը որոշող սուբյե՞կտ, թե՞ աստիճանաբար դառնում է ուրիշների ծրագրերով վերաձևվող տարածքի բնակչություն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ