Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Փաշինյանի երեք վտանգավոր խոստովանությունը

Փաշինյանի երեք վտանգավոր խոստովանությունը
24.08.2025 | 11:28

Անկախության հռչակագրի տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ հնչեցին երեք ծանր ու վտանգավոր «խոստովանություններ»․

1. Հռչակագիրը հակադրեց պետականության գաղափարին։ Նա հայտարարեց, որ այն ծնվել է Ղարաբաղյան շարժման ազդեցության ներքո, իսկ այդ շարժումը ձևավորվել էր ԽՍՀՄ կողմից հայերի մեջ տասնամյակներով սերմանված սոցիալ-հոգեբանության արդյունքում։

Այսպիսով՝ Անկախության հիմքը ներկայացվում է ոչ թե մեր ժողովրդի ազատության կամքը, այլ Մոսկվայի հաշվարկված ծրագիրը։

2. Փաշինյանն ակնարկեց, որ Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ-ի հրահրած պրոեկտ էր։ Նա հայտարարեց, թե գրքերի, ֆիլմերի ու ներկայացումների միջոցով ԽՍՀՄ-ը մեզ «մոդելավորված հայրենասիրություն» էր պարտադրում, որն իբր բերեց շարժման և Հռչակագրի։ Այս ձևակերպմամբ համազգային շարժումը ոչ միայն նսեմացվում է, այլև ներկայացվում է որպես օտար կայսրության մանիպուլյացիա։ Փաստորեն, ժողովրդի ինքնաբուխ կամքի ու համազգային համախմբման ամենաառաջնային դրսևորումը՝ Ղարաբաղյան շարժումը, Փաշինյանի պատկերացմամբ վերածվում է ԽՍՀՄ-ի ինտրիգի ու սցենարավորված խաղի։

Սա պատմական հիշողության կոպիտ աղավաղում է և վիրավորանք այն սերնդի հասցեին, որն իր կյանքի գնով կերտեց Հայաստանի անկախության ճանապարհը, Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը:

3. Խոստովանեց, որ ինքը կարող էր կանխել 44-օրյա պատերազմը, բայց չարեց։

Ըստ նրա, պատերազմից խուսափելու միակ տարբերակը զիջումներն էին, բայց նա հրաժարվեց այդ ուղուց՝ հայտարարելով, թե պատերազմը ավելի քիչ էր վտանգում անկախությունը, քան փոխզիջումները։

Փաստորեն, ըստ Փաշինյանի խոտոր տրամաբանության, հազարավոր զոհերով, տարածքների կորստով ու պետական կառույցների խարխլմամբ պատերազմը կարող է ավելի շատ ծառայել անկախությանը, քան բարդ, բայց հնարավոր դիվանագիտական լուծումները։

Այսօր մենք ունենք վարչապետ, որը փորձում է անցյալի փառավոր շարժումը, հերոսամարտը ներկայացնել որպես ԽՍՀՄ դավադրություն, Անկախության հռչակագիրը՝ որպես պետականության խոչընդոտ, իսկ 44-օրյա աղետը՝ որպես «անկախության պահապան»։ Սա ոչ միայն պատմության կեղծագրում է, այլև պետականության հիմքերի վտանգավոր արժեզրկում։

Իրականությունն այն է, որ պետություն ունեցող ժողովուրդը չի զոհաբերում իր գոյությունը կեղծ «պահպանման» պատրանքների համար։

Պետություն ունեցող ժողովուրդը կառուցում է խաղաղություն, ամրապնդում ինստիտուտները և իր անկախությունը պաշտպանում ոչ թե արկածներով ու կեղծ գաղափարախոսություններով, այլ պատասխանատու քաղաքականությամբ ու ազգային համախմբմամբ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 12701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ