Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ամփոփվեցին «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի աշխատանքները

Ամփոփվեցին «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի աշխատանքները
14.11.2013 | 16:22

Նոյեմբերի 14-ին ամփոփվեցին «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի աշխատանքները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ միջոցառման ձևաչափը երիտասարդական կառույցներին կատարած աշխատանքը լավագույնս ներկայացնելու հնարավորություն տվեց։ «Ցուցահանդեսին ներկայացված էին կազմակերպություններ, որոնք ցույց տալու բան ունեն, որոնք երիտասարդական դաշտի ակտիվ, գործող կառույցներ են, որոնք ամենօրյա աշխատանք են տանում այս ոլորտի զարգացման ուղղությամբ»,- նշեց Կարեն Ավագյանը՝ համաժողովին ներկայացված կառույցներին միմյանց և երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցության կոչ անելով։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող Հայկ Բեջանյանը դրական գնահատեց համաժողովի աշխատանքները։ «Այն տվեց նոր ծանոթություններ տարբեր կառույցների հետ։ Տեսանք միմյանց աշխատանքները, որոշ չափով ստեղծվեց մրցակցություն, ինչը խթան կհանդիսանա հետագա զարգացման համար»,- ասաց Հայկ Բեջանյանը։

Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի անդամ Ներսես Միրաքյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի այցելուները մեծ ուշադրության էին արժանացնում կոնսերվատորիայի տաղավարին։ Հետաքրքրվում էին բուհի ֆակուլտետներով, բաժիններով, ներկայացված երաժշտական գործիքներով։ Շատերն անգամ կոնսերվատորիայում կրթություն ստանալու ցանկություն հայտնեցին։ Ըստ Ներսես Միրաքյանի՝ այս ցուցահանդեսն ինչ-որ տեղ նաև մասնագիտական կողմնորոշման դեր ունեցավ։

Համաժողով-ցուցահանդեսի աշխատանքի ավարտին մրցանակներ հանձնվեցին լավագույն տաղավար ներկայացրած կառույցներին։ Ուսանողական ինքնակառավարման կառույցներից լավագույն տաղավարը ներկայացրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ հասարակական կազմակերպություններից «Լավագույն տաղավար» անվանակարգում մրցանակի արժանացավ «Վորլդ վիժն-Հայաստան» կազմակերպությունը։

Նշենք, որ «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովի կազմակերպիչն էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ծրագրի իրականացմանն աջակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։ Միջոցառմանը ներկայացված էին երիտասարդական ոլորտի ավելի քան 60 կազմակերպություններ։

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ