Արցախցի ընկերս ասում է. «Երբ Արցախում էի, ամեն ինչ դեռ նորմալ էր, հայաստանաբնակ բազմաթիվ ընկերներ հեռախոսով, մեսինջերով իրենց հարգանքն ու համերաշխությունն էին հայտնում։ Անկեղծորեն ասում էի, որ եթե լինեն Արցախում, մեր տան դռները միշտ բաց են իրենց առաջ։ Նույնն էլ իրենք էին ասում` եկար Երևան, Գյումրի և այլն, գլխիս վրա տեղ ունես, ախպերս։ Եվ սա ասում էին բազմիցս իրար հերթ չտալով, առիթ թե անառիթ...
Դավաճանաբար Արցախը ծախելուց հետո ոչ միայն նրանցից որևէ մեկի ձայնը չեմ լսել, այլև գրառումներս անգամ չեն լայքում, որ հանկարծ չհիշեմ իրենց, չփորձեմ ինչ-որ բան խնդրել:
Այս նույնն արցախցի իմ շատ հայրենակիցներից եմ լսել, որոնք սպշած են նման վերաբերմունքից»։
Ահա թե ինչ կասեմ նման մարդուկներին։ Ինչպես ամենուր, արցախցիների մեջ էլ սրիկաներ, տականքներ, անգամ ակնհայտ հրեշներ կան, դրանք աննշան տոկոս են կազմում։ Արցախցիները գերազանցապես հպարտ մարդիկ են, երբեք բեռ չեն դառնա ուրիշին:
Բայց ավելի լավ է կարդացեք Սերգեյ Գորոդեցկու հանրահայտ «Ղարաբաղը», նրա կարծիքը արցախցիների մասին, որ բացարձակապես կապ չունեն ձեր հորինովի, շինծու կարծիքի և բամբասանքների հետ։
Բոլորին ձեր արշինով մի չափեք, մի՛ փորձեք ձեր հոգուն բնորոշ կեղտը որոնել այլոց մեջ։
Այս տողերն ուղղված են միայն կոնկրետ մարդկանց, նրանց պես մտածող արարածներին, որոնք, ցավոք, շատ-շատ են:
Վարդգես ՕՎՅԱՆ