Սիրիայում ստատուս քվոյի կամ, եթե կուզեք, ազգային հաշտեցման Աստանայի հարթակը ոչ թե երեք կողմ ուներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, այլ չորս՝ նաև ինքը Սիրիան: Այսինքն, Սիրիայի կառավարությունը նույնպես պարտավորություններ ուներ, որոնց կատարումից էր կախված, թե ինչպես և որքանով կարող են երաշխավոր կողմերն իրականացնել իրենց պարտականությունները:
Օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով Ասադը չկարողացավ կամ չուզեցավ իրականացնել իր պարտականությոթւնները, և դա առիթ դարձավ, որ Թուրքիան, բացառապես իր շահերի գերակայությամբ, հովանավորի զինյալ խմբավորումների արշավանքը Սիրիայի վրա: Դրան չկարողացան լրջորեն խոչընդոտել ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը: Այսինքն, եթե հասկանալի ձևով ներկայացնենք իրավիճակը, ապա Թուրքիային առիթ էր պետք՝ օկուպացնել Սիրիայի տարածքը և դրա համար նա շահարկեց սիրիական «ընդդիմության» իբր իրավունքները, քանի որ Ասադի իշխանությունը ոչ թե փորձեց լուծել իր երկրի ներքին խնդիրները, այլ հույսը դրեց Իրանի և Ռուսաստանի աջակցության և Թուրքիայի՝ իբր լոյալության ու խաղաղության խոստումների վրա:
Հայաստանի շուրջը գրեթե նույն իրավիճակն է: Նիկոլ Փաշինյանը «տարածաշրջանում կայուն խաղաղության» դիմաց խոստանում է սահմանադրություն փոխել, սահմանազատում իրականացնել՝ Ադրբեջանի պահանջներով ու քարտեզներով, բանակը կրճատել, հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման քաղաքականությունից, Ադրբեջանի նկատմամբ միջազգային դատական ատյաններում հայցերից, Արցախի խնդրից: Ի լրումն դրան՝ դեմ չեն «Զանգեզուրի միջանցքին» և ադրբեջանցիների վերադարձին «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ ՀՀ տարածք:
Բնական է, որ հայ ժողովուրդը և Հայաստանի բնակչությունը, բացառությամբ ՔՊ խմբակի, դեմ է դրան: Բայց չէ՞ որ խոսքը «տարածաշրջանում կայուն խաղաղության» մասին է, որի ուղիղ շահառուներից են Թուրքիան և Ադրբեջանը: Վաղը, եթե ընտրությունների միջոցով կամ ինչ-որ այլ հանգամանքների բերումով Հայաստանում ձևավորվի այնպիսի իշխանություն, որը չի համաձայնի Փաշինյանի առաջադրած թեզերի հետ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կվարվեն Թուրքիան և Ադրբեջանը: Վայրկյան իսկ չկասկածեք, որ նրանք ամենաբարձրը կգոռան, թե Հայաստանի նոր «ռևանշիստական» իշխանություններն անտեսում են «տարածաշրջանում կայուն խաղաղությունը», և պետք է օգնել Հայաստանի արդեն ընդդիմությանը, այսինքն՝ Փաշինյանին, որպեսզի իրականացնի «խաղաղության խաչմերուկը»:
Եվ սա դեռ՝ լավագույն դեպքում, երբ Հայաստանում բնական իշխանափոխություն լինի: Իսկ եթե վաղը լինի ընդդիմության հերթական բողոքի ալիք, ու Փաշինյանը հանկարծ հայտարարի, թե իր կառավարությունն ի վիճակի չէ դիմադրել «ռևանշիստներին», պատկերացնո՞ւմ եք, թե ինչ փութաջանությամբ Երևան կմտնեն Ջերմուկում, Վարդենիսում ու Սյունիքում տեղավորված ադրբեջանական զորքերը:
Էդուարդ Սարիբեկյան