Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

«21-րդ դարը մարզային բդեշխների, արքայից արքաների դար չէ»

«21-րդ դարը մարզային բդեշխների, արքայից արքաների դար չէ»
12.12.2014 | 00:57

«Իրատես de facto» ակումբում երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՆ անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների խնդրին: «Մենք այսօր ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, և այդ փոփոխությունները բոլոր պետություններին, նաև Հայաստանի Հանրապետությանը ստիպում են պարբերաբար անդրադառնալ տարբեր հարցերի,- ասաց նա։- Մասնավորապես անհատական հարթության մեջ հարկ է, որ մարդիկ վերարժևորեն իրենց անցած ճանապարհը, հասարակական հարթության մեջ՝ հասարակությունը գնահատի, թե ինչ կետում է հանգրվանել, առավել ևս, պետությունը վերանայի իր հետագա անելիքները»: Բանախոսի կարծիքով՝ այն պետությունները, որ հստակ ձևակերպել են իրենց ապագայի տեսլականը, ընթանում են հստակ ուղիով, որոշ պետություններ էլ շատ հաճախ կախված են լինում արտաքին մարտահրավերներից: Անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը, բանախոսը նկատեց, որ 2005-ին ունեցանք նախագահական սահմանադրություն, որը ավտորիտար ռեժիմի ձևավորման հիմքերը դրեց, և մեր հասարակությունը սկսեց ապրել անհատակենտրոն տրամաբանությամբ. «Աստիճանաբար անցում ենք կատարում հասարակակենտրոն հասարակության, հերթական 10 տարին անցավ, առաջացան արտաքին մարտահրավերներ, ներքին կյանքում՝ բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար օրակարգային են դարձել սահմանադրական բարեփոխումները»: Վահրամ Մկրտչյանի համոզմամբ՝ այդ բարեփոխումները մեզ կտեղափոխեն որակապես նոր հարթություն, որը բացառելու է նախկինում եղած հակամարտ հարաբերությունները:
Հարց հնչեց. «Մտավախություն չունե՞ք, որ Մաքսային միությունում այդ համակարգը լավ չի ընդունվի»: «Պետության մոդելավորման հարցը տվյալ պետության հասարակության խնդիրն է: Եվ եթե քաղաքական էլիտան համակարծիք է պետական հասարակական կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ, ապա դրանք միանշանակ իրականություն են դառնում»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը: Նախագահի հայտարարությունն առ այն, թե բարեփոխումների մասին իր կարծիքը կասի փետրվար-մարտ ամիսներին, նրա կարծիքով, յուրօրինակ ընդմիջում էր, որի ընթացքում հայ հասարակությունը պիտի փորձի յուրացնել այս կարևոր քայլը. «Եթե ընդդիմությունը չընդունի այս առաջադեմ առաջարկությունը, ես կորակեմ, որ նրանք չունեն քաղաքական ռազմավարություն, 21-րդ դարի ֆեոդալիզմի տրամաբանությամբ գործող ուժեր են՝ մարզային բդեշխներ, արքայից արքաներ և այլն: 21-րդ դարն այդ տիպի հարաբերությունների դար չէ»:
«Որպես վեցամսյա աշխատանքային փորձ ունեցող պատգամավոր՝ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Ազգային ժողովի գործունեությանը» հարցին Վահրամ Մկրտչյանը պատասխանեց. «Ընդդիմադիր շատ գործիչներ կառավարության առաջադրած օրենքների նկատմամբ ունենում են շատ դրական կարծիք և արտահայտում են այն փակ նիստերում, բայց երբ մոտենում են ամբիոնին, 180 աստիճանով շրջվում են։ Իսկ օրենքները, որ կարևորում են և մասնակցել են դրանց քննարկմանը, շատ են. շրջանառության հարկը փոքրացվել է երեքուկես տոկոսով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տրվել են հարկային արտոնություններ, սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտներն ազատվել են բոլոր տիպի հարկերից և այլն:
Սա մեր նոր կառավարության, վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական կամքի շնորհիվ է: Իհարկե, նաև հանրապետական կուսակցությունն է այս նախաձեռնությունների հիմքում կանգնած: Ինչքան էլ ընդդիմությունը ուզենա տեսնել, որ ձախողվում է կառավարությունը, ես վստահ եմ, որ չի ձախողվում, և մենք այդ օրենքների սոցիալ-տնտեսական արդյունքը կտեսնենք 2015-2016 թվականներին»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 29371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ