Վերջերս ՀՀ նորանշանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պատասխանատու պետական պաշտոնի նշանակվելուց հաշված օրեր անց, շտապեց հայտարարել, թե իբր Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա: Արդեն հնչեցվել են կարծիքներ, որ այդկերպ նորանշանակ նախարարը հավատարմության նշան է ցույց տվել ՀՀ-ում Ալիևների ընտանիքի տեղապահ, համատեղության կարգով ՀՀ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանին:
Ես միանգամից իմ համաձայնությունը կհայտնեմ Սրբուհի Գալյանի հետ, այն առումով, որ համակարգային կոռուպցիա ունենալու համար պետք է ունենալ համակարգ, ասել կուզի՝ պետություն: Եթե չկա պետություն, հետևաբար խոսել ինչ-որ համակարգային երևույթի մասին ավելորդ ու անիմաստ է:
Մինչ 2018 թվականը հոգեվարք ապրող հայկական պետականության կլինիկական մահն արձանագրվեց 2018-ի «թավշյա» խեղկատակությամբ, երբ պետության տիրոջը՝ ՀՀ քաղաքացիներին, ամենանողկալի խաղի մեջ ներքաշելով, իր իսկ ձեռքով ստիպեցին լուծարել մեծ կորուստների ու զրկանքների գնով ձեռք բերած պետականությունը՝ իշխանության բերելով ապաշնորհ գործակալների մի հանցախմբի:
Այնուամենայնիվ, իմ համեստ ներուժը օգտագործելով, փորձեմ Սրբուհի Գալյանին համար մի քանի բացահայտումներ անել պետականությունը ոչնչացրած համակարգային կոռուպցիայի վերաբերյալ:
Տիկին Գալյանը դեռ չի կռահել, որ արդարադատության նախարարի պաշտոնում իր նշանակումն այլևս կասկած չի թողնում առ այն, որ համակարգային կոռուպցիան, նույն ինքը՝ հայկական խորքային պետությունը, նոր, խորամանկ ու վտանգավոր սցենար է մշակել. կանացի գեղեցիկ դեմքերով շղարշել ու պարտակել կազմակերպված հանցագործությունների ու հանցագործ համակարգի մասկուլին, ասել կուզի՝ որձական համակարգի ինքնությունը: Նույն այս տրամաբանությամբ են նշանակվել ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը, արդարադատության նախարարը, արտաքին հետախուզության տնօրենը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Կրկնում եմ, Ձեր նուրբ ու քնքուշ մատներով ստորագրված որոշումների հետևում համակարգային կոռուպցիան վերահսկող հանցագործ տղամարդիկ են, իսկ Դուք ընդամենը շղարշի դեր եք կատարում: Հիմնական նպատակը հենց Ձեր կանացի գեղեցիկ դիմագծերով պետականության վերջնական լուծարման կազմակերպումն է: Համարեք, որ ես Ձեզ լուրջ զգուշացում արեցի:
Ի դեպ, արդարադատության համակարգի մասին: Այն ի վերուստ կոչված է եղել ծնել հանցագործություններ ու ապրել այդ հանցագործությունների հաշվին: Պատկերացնու՞մ եք մի պահ Հայաստանում հանցագործություններ չլինեն: Հապա ինչպե՞ս են ապրելու ոստիկանը, քննիչը, դատավորը, դատախազը, հո սոված ու ոչ բարեկեցիկ կյանքով չեն ծառայելու: Այո, տիկին Գալյան, հենց ՀՀ արդարադատության համակարգն է հանդիսանում համակարգային կոռուպցիայի ավանգարդը, ասել կուզի՝ առաջապահ ուժն ու ներուժը: Արդեն մի քանի տարի բախվում եմ ընտրովի արդարադատության, հանցագործություններ պարտակելու, հանցագործներին հենց արդարադատության համակարգի կողմից խրախուսելու աղաղակող օրինակների հետ: Ես կարող եմ Ձեր մասնակցությամբ դրանք հրապարակել, պայմանով, որ ԱՄՆ պետքարտուղարությունից ստացած մրցանակը հետ կվերադարձնեք:
Ի դեպ, պարզեք խնդրում եմ, արդյո՞ք հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կնոջ՝ Լուսինե Խառատյանին արված հղումներով ադրբեջանական տեսանյութերը դատարանի դահլիճում չցուցադրելը որպես ապացույց և փաստ, հիմնապատճառն են հանդիսացել դատավոր Լիլիթ Սաղոյանի վերջերս կայացրած խայտառակ վճռի համար, որին աջակցելու եկավ անգամ Նիկոլ Փաշինյանը՝ իր հերթական ադրբեջանամետ ու թրքամետ հայտարարությամբ:
Մինչ օրս ՀՀ արդարադատության համակարգը չի կարողանում բացահայտել Հայոց ցեղասպանության թանգարանում գրանցված խայտառակ հանցագործությունների շղթան, կոծկում է Հարություն Մարությանի, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ փողերի լվացման ու գողության դեպքերը, բայց ապրիլի 24-ին լուրջ ու շինծու տխուր դեմքերով համազգեստ հագած ու մեխակ բռնած ողջ անձնակազմով կբարձրանաք Ծիծեռնակաբերդ, որպեսզի ապրիլի 25-ից սկսած կլոր տարի հանցագործություններ ծնեք ու պարտակեք:
Համակարգային կոռուպցիայի ողնաշարը քրեաօլիգարխիական համակարգն ու դրա կենսունակությունն ապագայում ապահովող դինաստիական ամուսնություններն են: 2018 թվականի թավշյա կրկեսը ու դրա գլխավոր դերակատար Նիկոլ Փաշինյանն ընդամենը սպասարկեցին այդ համակարգին: Ինչպես և սպասվում էր, թալանը հետ բերելու բոլոր ցանկություններն ընդամենը ցանկություններ մնացին:
Համակարգային կոռուպցիայի սիրասուն զավակն ու որդեգիրն է Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա կերպարը ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի անխափան ու ինքնավստահ գործունեության լավագույն ապացույցն է: Նա այլևս այդ համակարգի համակցված զինանշանը, դրոշն ու օրհներգն է: Ճիշտ է, երաժշտության պահով նա, իր սպասարկու թիմով հանդերձ, հայկական պետականության ռեքվիեմի կատարյալ մի նոտագրություն է, որի սարսափելի մեղեդիները լսում ենք ամեն օր:
Հայկ ԴԵՄՈՅԱՆ