Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Չտրվենք ադրբեջանական պրովոկացիային

Չտրվենք ադրբեջանական պրովոկացիային
26.11.2014 | 13:20

Հայկական ուղղաթիռի խոցմանը հաջորդած օրերին՝ միջազգային կազմակերպությունների պարիտետային արձագանքը մեր քաղաքական ու հասարակական շրջանակներին զայրացրել է, հիասթափեցրել: Միջազգային կառույցները հաճախ են ոչ համարժեք գործում, ինչը, թերևս, ոչ այնքան սուբյեկտիվության, որքան ինստիտուցիոնալ ճգնաժամի, ֆունկցիոնալ խաթարման հետևանք է: Եթե միջազգային կառույցների գործունեությունը համարժեք լիներ, վաղուց Սիրիայում գտնված կլիներ արյունահեղությունը կանխելու բանալին, ՈՒկրաինայում անմեղ մարդիկ չէին զոհվի, ի վերջո, վերջնական լուծում գտնված կլիներ Ղարաբաղի խնդրի կարգավորման համար: Բայց ունենք այն, ինչ ունենք, ու ինձ մտահոգում է, որ վերջին օրերին հաճախ եմ լսում ձայներ, թե մեր ինչին է պետք ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մոտեցումը մոլորություն է, ասեմ ավելին՝ միանգամայն տեղավորվում է ադրբեջանական քաղաքականության համատեքստում, որովհետև հենց Բաքուն է հետևողականորեն ձգտում գործող համանախագահության ձևաչափի վերանայմանը՝ խնդրի լուծումը փնտրելով ադրբեջանա-թուրքական, ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, ստվերային պայմանավորվածությունների հարթություններում, այլ միջազգային հարթակներում: Մինսկի խմբի այս համանախագահությունն արդյունավետ չէ, սակայն չկա միջնորդական ավելի արդյունավետ գործ, պետք չէ սպասել «հրաշքների» կամ սնապարծորեն հուսալ, որ մեր բանակի ուժերով կարող ենք լուծել Ղարաբաղի հարցը: Լավ կամ վատ հենց Մինսկի խումբն է անցած քսան տարում նպաստել տարածաշրջանային խաղաղության, թեկուզ հարաբերական խաղաղության հաստատմանը: Մինսկի խմբի այս համանախագահությունը տիրապետում է խնդրի լուծման մեթոդոլոգիային ու կարգավորման մի քանի տարբերակներ է առաջարկել, որոնք ամբողջովին ընդունելի չեն մեր, ադրբեջանցիների կամ Արցախի համար, սակայն կարող են բանակցային գործընթացը շարունակելու հիմք հանդիսանալ: Եվ վերջապես՝ հենց Մինսկի խմբի այս համանախագահության առաջարկած լուծումը կարող է լեգիտիմ լինել, որովհետև այս ձևաչափում ներկայացված են մեր տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր կենտրոնները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը՝ Ֆրանսիայի դեմքով, ու Ռուսաստանը: Այնպես որ՝ պետք չէ տուրք տալ էմոցիաներին ու նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերանայելու Բաքվի քաղաքականությանը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ