ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, ՌԴ-ն իր կողմից մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու Երևանի մտադրությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Չորս տարի էլ անցավ, ու դեռ խոսում է

Չորս տարի էլ անցավ, ու դեռ խոսում է
17.11.2024 | 22:19

Լավ, էս դեմագոգիային մի օր վերջ պիտի տրվի՞, թե չէ: Երկուսուկես տարի առավոտից իրիկուն խոսում է ու խոսում, խոսում է ու խոսում, մազոլ արեց աչք-ականջներս: Թվում էր՝ համազգային էս ողբերգությունից ու պետական խայտառակությունից հետո գոնե ձենը կկտրի, մեղա կգա գոնե, չէ՜. էլի է խոսում: Մարմնի բոլոր մասերով խոսում է: Անթերի է յուրացրել հայտնի հուշումը՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Նույնիսկ խայտառակագրի ստորագրման առաջին գիշերը չսթրվեց, մսրա մելիքի նման յոթ գոմշի կաշի հագավ, փախավ-մտավ բունկեր, ի պետս քաջության խմեց-ծակվեց-ուռեց-անջատվեց, ու գնա՜ց անհոդաբաշխ դեմագոգիան: Ամբողջ ասածի մեխն էլ այն էր, թե ես մեղավոր չեմ, նախկինների բարձիթողի արած բանակն է մեղավոր, Արցախի նախագահն է մեղավոր, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է մեղավոր, դասալիքներն են մեղավոր, ռազմաճակատ թափանցած սադրիչներն ու պրովոկատորներն են մեղավոր, քիչ էր մնում ասեր՝ տո հենց դուք էլ եք մեղավոր, թոշակառու կանայք ու տղամարդիկ, որ չգնացիք էդ ԱԹՍ-ների դեմն առնելու: Թե ինչքան անեծք ու հայհոյանք է թափվելու գլխին էդ գիշեր, ինքը բոլորից լավ գիտեր, բայց գիտեր նաև, որ այնպիսի անշրջելի ավերածություն է գործել հանրության մի մեծ հատվածի ուղեղում ամբողջ երկուսուկես տարի իր դեմագոգիայով, թույնի այնպիսի ահռելի չափաբաժին է ներարկել նախկինների նկատմամբ, որ զոմբիացած զանգվածը վաղն Արցախն էլ կմոռանա, հազարավոր զոհերին ու խեղանդամներին էլ, միայն թե նախկինները հանկարծ հետ չգան: Փառահեղ մարտավարություն է, խոսք չկա: ՈՒ՞ր էր, Արցախի պաշտպանության հարցում էլ նման մարտավարություն ու ռազմավարություն որդեգրվեր՝ թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական օրերին: Չէ, դեմագոգիան է սրա անփոխարիների զենքը, և բիոզանգվածին էլ հենց դեմագոգիա է պետք, ոչ թե վախեցնող իրականություն, ճիշտ և ճիշտ դավաճանված այն կնոջ պես, որ պատրաստ է ամենանողկալի սուտն էլ հալած յուղի տեղ ընդունել, միայն թե ընտանիքը չքայքայվի:

Հիմա սա շարունակում է բունկերից «հայրություն» անել «ընտանիքին», ինչպես միշտ՝ միայն խոսելով, հավատարմության երաշխիքներ տալով, փորձված աճպարարի պես սուտը աջ ձեռքից մտցնելով, ձախից հանելով, փաստերի հերն անիծելով: Երեկ էլ վերջապես համարձակություն էր ստացել, հասել էր Ազգային ժողով ու հիմա էլ ամբիոնից հայտարարեց, որ ինքն է կրում կատարվածի ողջ պատասխանատվությունը: Միա՛յն ինքը: Դահլիճում ընդդիմադիր ոչ մի պատգամավոր չկար (բոյկոտել էին նիստը), իր ձեռնասուններն էլ, բնականաբար, չհարցրին՝ էդ ո՞նց, պարոն պարգևատրող, պատասխանատվություն կրելն էն կլիներ, եթե խայտառակագրի ստորագրումից անմիջապես հետո դու կամ հրաժարական տայիր, կամ էլ մեր ձեռքն ու ոտքն ազատեիր շոշափուկներիցդ, որ գոնե մենք հրաժարեցնեինք, էս խայտառակությունը մեր վզին էլ չմնար: Չհնչեց նման հարց: Փոխարենը ինքը շատ հստակ ասաց՝ հրաժարականի հարց իմ օրակարգում չկա: Այ էսպես՝ պատասխանատվություն կրում է, բայց հրաժարական չի տալու, հույս չունենաք: Բա ինչի՞ հույս ունենանք, պարոն գերագույն գլխավոր դեմագոգ: Որ գալու ես Հանրապետության հրապարակ, կանգնես ժողովրդի առաջ, ու ինչ դատավճիռ էլ կայացրեց ժողովուրդը, պատրաստ ես ընդունե՞լ: Ստի՞:

17. 11. 2020

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 11731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ