ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Թքել-հեռացել են կամ թքել-մնացել

Թքել-հեռացել են կամ թքել-մնացել
24.10.2012 | 17:21

Վանաձորի թիվ 1 և թիվ 2 հիվանդանոցների միավորման մասին խոսակցությունները գալիս են «հին» ժամանակներից: Իրագործվեց, սակայն, Լոռվա նոր մարզպետի օրոք, նպատակը թողնելով անհայտ, չարդարացված: Միավորված կառույցը` «Առողջապահական կենտրոն» ՓԲԸ-ն, արդեն 7-8 ամիս է, ինչ կենտրոնացված կարգով բժշկական ծառայություններ է մատուցում տարածաշրջանում, նաև` ոչ քիչ տհաճություններ:

Ստացվող ահազանգերը միատեսակ են, ընդ որում, թե՛ ազգաբնակչության, թե՛ ոլորտի աշխատակիցների կողմից: Հիվանդների և հիվանդատերերի դժգոհությունը կապված է առանձին դեղորայքների ձեռքբերման, բուժօգնության թանկացման և ներքաղաքային տրանսպորտի հետ. նկատելիորեն դժվարացել է ազգաբնակչության տեղաշարժը: Բժիշկներին հուզողն իրենց աշխատատեղերի պահպանումն է: Շաբաթներ առաջ տողերիս հեղինակին ասել էին, որ ՓԲԸ-ի տնօրենությունը մտադիր է կենսաթոշակային տարիքի բժիշկների և բուժքույրերի աշխատանքային պայմանագրերը չերկարացնել, նույնիսկ դրանց լուծման ժամկետն էին նշել` հոկտեմբեր, պատճառաբանելով երիտասարդ կադրերի արտահոսքը:
Մտահոգությունն առողջ է, կիրառումը` այն էլ միանգամից, անպատեհ և հիվանդ, քանի որ մինչ այս «խելամիտ» նախաձեռնությունը, Լոռին առանց այդ էլ ունեցել է ոչ միայն գործազրկության բարձր տոկոս, այլև բժշկական կադրերի պակաս: Մայրաքաղաքը, էլ չեմ խոսում դրսի գրավիչ առաջարկությունների մասին, ո՞վ կթողնի և 50 հազար դրամի համար կգնա «Առողջապահական կենտրոն» ՓԲԸ-ում աշխատելու: Ո՞Ւմ պարզ չէ, որ եկողն իր հետ բերելու է կոռուպցիոն ռիսկեր. 50 հազարով բժիշկը տո՞ւն վարձի, կենցաղային տարրական հարցե՞ր լուծի, թե՞ «ճոխ» կյանք վարի: Դեռևս մի քանի տարի առաջ, հենց նույն առողջապահության նախարարությունում պաշտոնապես ամրագրված թվային տվյալ կա. որպեսզի մարդը պահպանի իր գոյավիճակը, նա օրական պետք է ընդունի է 1500 դրամի սնունդ: Ամսվա կտրվածքով դա 45 հազար է, գրեթե այնքան, որքան հրավիրվող բժշկի աշխատավարձն է: Ահա թե ինչու 3-4, 5-6 և ավելի ամիսներ առաջ նորաթուխ բժիշկների համալրման դեպքեր Վանաձորում չեն եղել: Առհասարակ, դժվար է նաև կանխագուշակել պրոբլեմի ավարտը, քանի որ աշխատավարձերի բարձրացումը մեր աքիլլեսյան գարշապարն է, և այս խնդրում իշխանությունների որդեգրած քաղաքականությունը կրիայի քայլեր է հիշեցնում: Ստացվում է, վերևներում հիմնախնդիրները չլուծած, ներքևներում ընկել են կրճատումների ետևից, չկարևորելով անգամ այս կամ այն բժշկի եզակիությունը, մասնագիտական պահանջարկն ու հնարավորությունների իրացման արդյունավետությունը, ինչը, մեր կարծիքով, կարճատեսություն է:
«Առողջապահական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինությունը, փաստորեն, ամենայն հավանականությամբ, «հուզվել» է տնտեսական աճ ապահովելու մասին ՀՀ կառավարության 2003 թ. սեպտեմբերի 11-ի թիվ 1298 հայտնի որոշումից և 30 բուժաշխատողների աշխատանքից ազատման հրաման արձակել: Խնդրո առարկայի շուրջ վերջերս հարցազրույց ունեցա առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ: Չթաքցնելով անտեղյակությունը, նա խոստացավ հետամուտ լինել:
Որքան էլ փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք առողջապահության նախարարը, խոստման համաձայն, ժամանակ է գտել հետաքրքրվելու Վանաձորի «Առողջապահական կենտրոն» ՓԲԸ-ի 30 բուժաշխատողների աշխատանքից ազատվելու խնդրով, բան դուրս չեկավ: Չորս-հինգ անգամ ընկալուչը ականջիցս կախված մնաց. «Պարոն Դումանյանը տեղում չէ»: Իսկ երբ տեղում էր. «Նա զբաղված է, հենց որ ազատվի, կտեղեկացնենք». սա էր աշխատակցուհու ավանդական պատասխանը:
Բացը լրացնելու համար փորձեցի կապվել ՓԲԸ-ի հետ: Սպասելիքներս դարձյալ ի չիք եղան: Տնօրենի հեռախոսը մերթ զբաղված էր, մերթ վերցնող չկար: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց հետաքրքիր պատմության ունկնդիրը լինել: Մի քանի օր առաջ, ժամը 10:30-ի սահմաններում, պայմանագրի ժամկետը լրացած 30 բժիշկներ ու բուժքույրեր` դժգոհության խարանը ճակատներին, ստացել են «վաստակած» հանգստի անցնելու հուշագիրը, ասել է թե` հասանելիք հրամանը:
«Փասափուսեքը» հավաքած թոշակային և ոչ թոշակային տարիքի բուժաշխատողները, սակայն, նույն օրը` կեսօրից հետո, հետ են կանչվել: Բարին ավետող արագիլը նրանց ականջներին այս անգամ շշնջացել է` աշխատանքի ընդունման դիմումներ գրեք: Ոմանք, ծանոթանալով աշխատանքային արդեն քաջածանոթ պայմաններին և անփոփոխ մնացած առաջարկություններին, իրավունքներին ու պարտականություններին, իրենց վրդովմունքն արտահայտել են թուղթն ու գրիչը շպրտելով: Իսկ մի քանիսը սուսուփուս ընդունել են տնօրինության առաջարկը:
Չանցած կես ժամ, աշխատանքի ընդունվածները կարդացել են երկարաշունչ հրամանը և մինչև հոգու խորքը վիրավորվել: Նրանք, որ սովոր են հիվանդներին խորհուրդ տալու, այսօր իրենք ունեն դրա կարիքը: Եվ մենք չենք կարող մեզ վրա չվերցնել այս առաքելությունը: Ներողություն խնդրելով 30 բուժաշխատողներից, ովքեր թքել-հեռացել են, և նրանցից, ովքեր կատարել են նույն գործողությունը, բայց ինչ-ինչ պատճառներով համաձայնել են աշխատելու, հորդորում ենք զերծ մնալ սթրեսներից և հնարավորինս պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Դեղամիջոցն անվճար է` հումորով վերաբերվել թե՛ ազատման, և թե՛ ընդունման հրամաններին: Մանավանդ վերջինիս, քանի որ այն, իրոք, զավեշտալի է: Իսկ մյուս կողմից` արժանի է առողջապահության նախարարության հատուկ մրցանակի: Բանն այն է, որ մի ամբողջ Ա4 ֆորմատի թուղթ զբաղեցրած հրամանը բովանդակում է ծիծաղաշարժ ձևակերպումներ: Դրանցից մեկը, օրինակ, նախատեսում է աշխատանքի որոշակի ժամկետ` մի բժշկի համար 3 ամիս, մյուսին` 6 ամիս, երրորդին` 1 տարի ժամկետով: Հաջորդ տողը, որից բժիշկները սրտնեղած են, պահանջում է 3-ամսյա փորձաշրջան: Այսինքն` առողջապահության ոլորտում 30, 40, մի քիչ ավելի, մի քիչ պակաս ստաժ ունեցող բժիշկը, որ չունի փոխարինող, կամ մարզում մեկ- երկուսը կան, չորս ժամվա տարբերության համար փորձաշրջան է անցնելու:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 98 կետը լավ սերտած տնօրենության վարքագիծը ուսումնասիրման կարիք ունի թե՛ իրավական, թե՛ առողջապահական դաշտում: Եվ թող վերադասը դրանով զբաղվի: Անշուշտ, փորձաշրջանի կիրառումը կարդարացվեր, եթե նույն գործատուի մոտ բժիշկներն ընդունվեին աշխատանքի որպես փականագործ, զոդող կամ թիկնապահ: Ինչևէ: Կատարվածը կատարված է, ու նման չգրված հեքիաթի (թեև արդեն գրվեց): Իսկ մեր հեքիաթները, գիտեք, ավարտվում են երկնքից երեք խնձոր ընկնելով: Այս դեպքում` մեկը նախարարին, մյուսը` աշխատանքի վերականգնված բուժաշխատողներին, երրորդը` մեզ, խմբագրությանը: Հասնում է:


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 29103

Մեկնաբանություններ