16.01.2025|
09:09
Էս հսկա, ծանր հեռուստացույցի վրա ընդամենը 12 ալիք կար՝ ինչպես ժամացույցի թվատախտակին. հենց թվատախտակի նման էլ դասավորված էին թվերը՝ վերևում՝ տասներկուսը, ներքևում՝ վեցը և այլն։ Արտադրողների մտքով անգամ չեր անցնում, որ դրանից ավելի շատ ալիքներ կարող են լինել. էդքան ի՞նչ պիտի հաղորդեն։ Իրականում՝ տասներկու ալիք, իհարկե, չկար. ընդամենը երկու ալիք էր՝ առաջին ալիքը՝ հայկականը, ու ութերորդը՝ Մոսկվան։ Ավելի ուշ ավելացավ 11-րդ ալիքը՝ երկրորդ հայկական հեռուստատեսությունը, որ երեկոյան մի քանի ժամ էր աշխատում, ու հինգերորդ ալիքը՝ երկրորդ ռուսական ալիքը, որ էլի երեկոյան էր միանում։ Դրանց ավելանալն իրադարձություն էր. կարծես, աշխարհը երկու անգամ մեծացավ։ Պուլտ, իհարկե, չկար. ալիքը փոխելու համար պիտի մոտենայիր հեռուստացույցին, խոնարհվեիր, ինչպես նորին գերազանցության առաջ, ու բռնակը պտտեիր չորս գործող ալիքներից մեկի վրա։ Երբ էլ միացնեիր, էդ չորս ալիքներից մեկով մի հետաքրքիր բան, անպայման, հաղորդում էին, որ կարելի էր նայել, մի նոր բան իմանալ, հաճելի պահեր ապրել։