ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Պետական ամբիոնը՝ դեղին մամուլի աղբանոց

Պետական ամբիոնը՝ դեղին մամուլի աղբանոց
02.08.2026 | 21:49

(իշխանական «բեք-վոկալի» բարոյազուրկ ֆալշը)

Նախ արձանագրենք անվիճելի ճշմարտությունը․ երբ երկրի օրենսդիր մարմնում իսպառ բացակայում են պետական մտածողությունը, փաստարկված խոսքն ու ժողովրդական լեգիտիմությունը, քաղաքական մնացորդացը գործի է դնում սեփական զինանոցի միակ «պայթուցիկը»՝ սադրանքը, ցինիզմն ու Մայր Աթոռի դեմ պատվիրված զրպարտանքը։

2026-ի օգոստոսի 2-ի ԱԺ անդրանիկ նիստը դարձավ ասվածի դասական ու ողբերգական ապացույցը։ Առանց Վեհափառ Հայրապետի աղոթքի ու օրհնության մեկնարկած այդ կլոունադայի ընթացքում, երբ ընդդիմությունն արդարացիորեն ընդվզեց ու բարձրաձայնեց՝ «ՈՒ՞ր է Հայոց Կաթողիկոսը», նիստը վարող Կնյազ Հասանովը հանդես եկավ պետական մտածողությունից իսպառ զուրկ, ամենատարեց երեսփոխանին ու ապրած տարիներին բացարձակապես անհարիր ցինիկ հայտարարությամբ․ «Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա դեմը չէր կարող առնել»։

Նման ցինիզմը ոչ միայն անդաստիարակություն, տգիտություն կամ տարրական անգրագիտություն էր, այլև պետական արարողակարգի, դարավոր ավանդույթների և Եկեղեցի-պետություն հազարամյա հարաբերությունների բացահայտ ոտնահարում՝ քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն հռչակած երկրում։

Հայոց Եկեղեցու Հայրապետը Ազգային ժողովի առաջին նիստին ներկայանում է ոչ թե «դռնեդուռ ընկնելով» կամ առանց հրավերի ներխուժելով, այլ ըստ պատշաճի, պետական արարողակարգային հրավերով, որպես հայոց ինքնության ու հոգևոր պետականության անսասան հենարան։ Հասանովի փողոցային տրամաբանությամբ մատուցված պատասխանը լոկ անհատական սայթաքում չէ․ դա պետական ինստիտուտները կազմալուծող համակարգային անտերունչության և սեփական պատմության դեմ իրականացվող բարոյական ուրացման դասական դրսևորում է։

Իսկ Մելիտոպոլի կեղտոտ փողոցը որպես Բաղրամյան պողոտա իրացնող իշխանական քարոզչամեքենայի գլխավոր «բեք-վոկալ» Տարոն Չախոյանն էլ, պահը բաց չթողնելով, երկրի թիվ մեկ ամբիոնը վերածեց դեղին մամուլի ու կարգալույծների փողոցային բամբասանքների «օրինականացման» հարթակի։

Նրա՝ «Ո՞ր վեհափառի մասին է խոսքը․․․ Կտրիճ Ներսիսյանին կգնաք կփնտրեք էնտեղ, որտեղ ինքը կա․ կուսակրոնության ուխտը խախտած Կտրիճ Ներսիսյանին» շանտաժիստական, գավառական ու մտավոր թերհասությունից ծնված զազրախոսությունը լավագույնս փաստեց այն ողբերգական իրականությունը, որի մասին ահազանգում էի իմ՝ «Թուրքական ժամանակների» աուտոիմուն դիվերսիան» նյութում (հղումը՝ Հ․Գ․-ում)․ սրանք փորձում են պետական բարձրագույն ամբիոնի լեգիտիմությամբ օժտել փողոցային խարդավանքներն ու սեփական քաղաքական պատվերը։

Այս ելույթը պատահական հուզական պոռթկում չէր, այլ վաղուց մշակված դիվերսիոն սցենարի բացահայտում։ Իշխանական հովանոցի տակ ծվարած «անանուն» լրագրողներն ու եկեղեցական կանոններով հոգևոր կոչումից զրկված կարգալույծներն ամիսներ շարունակ «օդից կախված» լուրերով, սեռավարակների ու ինքնամարմնախեղման մասին զզվելի զազրախոսություններով տեղեկատվական հող էին նախապատրաստում, որպեսզի սրանք՝ արդեն ԱԺ ամբիոնից, հանրության վրա թափեն այդ նույն «դեղին աղբը»։

Նպատակը մեկն է․ երկրի օրենսդիր մարմնի բարձրությունից լեգիտիմացնել Սրբության դեմ իրականացվող քաղաքական-իրավական հաշվեհարդարը, արժեզրկել Հայոց Եկեղեցու հեղինակությունը և հանրությանը «անզգայացնել» արդեն օգոստոսի 7-ին մեկնարկելիք շինծու դատավարություններից առաջ։

Երբ պետական լծակները, դատական համակարգն ու ամբիոնային «երգիչները» լծվում են Մայր Աթոռը բարոյապես ու իրավապես կազմալուծելու գործին, դա արդեն ոչ թե լոկ քաղաքական պայքար է, այլ «բարեփոխումների» կեղծ կարգախոսի տակ ազգային իմունիտետը ներսից խժռող աուտոիմուն ինքնասպանություն։

Իսկ ո՞րն է սրանց «բարեփոխված» Եկեղեցու մոդելը։

Ա՛յն, որ Մայր Աթոռը փորձում են «մաքրագործել» իշխանահաճո, «Բենթլի» մականունով ու տիրադավ անբարո սրբազաններով, ընտանիք քանդող կարգալույծներով, հուդա-տարոններով ու արամիկներով։

Այո՛, սա՛ է սրանց երազած հոգևոր «էլիտան», որի ուսերին դրված է Հայոց Եկեղեցին ներսից պայթեցնելու պղծագործությունը։

Երբ չկա և ոչ մի իրավական կամ փաստացի ապացույց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ, իշխանական պրոֆեսիոնալ բանսարկուները դիմում են իրենց հին ու փորձված զենքին՝ ֆեյքերին, շինծու տեսանյութերին ու բացահայտ կեղծիքին։

Մինչդեռ, կանոնական ուխտի վերաբերյալ «դասեր տալու» սրանց անհեթեթ փորձերը լոկ քաղաքական ծխածածկույթ են՝ թուրք-ադրբեջանական դուետի առաջ ստանձնած պարտավորությունները քողարկելու և հանրությանը հոգևոր անառիկ ամրոցից զրկելու համար։

Եվ վերջապես, իշխանական ամբիոնից «Կտրիճ Ներսիսյան» անունը շահարկողների անգրագիտությունն այնքան անհատակ է, որ չեն էլ գիտակցում․ Հայաստանի Հանրապետությունում նման քաղաքացիական անուն-ազգանունով մարդ պարզապես չկա, կա Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս։

Իսկ եթե առաջնորդվենք սրանց իսկ «փողոցային» տրամաբանությամբ, ապա համացանցում իշխանական ընտանիքի, հատկապես՝ տարած-հետ բերած «առաջին տիկնոջ» սիրային արկածների վերաբերյալ պտտվող հազարումի այլանդակություններին է՞լ պիտի հավատանք ու ԱԺ ամբիոնից որպես «ճշմարտություն» մատուցենք։

Իհարկե՛ ոչ։

Ի տարբերություն պետական ամբիոնը դեղին մամուլի աղբանոցի վերածած այս վարչախմբի՝ մեր նպատակը փողոցային խարդավանքների մեջ թաթախվելը չէ, այլ սրանց հակազգային դիվերսիայի ողջ այլանդակությունը մերկացնելը։

Թող լավ հիշեն՝ պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին թաղել է իրեն կործանել ցանկացող բոլոր «թուրքական ժամանակների» գործակալներին, բանսարկուներին ու տիրադավ ուրացողներին։

Կանցնեն սրանք և իրենց պատվիրված ցեխարձակումները, իսկ Հայոց Եկեղեցին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը մնալու են անսասան՝ որպես հայ ժողովրդի հավերժության ու հոգևոր անառիկության գլխավոր վկա։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

https://www.irates.am/hy/1785514751

Դիտվել է՝ 199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ