Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը ինձ չի հիացրել իր գեղարվեստական կառուցվածքով կամ այլ մանրամասներով, որոնք հաճախ գերակշռում են սյուժեի վրա: Սակայն այդ ամենի ներքո թաքնված է քաղաքական ուղերձ, որն արժանի է վերլուծության: Մարկեսը բացահայտում է հասարակության, իշխանության և գաղափարախոսական պայքարի ճակատագրական թերությունները, որոնք հատկապես ակտուալ են Հայաստանի համար:
Այն ինձ դրդեց զուգահեռներ տանել Մակոնդոյի և Հայաստանի միջև, համեմատել մեր երկրի պատմությունն ու ներկա իրավիճակը վեպում ներկայացված քաղաքական փորձությունների հետ: Այն, ինչ Մարկեսը նկարագրում է որպես Մակոնդոյի ձախողումների շարան, ցավալիորեն հիշեցնում է մեր իրականությունը: Մարկեսի նկարագրած լիբերալների և կոնսերվատորների պայքարը հիշեցնում է Հայաստանի քաղաքական համակարգի դինամիկան։ Ինչպես Մակոնդոյում, Հայաստանում ևս գաղափարական տարաձայնությունները հաճախ վերածվել են զուտ իշխանության համար պայքարի, որին ուղեկցել են ընտրակեղծիքներ, հակառակորդների հետապնդումներ և հասարակական դժգոհությունների աճ։
Մարկեսի ներկայացրած լիբերալ հեղափոխությունը, որը ձախողվում է իր իսկ սկզբունքներից շեղվելու պատճառով, ցավալիորեն համապատասխանում է 2018 թ․ Հայաստանի թավշյա «հեղափոխության» տրամաբանությանը, որը ներկայացվեց որպես նոր ժողովրդավարական դարաշրջանի սկիզբ, բայց վերածվեց հիասթափության և համակարգային փոփոխությունների բացակայության։ Իշխանությունները, որ խոստանում էին փոխել ամեն ինչ, ոչ միայն չբարելավեցին կառավարման որակը, այլև խորացրին կոռուպցիայի, բյուրոկրատիայի և անարդյունավետ կառավարման խնդիրները։
Հայաստանի իշխանությունները չեն հասկացել, որ միայն ընտրությունների կամ հեղափոխությունների միջոցով իշխանափոխություն անելը բավարար չէ։ Արդյունավետ պետական կառավարումը պահանջում է պատասխանատվություն, կառուցվածքային բարեփոխումներ և հաշվետվողականություն, որոնք, ցավոք, Հայաստանում դեռևս բացակայում են։
Ամեն ինչ սկսվում է, երբ ինքնահռչակ քաղաքապետը փորձում է ենթարկեցնել ազատ քաղաքը կենտրոնական իշխանությանը, իսկ առաջին ընտրություններում լիբերալները հաղթում են։ Քաղաքապետը հայտարարում է ռազմական դրություն ու կեղծում ընտրությունները։ Հայաստանում այս սխեման նույնպես փորձում են իրագործել՝ ընտրական օրենքը փոփոխելով։
Պահպանողականները սկսում են հետապնդել լիբերալներին, ոմանց նույնիսկ գնդակահարում են` «Փառք հեղափոխությանը» վանկարկումների ներքո։ Լիբերալներն անցնում են ընդհատակ և պլանավորում հեղափոխություն, որը մի քանի անհաջող փորձերից հետո ստացվում է միայն այն ժամանակ, երբ իշխանության ներքին օղակները ճաք են տալիս։ Լիբերալները փորձում են բռնապետություն հաստատել և գնդակահարում են պահպանողական առաջնորդներին, որոնք մահից առաջ վանկարկում են «Փառք հայրենիքին»։ Նոր հաստատված վարչակարգում հայտնվում են ինքնահռչակ գնդապետեր։ Այս ամենից հետո քաղաքում սկսվում է քաոս և այն վերանում է։
Այս պատմության մեջ զուգահեռներ կարելի է տանել Հայաստանի հետ, որը, ցավոք, շատ նման ճակատագրի կարող է արժանանալ՝ վերարտադրելով Մակոնդոյի քաղաքական սխալները, իշխանության ճգնաժամը, բռնապետության հաստատման փորձերն ու քաղաքում տիրող քաոսը։
Դասեր Հայաստանի համար:
«Հարյուր տարվա մենությունը» մեզ հիշեցնում է, որ պատմությունը կրկնվում է, երբ հասարակությունները չեն քաղում դասեր իրենց սխալներից։ Մակոնդոյի կործանումը մեզ զգուշացնում է այն մասին, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանը շարունակի նույն սխալները.
1. Հեղափոխությունները պետք է հիմնված լինեն համակարգային փոփոխությունների վրա: Հեղափոխությունը հաջողված է միայն այն դեպքում, երբ այն չի սահմանափակվում միայն իշխանության փոփոխությամբ։
2. Ազգային համաձայնության անհրաժեշտություն։ Գաղափարախոսական պայքարները, եթե չունեն իրական հիմք, հանգեցնում են հասարակության բևեռացման և անկայունության։
«Հարյուր տարվա մենությունը» նաև նախազգուշացում է այն հասարակությունների համար, որոնք չեն սովորում իրենց անցյալից։ Հայաստանի ապագա իշխանությունները պետք է հասկանան, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հաշվետվողականությունը հռետորաբանության հարց չեն։ Եթե մենք չփոխենք մեր համակարգի հիմքերը, ապա «Մակոնդոյի» ճակատագիրը դառնալու է Հայաստանի իրականությունը։
Այս ամենը գիտակցելու և հետևություններ անելու փոխարեն, իշխանությունները շարունակում են մնալ նույն հին սխալների գերության մեջ, որտեղ «փառք հայրենիքին» կամ «փառք հեղափոխությանը» կարգախոսները չեն կարողանում թաքցնել խորը անգործությունն ու անպատասխանատվությունը։
Իսկ մենք՝ որպես հասարակություն, պետք է, ի վերջո, պահանջենք ոչ թե դատարկ խոստումներ, այլ իրական փոփոխություններ, որպեսզի մեր հարյուր տարվա քաղաքական մենությունն ընդհատվի։
Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ