ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

«Կերպարվեստի Արարատ երկրում»

«Կերպարվեստի Արարատ երկրում»
27.09.2023 | 18:43

ՆԱԽԵՐԳ

Կարևորելով հայ ազգային կերպարվեստի նշանակությունը հայկական պետականության կայացման գործում` սկսում ենք հրապարակումների շարք` ի նվիրումն հայ դասական կերպարվեստի հանգուցային դեմքերի` դեմքեր, որոնց տաղանդի ցոլքը երկիր կհրավիրի քաղաքակիրթ աշխարհին:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Կերպարվեստի Արարատ երկիր»

խորագրի հեղինակ

Հ.Գ. Հարգարժան ընթերցող, քեզ ներկայացվող խորագիրը` «Հայաստանը կերպարվեստի Արարատ երկիր» համահայկական հռչակագիրն ի կյանք կոչելու նպատակաուղղված գործընթաց է:



ՅԱԿՈՒԼՈՎՅԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐ

«Այդ հայն արկածային ճանապարհներով և հակասական ազդեցությունների աննախադեպ ժխորի միջով հասել է գունային շվայտությանն ու գաղափարների մոլեգնությանը, որը հանգեցնում է հեղափոխության»:

Անատոլ դը ՄՈՆԶԻ

Ֆրանսիայի հանարապետության սենատոր,

լուսավորության նախարար, գեղագետ



ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ

Նրան անդրադառնալ նորովի՞... և՛ անհնար է, և՛ անհրաժեշտ:

Անհնար է, քանզի համաշխարհային կերպարվեստի ամենաառեղծվածային երևույթներից մեկի` Բոգդան Գալուստի Յակուլովի և Սուսաննա Արտեմի Քանանյանի ընտանիքում 1884-ին Թիֆլիսում ծնված Գեորգի Յակուլովի մասին գրեթե անհնար է ասել նոր բան:

Վերջինս չափազանց «համեղ ուտեստ» է թե՛ հեղինակավոր արվեստաբանների և թե՛ նորաթուխների համար: Սակայն անհրաժեշտ է, քանի որ Յակուլովը և՛ երևելի նորարար էր (հեղաշրջվող Ռուսաստանի արվեստի առաջին «գարանտն» էր, ըստ շատերի` ավանգարանտը»), և՛ փայլուն տեսաբան:

«Բազմերանգ արևների տեսության» հեղինակի հետ շփումը ռուսական և խորհրդային ավանգարդի շատ նորարար ստեղծագործողների համար առաջընթացի խթան էր:

Յակուլովի արտասովոր ներուժը փորձեց բացահայտել Վլադիմիր Մայակովսկին, ում վրա խորապես ազդել էր նկարչի արվեստում առկա «պլակատային արվեստի» տեսությունը:

Նա նաև գրական անզուգական ժառանգության հեղինակ էր (գեղագիտական և բոհեմիկ միջավայրերում շրջադարձեր առաջացնող նյութեր է հրապարակել), թատերական աշխարհում հայտնի ստեղծաբանական բարեփոխիչ էր, մի խոսքով` ավանգարանտ:

«Յակուլովյան թատերական ձևավորումները տոնահանդեսներ էին` շողուն գույների, փոփոխվող լույսերի, շեշտված ձևերի ներդաշնակություն: Մոսկվայի կամերային թատրոնի բեմադրած «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա», «Արքայադուստր Բրանբիլլա» ներկայացումների և 1927 թ. Փարիզում ներկայացված Պրոկոֆևի «Պողպատե ցատկ» բալետի ձևավորումները բավական են, որ Յակուլովը համարվի դարասկզբի ամենանշանավոր բեմանկարիչը: Անսովոր էին նրա ամեն մի գիծը, բեմական տարածքի հեռանկարը, զգեստի նախանկարը, իսկ ամենաապշեցուցիչն այն էր, ինչ նա ստեղծում էր ուղղակի բեմում` մի կողմ թողնելով էսքիզը»,- գրել-գնահատել է նորարար արվեստաբան, փայլուն էսսեիստ Մարտին Միքայելյանն իր «Հրաշալի Ժորժը» խոհագրությունում:

Սակայն ամենից առաջ նա մեծ գեղանկարիչ էր: Տողերիս հեղինակի համոզմամբ նրան կարելի է և պետք է տեղակայել կերպարվեստի հրաբուխ Երվանդ Քոչարի դրկիցությամբ, սքանչանալ հայոց երկրի այս երևելի զավակի ապրածով ու ստեղծածով:

ՄՈՍԿՎԱ, ԲՈԼՇԱՅԱ ՍԱԴՈՎԱՅԱ ԹԻՎ 10

Սադովայա թիվ 10-ը մոսկովյան բոհեմի քաղաքամայրն էր:

Վիթխարի շենքի 7-րդ հարկի 38 համարը կրող դուռը հյուրընկալորեն բաց էր Մայակովսկու ու Եսենինի, Մեյերհոլդի և Պրոկոֆևի, Բլոկի ու Թաիրովի, Այսեդորա Դունկանի ու Ալիսա Կոոնենի առաջ: Իսկ դռանը փակցված ցուցանակը նախ գերեց մեծաշնորհ արվեստագետներին, այնուհետ և թափառաշրջիկ մանուկներին` դառնալով մայրաքաղաքի հանցագործ աշխարհի զվարճանքի առարկան.

«Ընկեր գողեր: Մի խցկվեք, խնդրում եմ, իմ բնակարան, քանի որ այնտեղ արժեքավոր ոչինչ չկա: Այլապես կարող եք զուր տեղը ձեր վիզը կոտրել, եթե տանտերը ձեզ դիմավորի: Յակուլով»:

Աշխարհահռչակ Այսեդորա Դունկանը, որ 1921 թ. ձմռանը ժամանել էր Ռուսաստան` ուսուցանելու ազնվական պարի արվեստը հեղաշրջումից դեռևս ուշքի չեկած պատանիներին ու աղջիկներին, նախ ցանկացավ անհապաղ հանդիպել հրաշալի Ժորժին: Այս պատվանունով Յակուլովին կնքել էր մոսկովյան բազմադեմ բոհեմը:

Մոսկվայի կամերայի թատրոնի հիմնադիր Ալեքսանդր Թաիրովը մի առիթով գրել է. «Յակուլովը շրջապատված էր թշնամական օղակով: Յակուլովը մարտիկ-մենակյաց էր: Առասպելական ասպետի նման նա հաղթահարում էր արգելքն ու միևնույն պահին այդ տեղում հայտնվում էին հարյուրավոր ուրիշ արգելքներ: Զարմանալի՞ է: Գուցե: Չէ՞ որ հռչակավոր ժողկոմ Լունաչարսկին նրա մտերիմն էր, նրան սիրում և գնահատում էր դարակազմիկ Պաբլո Պիկասոն, Դյագիլևը և Պրոկոֆևը հսկայան ծախսերի գնով նրան հրավիրում էին Փարիզ, ուր նա իր արտասովոր, միաժամանակ ցնցող բեմանկարչական արտադրանքն էր հրամցնում որևէ արտասովոր երևույթի առաջ երբևէ չընկրկող բարձրաճաշակ և քմահաճ հանդիսատեսին, հրամցնում և տոնում էր հերթական հաղթանակը:

ԹԻԹԵՌՆԻԿՈՎ ԳՐՈՀ և ՍԱՀՄԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

1903-ին Յակուլովը 19 տարեկան էր: Երիտասարդ Գեորգիի բնատուր տաղանդն ափեափ էր խփվում, անթիվ մտահղացումներն ալեկոծում էին միտքն ու հոգին, ոգին սակայն կենտրոնացնում էր ամեն բան, հույզերն ու հույսերը հրեղեն սավառնումներից հետո իջնում էին երկիր ու հերկում էին անծայրածիր հողեղեն տարածքները:

Եվ արդյո՞ք տեղին չէ պնդել, որ Գեորգի Յակուլովը հայկական ահռելի, սակայն գրեթե մոռացության մատնված արևմտա-արևելյան մեծ քաղաքակրթության

ասպետ-մունետիկն էր աշխարհում` Մանջուրիայում, Մոսկվայում, Փարիզում, Դիլիջանում և, ի վերջո, հայրենի երկրի քաղաքամայր Երևանում:

Սակայն վերադառնանք 1903 թվական: Նա անդամագրվում է Կովկասում կազմավորվող կամավորական գնդերից մեկին:

1904-ին մեկնում է ռազմաճակատ` Եվրասիայում մոլեգնում էր ռուս-ճապոնական պատերազմը: Ենթասպա Յակուլովը գրոհի էր տանում իր զինվորներին` պճնված ֆրակով ու բաբչկայով:

Խարբինի մատույցներում հերթական գրոհի ժամանակ վիրավորվելը պատճառ հանդիսացավ զորացրման: Բացի այդ խոնավ խրամատներում անդարձ կորցրել էր առողջությունը: Սակայն ճակատագիրն ուղղորդում էր նրան ուղիղ դեպի համաշխարհային կերպարվեստի թատրոն, որտեղ և՛ բեմադրիչ էր, և՛ նշանառու:

1905 թվական:

Յակուլովը լուծում է ձևաոճական հիմնավոր խնդիրներ, որոնք տարիներ անց պիտի քննարկման նյութ դառնային նշանավոր շատ վարպետների, ի մասնավորի Ռոբեր Դելոնեի համար:

Վերստին ունկնդրենք Մարտին Միքայելյանին.

«Այդ ժամանակ Յակուլովը Մոսկվայում ո՛չ ֆրանսիացի այդ նկարչի անունն էր լսել, ո՛չ էլ տեսել էր գունային շարժումը գերադասող գեղանկարիչների կտավները: Փաստորեն դեռևս 1905 թվականին նա մոտեցել էր այն սահմանին, որտեղից կարելի էր մտնել էքսպրեսիոնիզմի և կուբիզմի, նաև, այսպես կոչված, «օրֆիզմի» աշխարհը»:

ՀՌՉԱԿԱՎՈՐՆԵՐԻ ՁՈՆԵՐԳՈՒՄԸ

Յակուլովին անկեղծ, միաժամանակ փառահեղ ձոներգեր են նվիրել Մայակովսկին ու Եսենինը, Բլոկն ու Թաիրովը, շատերը:

Պյոտր Կոնչալովսկին 1910- ին պատկերագրեց Յակուլովին: Սքանչելի գործ է: Գեորգին երևութանում էր իր ողջ հրեղեն-հողեղենությամբ:

Զարմանալի չէ:

Չէ՞ որ ֆրանսիական մոդեռնի առաջատարներից մեկը` Ս. Դելոնեն, Փարիզում առերեսվելով Յակուլովի խոլական նորարություններին, բացականչեց.

«Մոնմարտրը քոնն է, Ժորժ»:

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Այս գավառական չքնաղ քաղաքում Յակուլովը կերտեց «Դիլիջանյան բնանկարներ» հանրահայտ շարքը:

Նա մահացու հիվանդ էր` ախտահարված էին թոքերը, սակայն երկնային ինչ-որ լուսվոր ճառագում կար նրա էության խորքում և նա խոստովանում է.

«Իմ ամենածանր բեռը թոքերս են, թեև պիտի խոստովանեմ, որ դիլիջանյան բնապատկերները թեթև եմ նկարում»:

ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԿՈՒՄԸ

Ստեղծում է 26 կոմիսարների հուշարձանի նախագիծը, որը քանդակի, որմնանկարի, ճարտարապետության եզակի համաձուլվածք էր: Նախագիծը Փարիզի 1925 թ. միջազգային ցուցահանդեսում արժանացավ մեծ մրցանակի, սակայն այն այդպես էլ չզարմացրեց մրցույթային հանձնաժողովին` Յակուլովից ուրիշ էլ ի՞նչ սպասել, եթե ոչ համաշխարհային մակարդակի գլուխգործոց:

ՎԵՐՋԵՐԳ

Երևանի պետական թատրոնում կյանքի մայրամուտին, արդեն կանխատեսելով մոտալուտ վախճանը, նա ձևավորում է Շիրվանզադեի «Մորգանի խնամին» և Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», որոնք անկյունաքարային նշանակություն ունեցան հայ նորագույն շրջանի բեմանկարչության համար:

1929 թվականին Մոսկվան պատրաստվում էր նշել Յակուլովի գործունեության

25-ամյակը:

Հոբելյանական հաձնաժողովի կազմում էին Լունաչարսկին, Թաիրովը, Դելոնեն և Պիկասոն:

Ավա՜ղ:

Հայ և համաշխարհային կերպարվեստի նորարար ասպետը կնքել էր մահկանացուն:

Դիտվել է՝ 32960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ