Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մանր շահերի միջավայրը ծնում է մանրախնդիր մարդիկ և նմանատիպ առաջնորդներ

Մանր շահերի միջավայրը ծնում է մանրախնդիր մարդիկ և նմանատիպ առաջնորդներ
11.07.2026 | 13:38

Մանր գործերի և փոքր շահերի միջավայրերում, ինչպիսիք են փոքր ու թույլ երկրները, լիարյուն քաղաքական կյանք ու քաղաքական մշակույթ կառուցելը բախվում է շատ մեծ դժվարությունների հետ բազմաթիվ պատճառներով, որոնցից ամենակարևորը գուցե հենց այդ երկրների գործունեության փոքր մասշտաբներն են։

Գործունեության մեծ մասշտաբները, որոնք հատուկ են մեծ երկրներին, որպես կանոն, առնչվում են մեծ շահերի հետ, որոնց հասնելու ձգտումները մրցակցային միջավայրերում ծնում են խոշոր ու մասշտաբային մտածողության տեր անհատներ, իսկ մանր շահերի միջավայրն էլ ծնում է մանրախնդիր մարդիկ և նմանատիպ առաջնորդներ։

Բնական է նաև, որ կյանքի բարիքների համար մրցակցային պայքարում բոլոր մարդկանց առաջին հերթին առաջնորդում են էգոիստական նկատառումները, բայց այստեղ կարևոր է, որ մարդկանց մանր էգոիստական նկատառումների ու վարքի և նրանց մասշտաբային էգոիստական վարքի մեջ կա շատ էական մի տարբերություն։

Դա այն է, որ մանր էգոիստական նկատառումներով առաջնորդվելիս բացառվում է ալտրուիզմը, այսինքն, ուրիշի շահի հետ հաշվի նստելը, իսկ մասշտաբային կամ էլ սիստեմային ու հասարակական մակարդակի էգոիզմը ենթադրում է նաև մասշտաբային ներքին ալտրուիզմ։

Այսինքն, ցանկացած մակարդակի խմբային կամ հասարակական էգոիզմը ենթադրում է մարդկանց ալտրուիստական հարաբերությունների որոշակի մակարդակ, որում զգալի դեր ունի նաև նրանց պատմական անցյալը։

Ազատ ու հպարտ անցյալ ունեցող մարդկանց մոտ ամուր է այն գաղափարը, որ լավ ապրելը հնարավոր է միայն համատեղ ու համաձայնեցված ջանքերով, որն էլ պետք է առաջնորդի համընդհանուր ճանաչում ունեցող ընտրյալ մեկը, այստեղից էլ՝ նրանց խմբային էգոիզմը կամ ալտրուիստական մտածողությունը։

Անազատ անցյալով և թալանի ու սպանությունների միջավայրում սերնդե-սերունդ ապրած մարդիկ էլ, որոնց ցանկացած խմբային գործունեություն ճնշվել է վայրագ թշնամու կողմից, և որոնք կարողացել են փրկվել միայն թաքնվելով, կաշառքով կամ փախուստով ու գլուխն ազատելով, դարձել են պարզունակ էգոիստներ, քանի որ փախեփախի ժամանակ ուրիշին օգնելը քիչ հավանական է։

Ըստ դրա էլ, այն երկրներում, որտեղ խմբային կամ հասարակական էգոիզմը ցածր մակարդակի վրա է, ինչպիսին մեզ մոտ է, մարդկանց հարաբերությունները կառուցվում են zero sum game սկզբունքով, ըստ որի, մեկի շահն ու օգուտը միարժեքորեն մյուսի կորուստն ու վնասն է, իսկ միջմարդկային հարաբերություններում էլ գերիշխում են ագրեսիան ու իրար կոկորդ կրծելը։

Նման թույլ ու ագրեսիվ էգոիստական միջավայրերում պետական կյանք կառուցելը հանդիպում է մի շարք սկզբունքային բնույթի դժվարությունների, նախ և առաջ այն պատճառով, որ մարդկային հարաբերությունների անձ մակարդակում չկա շահերի ընդհանրության և համաձայնության մթնոլորտ, այսինքն, բացակայում է ներքևից վերև հասարակական կյանք կառուցելու հնարավորությունը, քանի որ չկա ալտրուիզմի հիման վրա ստեղծվող պետական մտածողություն։

Այսինքն, ի սկզբանե, պարզունակ էգոիստներից կազմված հասարակությունը ուժեղ լինել չի կարող, որն էլ ծնում է վերից վար ավտորիտար կառավարման անհրաժեշտություն, քանի որ, եթե ինքդ չես կարողանում քեզ կառավարել, ապա, բնականաբար, առաջանում է վերից վար ստիպողական կառավարման կարիք։

Նման հասարակությունն էլ ծնում է իր նման առաջնորդներ, որի արդյունքն էլ լինում է ձախողված կամ կիսաձախողված պետականությունը, որի թուլության պատճառով էական է դառնում նաև արտաքին կառավարման հանգամանքը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 184

Մեկնաբանություններ