ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Արցախում՝ անժամկետ հանրահավաքներ, Հայաստանում՝ ամառային անդորր

Արցախում՝ անժամկետ  հանրահավաքներ, Հայաստանում՝ ամառային անդորր
15.07.2023 | 10:27

Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում ու Երևանում, և որքանո՞վ է համադրելի իրավիճակը հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքներում:

Նախ՝ «այցելենք» Ստեփանակերտ:

Հուլիսի 14-ին Արցախում շարունակվել է Համաժողովրդական շարժման հանրահավաքը։ Վաղ առավոտից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները երթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի նստավայր: Համաքաղաքացիների երթին միացած ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ եկել են ռուս խաղաղապահներին և նրանց հրամանատարությանը ներկայացնելու արցախցիների պահանջները, որոնցից գլխավորը կյանքի ճանապարհը բացելն է: Ի դեպ, այդ պահանջներն ավելի վաղ հանրահավաքի մասնակիցները հնչեցրել էին ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի առաջ՝ պահանջելով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։

«Որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր հանդեպ ցանկացած լավություն գնահատող և բազմապատիկը ներկայացնող տեսակն է։ Պատերազմից հետո արցախցին մշտապես իր երախտիքի խոսքն է ասել ռուս խաղաղապահ ուժերին։ Եվ այսօր այստեղ ենք մեկ պահանջով՝ բացեք Արցախի կյանքի ճանապարհը և թույլ տվեք, որ Արցախի զարկերակն աշխատի։ Մենք այստեղ ապրել, մեր երեխաներին, թոռներին կրթել ենք ուզում, արդյոք մենք ավելի՞ն ենք ուզում,-ասել է պետնախարարը, հավելելով, որ եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, դա չի նշանակում, որ այդ ամենի ծանրագույն հետևանքներն իր վրա պետք է կրի արցախցին։-…Մենք չպետք է թույլ տանք, որ Արցախում լինեն մահեր, զորեր, ու միայն դրանից հետո արթնանա միջազգային դերակատարների կամ միջնորդների խիղճը, ուշադրությունը սկսի սևեռվել Արցախի վրա։ Իրավունք չունենք հասնելու այդ կետին»։

Նշենք, որ հանրահավաքին մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել տեսաուղերձով և հայտարարել, որ միանում է շարժմանը:

Իր հերթին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործություններն ու ահաբեկչությունը։

Հիմա «գանք» Երևան:

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հանդես է եկել հետևյալ կոչով.

«Յոթ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է՝ մեր ազգակիցներն ապրում են ծանրագույն ճգնաժամի ծայրահեղ պայմաններում։ Պահը օրհասական է և ճակատագրական։

Քույրեր և եղբայրներ, պետք է, անհրաժեշտ է կանգնել Արցախի մեր հայրենակիցների թիկունքին։ Սիրելիներս, դիմում եմ յուրաքանչյուրիդ՝ Մայր Հայրենիքում հյուրընկալված Սփյուռքի մեր հայրենակիցներին, հայաստանյան բոլոր հասարակական կառույցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, քաղաքացիներին և, հատկապես, 2020թ. պատերազմի պատճառով տեղահանված և Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին, մեր մայրերին ու քույրերին՝ միացե՛ք ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի նախաձեռնած խաղաղ և ապաքաղաքական հավաքներին։

Միասի՛ն տեր կանգնենք և պայքարենք Արցախը փրկելու, հայկական պահելու համար։

Հաստատակամորեն կանգնենք շրջափակման պայմաններում պայքարող մեր հարազատների կողքին և ապացուցենք, որ Արցախը մենք ենք, Արցախը չի կարող չլինել հայկական։

Կոչ ենք անում միանալ մեր պահանջատիրությանը և տեր կանգնել Արցախին։

Մենք պարտավոր ենք, մենք այլ ելք չունենք»։

Արցախցիների պահանջատիրությանն ու Արցախին տեր կանգնելու այս կոչ-աղերսին Երևանում միացել են

ՀՀԿ-ականները՝ բողոքի ակցիա իրականացնելով Եվրամիության գրասենյակի առջև։

«Արդեն 200 օրից ավելի է Հայոց Արցախը գտնվում է շրջափակման մեջ, գտնվում է հումանիտար բլոկադայի շեմին, և դա իրականացվում է միջազգային հանրության և Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների անտարբերության քողի տակ,- ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։- Սա այն կառույցի գրասենյակն է, որն ունի միջազգային պարտավորություն, ունի պարտավորություն նաև հայ ժողովրդի՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիների առջև։ Դեռևս մեր իշխանության օրոք ԵՄ-ը ստորագրել է Հայաստանի հետ համագործակցության պայմանագիր՝ CEPA-ն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անքակտելի է։ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքը վավերացրել են ԵՄ բոլոր երկրները, բայց այսօր ԵՄ-ը, փոխանակ պաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը վավերացվել է հենց ԵՄ-ի կողմից, դարձել է Արցախի արդբեջանացման քավորը:

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր արցախցի քույրերին ու եղբայրներին: Արցախի ադրբեջանացում չի լինելու, և թող Միշելն էլ, Նիկոլն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը հայինը եղել է, հայինն էլ մնալու է»:

Եվ վերջում ոչ այն է հռետորական, ոչ այն է պաթետիկ հարց. իսկ ու՞ր են արցախցի քույրերին ու եղբայրներին համերաշխություն հայտնող, Միշելի, Նիկոլի ու Ալիևի ականջներից «օղ կախող» բազմահազար հայաստանցիները:

irates.am

Դիտվել է՝ 16555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ