ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Գունավոր հեղափոխություն դրախտում

Գունավոր հեղափոխություն դրախտում
29.05.2018 | 09:51

«Ցանկացած երկրում կարելի է հեղափոխություն կազմակերպել»:
Կարել ՉԱՊԵԿ, «Բացարձակի գործարանը» (գլուխ 16, 1922թ.)


Հա՛, հիշեցի:
Դա սկսվեց այն օրը, երբ Ամբրոսիան ու Նեկտարը մուտք գործեցին Դրախտ: Նրանց հետ մեկտեղ ծածուկ և կատվաքայլ թափանցեց և հիմնավորապես հաստատվեց Հոգսը: Այո, հատկապես Հոգսը, որի գոյությունն իսպառ մոռացել էինք այստեղ հայտնվելուն պես: Հոգսը, որը մեր երկրային կյանքում հետապնդում էր մեզ օրնիբուն, քուն թե արթուն, և ոչ միայն մեզ՝ ընչազուրկ ռամիկներիս: Անգամ աշխարհակալ կայսրն առավոտյան իր նախաճաշը վայելելիս, պատահում էր, որ մտահոգվի, թե ինչ կլինի իր հետ, եթե կամոքն Աստծո, օրերից մի օր կորցնի իր գահն ու թագը, ինչպես պատահել է իրեն նախորդած, իրենից առավել հզոր վեհապետներից մի քանիսին:


Մինչև այստեղ ժամանելս ես ապրել եմ հասարակ զինվորին պատշաճող խստակյաց և ժուժկալ կյանքով, ամեն ինչում բավարարվել եմ միշտ եղածով և երբեք ավելին չեմ պահանջել Ամենաբարձրյալից: Պատերազմների մեջ օրեր են եղել, երբ պատառ հացն անգամ չեմ ունեցել, սակայն բնավ չեմ դժգոհել, քանզի դա է եղել իմ ճակատագիրը, որին պիտի ենթարկվեմ մինչև իմ վերջին ժամը: Եվ երբ հնչեց այդ ժամն ու ես հայտնվեցի Դրախտում, ապա իմ կյանքը շարունակվեց նույն կերպ՝ զուսպ ու համեստ, միակ տարբերությամբ, որ այլևս չէի պատերազմում և եղբորս պես հարազատ սուրս այլևս ձեռքիս չէր: Այսինքն՝ ի՜նչ սուր, հասարակ դանակն անգամ չկա այստեղ, կերակուրը քո ուզած չափով, անհրաժեշտ պահին մտնում է բերանդ, մնում է հաճույքով ծամես ու կուլ տաս և չմտածես ոչ մի բանի մասին:
Ի՞նչ էի ասում... Հա՛, որ Հոգսը մտավ Դրախտ, իսկ Հոգսի հետ՝ նրա հարազատ եղբայր Ժամանակը, և չգիտես, թե այս երկուսից որն է ավելի անգութ և անողորմ: Ավելի ճիշտ կլինի ասել՝ երկուսն էլ իրար արժեն, քանի որ շարունակ մեկը ծնում է մյուսին: Մինչ այդ, Դրախտում, Ժամանակի գաղափար գոյություն չուներ: Օրերը, ամիսները, տարիները և անգամ հարյուրամյակները սահում էին աննկատ: Բացարձակապես մեր հոգը չէր, թե ինչ է այսօր՝ կիրակի՞, թե՞ երկուշաբթի, ամսվա վե՞րջն է, թե՞ սկիզբը, քանի՞ օր անցավ, քանի ամիս, քանի տարի, ծերացել եմ, թե՞ ոչ... Հարյուր, հինգ հարյուր, հազա՜ր տարի էր անցնում, և մնում էիր նույնը: Հայելու մեջ նայում էի ինձ և մազաչափ փոփոխություն չէի նկատում: Եվ թվում էր, որ այսուհետ ընդմիշտ այսպես պիտի անցներ մեր գոյությունը Դրախտում, բնականաբար որևէ փոփոխության մասին ոչ ոք չէր մտածում: Ի՞նչը փոխել և ինչու՞ փոխել: Վերջապես մեր ի՞նչ գործն է:


Եվ հանկարծ տարօրինակ արարածներ հայտնվեցին Դրախտում: Նրանք տեղից տեղ էին շարժվում բերնեբերան լցված ինքնագնաց սայլերով, կանգնում էին մեր կացարանների առջև և առաջարկում համտեսել անծանոթ կերակուր և խմիչք, որոնց անունն էր «Ամբրոսիա» և «Նեկտար»: Ասում էին, թե դա հին աստվածների նրբաքիմք համադամն է և ազնվագույն ըմպելիքը, և որ համեղ են ոչ միայն խելացնորության չափ, այլև անկրկնելի հրճվանքով են լցնում հոգիդ:


Մենք՝ անհոգ ու զվարթ էակներս, անակնկալից փոքր-ինչ վախվորած, վարանում էինք ընդունել առաջարկը, սակայն մեզնից մի քանիսը` առավել համարձակները, մոտեցան, զգուշորեն համտեսեցին և, հիացած, հրավիրեցին մեզ հետևել իրենց օրինակին:
Դա իսկապես արտակարգ մի բան էր: «Ահա սա է իսկական դրախտային կերակուրը», - ասաց պատկառելի մի ծերունի: Մենք վայելում էինք Ամբրոսիան ու Նեկտարը և չէինք հագենում: Մի խիտ ամբոխ էր շրջապատել սայլը, որն անմիջապես դատարկվեց: Քիչ անց հայտնվեցին նոր սայլեր՝ դարձյալ բերնեբերան լցված, որոնք նույնպես կարճ ժամանակում դատարկվեցին: Մի խելագար հրճվանք էր համակել մեզ, բոլորս պարում էինք, երգում, ողջագուրվում, համբուրվում:


Սայլերն ինչպես հայտնվել էին անակնկալ, այդպես էլ անհետացան, իսկ մենք շարունակում էինք մեր խենթ շուրջպարը:
Հաջորդ օրն առավոտյան մենք հրաժարվեցինք ընդունել մեր հանապազօր դրախտաբաժին նախաճաշը, համոզված, որ նորից Ամբրոսիա կճաշակենք, ինչպես խոստացել էին անակնկալ այցելուները: Նրանք իսկապես իրենց խոսքի տերը եղան, և մենք դարձյալ հրճվալից ու խելահեղ մի օր անցկացրինք: Եվ այսպես տևեց մի ամբողջ ամիս:
Մենք արդեն ընտելացել էինք այս կյանքին և գալիս էինք այն եզրակացության, որ Դրախտը փաստորեն նոր է սկսվում: Ոչ ոք չէր մտածում, թե ովքե՞ր են այս սայլապանները, որտեղի՞ց հայտնվեցին, ինչու՞ մինչև այժմ չկային, վերջապես, ո՞վ է նրանց ուղարկում: Մեզ դա չէր հետաքրքրում: Մենք համոզված էինք, որ հաջորդող ամեն մի օրն այսպես է լինելու:
Բայց ավա՜ղ...


Մի օր էլ արթնացանք և տեսանք, որ սայլերը չկան: Դա մեզ առանձնապես չանհանգստացրեց: Նույնիսկ չէինք փորձում գուշակել ուշացման պատճառը, քանզի համոզված էինք՝ ուր որ է կժամանեն սովորականի պես: Սակայն օրը կիսվեց՝ սայլերը չերևացին: Երեկոն եկավ, մթնեց, դարձյալ չկային: Եվ առաջին անգամ մենք անոթի անկողին մտանք, քանի որ Դրախտի կերակուրներն այլևս մեր բերանը չէին մտնում, չէ որ հրաժարվել էինք դրանից:
Հաջորդ օրը, առավոտ կանուխ, մեր կացարանների առջև կանգնած, համբերատար սպասում էինք սայլերի ժամանելուն: Բայց հորիզոնում ոչինչ չէր նշմարվում: Մենք լուռ էինք, համբերատար լռությամբ լցված: Իսկ երբ կեսօրն անցավ, և ամեն ինչ մնաց նույնը, տրտունջներ լսվեցին, որ գնալով ահագնացան և վերածվեցին բողոքի: Մեզնից ոմանք, առաջին անգամ Դրախտ մտնելուց հետո, անքուն գիշեր էին անցկացրել, ժամերը հաշվել՝ համոզված, որ առավոտյան անպայման պիտի ճաշակեն աստվածների բաղձալի սնունդը, բայց հուսախաբ էին, և արդեն ոչ թե ժամերը, այլ րոպեներն էին հաշվում, տանիքներին ու ծառերին բարձրանում, որպեսզի ավելի հեռուն տեսնեն, բայց հեռուն կատարելապես անհեռանկար էր:


Նյարդային դողը համակել էր բոլորիս, ոմանք արդեն ջղաձգվում էին, մի քանիսն էլ լալիս էին, անկապակից բառեր մրմնջում, մի երկուսն էլ ընկնավորի պես գետնատարած ցնցվում էին, խռպոտ աղաղակներ արձակում, նրանց բերանից դեղնորակ լորձունք էր ծորում, աչքերը կուլ էին գնացել: Տեսարանն ահավոր էր, և ամենասոսկալին՝ ոչ ոք չէր մոտենում նրանց՝ օգնելու, մխիթարելու, մեզնից ամեն մեկը ճզմվել էր Հոգսի տակ և արդեն անտարբեր էր Մերձավորի հանդեպ, իսկ անդուլ Ժամանակը րոպե առ րոպե բառացիորեն սպանում էր մեզ:
Դրախտը, փաստորեն, մեկ օրվա մեջ դարձավ Դժոխք:

ԴՐՎԱԳ ԵՐԿՐՈՐԴ
«Ցանկության դեպքում գունավոր հեղափոխություն կարելի է կազմակերպել անգամ Դրախտում, որտեղ սոցիալական, քաղաքական, տնտեսական, ռասայական և կրոնական, նյութական և սեռային, առողջապահական և մշակութային, և ընդհանրապես որևէ խնդիր չկա և չի կարող լինել, հետևաբար չկա որևէ պատճառ հեղափոխելու: Բայց մարդ արարածն անըմբռնելի է»:
Անանուն և անգո հեղինակի երբևէ չգրված, հետևաբար երբեք և ոչ մի տեղ չհրատարակված, սակայն գիտական շրջանակներում լայն տարածում գտած պատմափիլիսոփայական հանրահայտ մենագրությունից: Գլուխ XXXVIII, էջ 687:
Եվ մենք սկսեցինք մտածել:
Ասել չուզի, թե մինչ այդ, անբան անասունների պես, բնավ չէինք մտածում, չնայած նրանք լավ էլ մտածում են: Իմ լուսահոգի գամփռը, օրինակ, երկու անգամ ինձ փրկել է ավազակներից: Եթե չմտածեր, ինչու՞ պիտի փրկեր:
«Մտածել» ասելով ես հասկանում եմ այսպես. մենք երբեք չէինք մտահոգվում, թե այսուհետ ինչ է լինելու մեզ հետ, թե ինչ ենք ուտելու վաղը, ինչ ենք հագնելու, որտեղ ենք ապրելու, մեր հարևանը պարկեշտ մարդ է, թե ոչ: Մենք հանգիստ էինք ոչ միայն մեր վաղվա օրվա, այլև ամեն ինչի համար: Չէ՞ որ Ամենաբարձրյալի հովանու ներքո էինք:
Մինչդեռ սայլերն իրենց հետ բերեցին ոչ միայն համադամներ և չքնաղ ըմպելիքներ, այլև անհանգստություն և տագնապ: Ծնվեցին հարցեր. սայլերը որտեղի՞ց եկան և ինչու՞ այլևս չեն գալիս: Ոմանք կոչ էին անում համբերությամբ լցվել, ասելով, որ սա Աստծո փորձությունն է, որ շուտով ամեն ինչ կշտկվի: Ոմանք էլ զայրալից խոսքեր էին շպրտում, պահանջում կտրուկ քայլերի դիմել, հետաքննել, պարզել ամեն ինչ, և եթե պետք է, պատժել մեղավորներին: Ես կրակոտ ելույթ ունեցա, առաջարկեցի խմբեր կազմել և անհապաղ անցնել գործի: Դրախտը պառակտվեց երկու մասի, ավելի ճիշտ՝ երկու կուսակցության: Առաջինը կոչվեց «Համբերություն», երկրորդը՝ «Գործ»: Ինձ երկրորդի նախագահ ընտրեցին:
Մենք Դրախտը վերից վար պրպտեցինք և խուզարկեցինք: Կարճ ժամանակում, ինչպես ասում են, մեր աչքերը բացվեցին, և մենք սոսկալի բացահայտումներ արեցինք: Օրինակ, մենք պարզեցինք, որ Դրախտում աղաղակող անհավասարություն կա, որ դրախտային պայմաններից օգտվում է մի չնչին մասը, իսկ բացարձակ մեծամասնությունը փաստորեն գոյություն է քարշ տալիս: Ըստ որում, վրդովեցնողն այն էր, որ այդ փոքրամասնությունը գերազանցապես կազմված էր անարժաններից, որոնք հայտնի չէ՝ ինչպես էին սողոսկել Դրախտ:


Խոսեմ իմ օրինակով: Ավելի քան տասնհինգ դար առաջ ես՝ հին զինվորս, մասնակցեցի վճռական մի ճակատամարտի, որտեղ մեր սուրբ հավատի խնդիրն էր դրված: Հազար հոգի կորցրինք այդ ճակատամարտում: Ահա այդպես: Իսկ հետո, ես չգիտեմ ով և ինչպես որոշեց այդ հազարին միանգամից, առանց որևէ ընտրություն կատարելու, բերել Դրախտ: Սկզբում ես բանի տեղ չէի դնում այս հանգամանքը: Ասում էի՝ թող բերեն, ի՞նձ ինչ: Բայց հիմա, երբ մեր աչքերը բացվեցին, ես ընդվզեցի: Հիմա կասեք, թե պարծենկոտ եմ, բայց հո բոլորը գիտեն, որ թշնամու քսան զինվոր գեհենի բաժին դարձրի, իսկ հետո քաջին վայել մահով ընկա, երբ փորձում էի նիզակը խրել փղի որովայնը:


Մինչդեռ այդ հազարի մեջ ինձ նման խիզախ հազիվ մի տասը լիներ, իսկ մյուսները գլուխ էին պահում: Նույնիսկ զոհված ձևանում, բերանքսիվայր ընկնում դաշտում, հետո, ճակատամարտի ավարտին իսկույն հարություն առնում և կիսում հաղթանակի փառքը: Բայց արի ու տես, որ նրանք էլ մեզ՝ հերոսներիս հետ հավասար եկան Դրախտ: Հիմա ասեք շիտակորեն, դա արդա՞ր է: Իհարկե ոչ: Ինչպե՞ս կարող է վախկոտը հերոսի հետ հավասար Դրախտ մտնել:
Մտնելը դեռ մի կողմ: Դուք տեսեք, թե նրանք ինչպե՜ս են բնավորվել կայսերական պալատներում և ինչպե՜ս են թաղվել մեղսալի վայելքների մեջ: Օրուգիշեր նրանց ապարանքներում խրախճանք է, աշխարհի ամենագեղեցիկ հարճերն են շրջապատել նրանց: Իսկ մենք՝ քաջերս, որ ընկանք հանուն մեր սուրբ հավատի, ճիշտ է` Դրախտում ենք, բայց շարունակում ենք ապրել զուսպ և ժուժկալ, ինչպես մեր երկրային կյանքում, մեր ռազմական արշավանքների օրերին:
Հարևանս, առաքինի, իսկապես Դրախտին արժանի մի մարդ, ասում է՝ զսպիր զայրույթդ և Աստծո գործերին մի խառնվիր: Եղբա՛յր, ես Աստծո գործերին չեմ խառնվում, այլ մարդու, որ պղծում է Աստծո արդար օրենքները: Բայց մինչև ե՞րբ:


Ասացի, որ Դրախտում օրերն ու տարիները չէինք հաշվում, և միայն վերջերս իմացա, որ հազար հինգ հարյուր տարի այստեղ եմ: Այս ընթացքում քանի՜ քանիսը եկան ու ավելացան մեզ: Վերջերս մի տարօրինակ էակ հայտնվեց, կատարյալ մի խենթ, որ հայտարարում է, թե յուրաքանչյուրից պետք է պահանջել ըստ ընդունակությունների և յուրաքանչյուրին պետք է տալ ըստ պահանջմունքների: Ասել կուզի, որ ծույլն ու անբանը անգամ մի թիզ հող չի կարող մշակել, բայց կարող է ամբողջ աշխարհը պահանջել... Հայտնի է, որ նման արարածները մեծ, շա՜տ մեծ ախորժակ են ունենում: Եվ ի՞նչ, պիտի բավարարե՞նք նրանց անհագ ախորժակը... Հետո՞, սա եղավ արդարությու՞ն: Կարծես մեր ունեցած ձրիակերները քիչ էին, հիմա նորերն են ավելանալու:


Մեր կուսակցությունը չի կարող հանդուրժել նման իրավիճակը: Օր չկա, որ մեր աչալուրջ խմբերը մի խայտառակ փաստ չբացահայտեն: Երկարատև պրպտումներից հետո մենք պարզեցինք նաև Ամբրոսիա և Նեկտար բերող սայլերի առեղծվածը: Պարզվեց, որ դրանք ժամանում էին՝ չգիտես ում ձեռքով, ինչպես և երբ Դրախտի և Դժոխքի միջև բացված գաղտնի անցքով: Մենք առայժմ չգիտենք, թե ինչ մութ ուժեր են կանգնած այս դավադրության հետևում, սակայն կարող ենք վստահորեն ասել, որ դա արվում էր որոշակի նպատակով` ապակայունացնել Դրախտը:
Ի դեպ, մանրակրկիտ քննության ենթարկվեց այդ, այսպես կոչված, «աստվածային կերակուրն ու ըմպելիքը», և դրանց բաղադրության մեջ բազմաթիվ արգելված նյութեր, հատկապես թմրեցուցիչներ հայտնագործվեցին, որոնք մեծ վտանգ են ներկայացնում և կարող են կախվածության մեջ գցել մարդկանց, հետևաբար հիմնավորապես խախտել մեր հոգեկանը: Ապացույց՝ բազմաթիվ ցնորված դրախտակյացները, որոնք գիշերուզօր, հայացքներն անորոշ կետի հառած, աննպատակ դեգերում են և, հմուտ մասնագետների վկայությամբ, բացարձակապես բուժման ենթակա չեն:


Այսպես չի կարող շարունակվել: Լուրջ վերակառուցումներ պիտի արվեն Դրախտում: Օր չկա, որ մեր հետաքննող խմբերը խայտառակ բացահայտումներ չանեն: Մենք նույնիսկ, փորձի փոխանակման նպատակով, պատվիրակություն ուղարկեցինք Դժոխք և համոզվեցինք, որ այնտեղ իդեալական կարգուկանոն է տիրում, ինչը չես ասի մեր մասին:
Ի՞նչն է պատճառն այս սոդոմ-գոմորի, ու՞մ մեղքով է տեղի ունենում այս ամենը: Հը՛մ, մի՞թե այնքան եք կուրացել, որ չեք տեսնում: Չէ՞ որ ասված է՝ ձուկը գլխից է հոտում: Իսկ ո՞վ է կանգնած Դրախտի գլխին: Նա, ով մի գիշերվա ընթացքում երեք անգամ ուրացավ իր Տիրոջը, ասել է թե՝ դավաճանեց: Ճիշտ է, մեր Տերն իր անսահման բարությամբ ներեց նրան, բայց մարդկային օրենքը չի ներում դավաճաններին: Բանակում դավաճաններին տեղնուտեղը, առանց դատ ու դատաստանի, շանսատակ էինք անում: Ոմանք արդարացում են գտնում նրա համար, ասում են իբր դժվարին, նույնիսկ վտանգավոր կացության մեջ էր, այդ պատճառով ուրացավ, իսկ հետո խորապես զղջաց: Չեմ ընդունում նման բացատրությունը: Հավատարմությունը վտանգի մեջ է ապացուցվում, իսկ ապահով և հանգիստ վիճակում ով ասես կարող է հավատարիմ լինել:


Հիմա ասացեք ինձ, կարո՞ղ է մեր Տիրոջը դավաճանած աշակերտն այսպիսի պատվավոր և պատասխանատու պաշտոն ստանձնել: Պատասխանը մեկն է. չի՛ կարող: ՈՒստի նա պիտի անմիջապես հեռանա, և մենք Դրախտի նոր պահապանի ընտրություններ կատարենք: Ի միջի այլոց, բնավ պարտադիր չէ, որ նոր պահապանը Տիրոջ աշակերտներից մեկը լինի: Այդ պատվավոր պաշտոնին կարող է հավակնել նաև անբասիր կյանքով ապրած որևէ հասարակ մահկանացու: Այդպիսիք, փառք Աստծո, Դրախտում քիչ չեն:
Իմ կուսակիցները միահամուռ ուզում են իմ թեկնածությունն առաջադրել: Ինչպես սպասվում էր, ես կտրականապես հրաժարվեցի այդ առաջարկից, ասելով, որ ինձնից ավելի արժանի թեկնածուներ կան: Սակայն նրանք համառում են, պնդում: Ես դեռ չեմ պատասխանել: Դեռ վարանում եմ: Սակայն, գուցե, կարելի է... Տեսնենք... Կմտածեմ... Լրջորե՜ն կմտածեմ... Իսկ մինչ այդ պետք է նորանոր փաստերով զինվել, որպեսզի սպասվելիք ընտրություններում մենք անպայման հաղթանակենք, և այդ ժամանակ ես Դրախտում երկաթյա ձեռքով խստագույն կարգուկանոն կհաստատեմ: Ճիշտ այնպես, ինչպես Դժոխքում է:


Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
փետրվար, 2018 թ.

Դիտվել է՝ 126757

Մեկնաբանություններ