Մի առասպել, որ շատ նման է մեր կյանքին...
Երբ Արարիչը այն Մեծ
Արարումն իր ավարտեց,
Թիկն տված իր Գահին,
Հիանում էր իր գործով,
Բայց երբ իր շուրջը նայեց,
Հուսալքվեց նա ասես.
Վարում ստեղծել էր Աշխարհ,
Որը իրենն էր նաև.
Ստեղծել էր բազում գոյեր,
Ստեղծել՝ ծառ ու անդաստան,
Ստեղծել՝ լեռներ ու ծովեր,
Ստեղծել այդ ողջ աշխարհին
Տեր-տիրական բյուր մարդիկ,
Սակայն ինքը վերևում
Մնաց մենակ, միայնակ...
Խորհեց Աստվածն Արարիչ,
Եվ հասկացավ. հետ այսու
Որ աշխարհի Մարդկանց հետ
Պետք է ստեղծել արագ կապ,
Եվ կապն էլ այդ ամուր
Կապահովեն էակներ,
Որոնց կոչեց Հրեշտակ,
Որ կլինեն կապավոր
Եվ իր հորդորն ու կոչը
Հանց գիսաստղ թևավոր,
Իրենց արագ վայրէջքով
Մարդկանց Երկիր կտանեն:
Բայց ամենից շատ գուցե
Արարիչը այն հզոր
Մենությունից իր տխրեց...
Ու Արարիչը այդ ժամ
Հրեշտակներ արարեց՝
Ճերմակ, հզոր թևերով,
Բայց Մանկան պես լուսավոր
Անմեղ դեմքով ու հոգով:
Հրեշտակները բազում
Արարչանիստ Երկնքում
Ճախրում էին , հրճվում
Եվ մանկան պես թռվռում...
Նայում էր նրանց Աստված
Եվ ինքն էլ էր հրճվում...
Սիրում էր նա բոլորին,
Բայց և ընտրեց նա մի օր
Հրեշտակների դասի
Երեցներից Խոհամիտ
Մի Հրեշտակ խորամիտ,
Կարգեց նրան երկնքում ՝
Որպես Հրեշտակապետ,
Որ պիտ հսկի Աշխարհին
Եվ փորձանքից ազատի:
Իսկ հրեշտակներն այն ջահել,
Հնազանդ էին թեև
Աշխարհն ստեղծող Արարչին,
Բայց պատանու խենթությամբ
Կռվում էին , գզվռտվում,
Զվարճացնում Արարչին...
Նրանց մեջ կար մի խենթուկ,
Որին Արարիչն Աստված
Հատուկ սիրով էր սիրում.
Անունն էր Սա-դա- նա ,
Բազմադեմ էր, բազմաձայն,
Հաճախ Արարիչն անգամ
Շփոթվում էր խենթուկի
Արարքներից անհարկի
Եվ վարքից անհնազանդ։
Բայց հարիր չէր Արարչին
Անծայրածիր Տիրույթում
Հանդուրժել անկարգություն․
Ու մի օր էլ, Տերն Աստված,
Որպես պատիժ,դատաստան՝
Աստծո սիրուց լկստված
Հրեշտակին Սա-դա-նա
Վտարեց Տի Եզերքից ՝
Արարչական Տիրույթից,
Եվ ուղարկեց, ո՜վ,զարմանք,
Դեպի Երկիրն իր ածու:
***
Հրեշտակը Սա-դա-նա
Լսեց հրամանն Աստծո,
Որ վտարում է իրեն
Արարչատան պարտեզից
Եվ ուղարկում է Երկիր՝
Որպես պատիժ իրական։
Իջավ երկիր Սա- դա-նա-ն
Ու հիացավ այդ Երկրով.
Տեսավ մարդկանց միամիտ,
Որ ապրում էին սիրով,
Ապրում ՝ ուրախ ու անհոգ:
-Ի՜նչ լավ է, որ ինձ Աստված
Ուղարկեց մարդկանց Երկիր.
Այստեղ կլինեմ ազատ՝
Որպես Աստծո փոխանորդ.
Չէ՞ որ Երկնում ՝ Ծիր անծայր,
Արքայության Տիրույթում
Ինքը եղել է սիրված
Հրեշտակը Հայր Աստծո,
Այստեղ էլ ինքը անշուշտ
Լինելու է սիրելի…
Եվ մոտեցավ Սա- դա-նա-ն,
Մարդկանց քաղցր խոսք ասաց,
Բազում խոստումներ տվեց,
Թե կյանքը իրենց այս գորշ
Նա կդարձնի գունագեղ.
Կապրեն մարդիկ շատ հարուստ,
Հանապազօր հացն իրենց
Չեն վաստակի քրտինքով,
Այլ հանց վարար գարնան գետ,
Շքեղ, առատ կլինի,
Եթե հորդորն իր անկեղծ
Մարդիկ լսեն, կատարեն…
Ու Մարդիկ հավատացին
Սա- դա-նա-ի խոսքերին.
Չէ՞ որ երկնից էր իջել
Աստծո ընտրյալը բարի…
Իսկ Սա-դա-նա-ն լկստված,
Սեր էր չորս դին շաղ տալիս.
Նա բոլորին սիրում էր
Ու բոլորին օգնում էր.
Հիացած էին մարդիկ
Ու մի քիչ էլ զարմացած,
Ու մի քիչ էլ զայրացած,
Թե ինչպես նրանք դարեր
Ճանաչել են լոկ Աստծուն
Եվ հավատացել են նրան.
Իսկ Աստվածը հեռավոր,
Երբեք չիջավ իրենց մոտ,
Այլ սոսկ հեռվից, երկնքից
Կառավարում էր մարդկանց
Եվ հնազանդ միշտ պահում,
Եվ հորդորում , որ ապրեն
Սիրով,ժուժկալ …ու հլու…
Դե՛, ապրեցին, էլ բա՛վ է,
Հիմա հրեշտակ Սա-դա-նա-ն
Պարգևներ է շաղ տալիս,
Չի զայրանում, չի պատժում,
Քաղցր խոսքեր է ասում,
Ու խոստացածն էլ իսկույն
Ճոխ ու շքեղ զարդարված՝
Ինքն անձամբ է մատուցում…
Էլ ի՞նչ Աստված,ի՞նչ հորդոր,
Էլ ի՞նչ ժուժկալ, ի՞նչ՝ հլու…
Ու մարդիկ այն մարդածին
Դարձան եղբայր, բարեկամ,
Որոշ մարդիկ՝ հարազատ՝
Լկստված Սա-դա-նա-ին…
Ու ապրեցին ձեռք ձեռքի՝
Ես՝քեզ, դու՝ ինձ՝ բարեբար,
Սա-դա-նա-ի հետ ՝եղբայր,
Իսկ այլ մարդկանց՝ թշնամի,
Խեղճ ու մոլոր շատ մարդկանց
Դաժանորեն խաբեցին
Ու նենգաբար դավեցին,
Անգթորեն սպանեցին
Եվ ունեցվածքը նրանց
Խաբեությամբ կամ բռնի
Դարձրին իրենց սեփական…
Եվ մարդկությունն աշխարհի
Ապրեց այսպես երկատված՝
Դեռ խիղճն իրենց պահպանած
Մարդիկ՝անթիվ, անհամար,
Եվ մոռացած Խիղճ ու Սեր,
Սա-դա-նա-ի բարեկամ
Մարդկանց հսկա մի զանգված,
Որոնք իրենց ողջ կյանքում
Անհաղորդ միշտ մնացին
Աստծո պարգևած Մտքին,
Սեր ու Խիղճը մոռացած՝
Շռայլորեն շաղ տվին
Անմիտ ու դավոտ գործեր՝
Դաժանություն ու խռովք,
Պատերազմներ ու զոհեր…
Ու երբ տեսան շատ Մարդիկ
Ապականված աշխարհն այս,
Աղաղակով մի անզուսպ
Դեպի երկինք հայեցին.
-Ի՞նչ արեցիր ԴՈ՛ւ , Աստվա՛ծ,
Մի՞թե իրոք Սա- դա-նա-ն,
Որին վտարեցիր Դու
Աստվածային Տիրույթից,
Զորեղ էր նա քեզանից…
Վախեցա՞ր Սա-դա-նա-ից,
Ուղարկեցիր դու նրան
Մարդանց երկիրը արդար,
Ուր ամեն մարդ արարած՝
Հավատն առ քեզ չմարած,
Ապրում էր հաշտ -համերաշխ
Բնության ու մարդկանց հետ…
Հիմա ի՞նչ անեն մարդիկ.
Կարո՞ղ ես օգնել նրանց.
Դու վերևում ՝ շատ հեռու,
Իսկ Մարդիկ տարտարոսում:
Հաճախ անգամ չես տեսնում
Սա-դա-նա-ին հպատակ,
Մարդ լինելը մոռացած
Էակներին դժնդակ
Ու չես պատժում Դու նրանց,
Ինչո՞ւ, մի՞թե Դու նույնպես
Սա-դա-նա-ից ահ ունես...
Դե՛, ասա՛ մեզ, Տե՛ր Աստված,
Մենք քեզ ինչպե՞ս պաշտպանենք,
Որ դու էլ մե՛զ պաշտպանես
Քո սիրելի հրեշ-տակ
Սատանայից լկստված.....
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
25.6.2022-26.11.2022թթ.