Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսապի պատմությունը»

«Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսապի պատմությունը»
25.03.2014 | 12:28

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Քեսապի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ և խոր մտահոգությունն է հայտնել Քեսապի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսապի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսապի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսապ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսապը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսապ և վերակառուցեցին իրենց տները։ Պատմական իրողություններին անդրադառնալիս՝ Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսապի բնակչությունը։ Քեսապցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսապահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։ «Քեսապի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:
«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսապի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ստեղծված իրավիճակի մասին ՀՀ նախագահը խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում ՀՀ դեսպանատունն աշխատում է քեսապահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ