Ինչո՞վ է Հարկադիրը նման «թաղման բյուրոյին»:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ուրախություն է տիրում: Իսկ ուրախության պատճառն այն է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում բռնագանձվել է ավելի քան 35 մլրդ․ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 19 %-ով։ Ընդ որում, պետբյուջեի օգտին բռնագանձված ավելի քան 12 մլրդ. դրամը գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը շուրջ 18%-ով:
Ի՞նչ է դա նշանակում: Հրապարակված թվերը նշանակում են, որ Հարկադիրի ձեռամբ բնակչությունը (դրա զգալի հատվածը) նախորդ տարվա համեմատ 19%-ով աղքատացավ: Ընդ որում, պետությունը (օրվա իշխանությունը) նախորդ տարվա համեմատ 18%-ով հարստացավ: Արդյո՞ք սա հպարտանալու առիթ է: Այս իմաստով, ի՞նչ կլիներ, եթե օրինակ` «թաղման բյուրոն» հպարտանար նախորդ տարվա համեմատ իր ծառայությունների մատուցման ցուցանիշների բարձրացմամբ կամ պաշտոնական Մոսկվան փառավորվեր նախորդ տարվա համեմատ սպանված ուկրաինացիների թվաքանակի աճով:
Պատկերացնու՞մ եք: Խլել մարդկանց գումարը և գույքը, ժողով անել, թվեր հրապարակել և հպարտանալ: Չէ, ամենևին չեմ պնդում, որ Հարկադիր չպետք է լինի: Դա անհրաժեշտ կառույց է: Այնպես, ինչպես «թաղման բյուրոն»: Սակայն, հպարտանալ մարդկանց «բոմժացնելու» հանգամանքով՝ անթույլատրելի է:
Հ.Գ. Նկարում` Հարկադիրի ղեկավար товарищ Սիրոն լսում է պայմանական թորոսյանարմենի քաղաքացիներին 19%-ով «բոմժացնելու» վերաբերյալ հաշվետվությունը:
Կարեն Հեքիմյան