Պաղեստինի առողջապահության նախարարությունը Գազայում հայտնել է, որ առնվազն 232 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածների հետևանքով: Օդային հարվածները կենտրոնացել են խիտ բնակեցված տարածքների վրա, որտեղ մարդիկ պատսպարվում էին: ՄԱԿ-ում Իսրայելի բանագնացը հայտարարել է, որ Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձել տուն:               
 

DÉJÀ-VU

DÉJÀ-VU
01.02.2025 | 09:49

Նախագահ Քոչարյանի կողմից «Մեղրին հանձնելու» կամ «այն Արցախով փոխարինելու» մասին «հայտնի ռադիոկայանի» խնամքով» պատրաստված «սենսացիոն» ռեպորտաժը դիտելու ողջ ընթացքում ինձ չէր լքում déjà-vu-ի զգացողությունը: Այն միանգամից հիշեցրեց գեներալ Մանվելի մասին ոչ վաղ անցյալի հայտնի «տուշոնկա» ռեպորտաժը՝ ջրի երկու կաթիլի պես իրար նման: Հետևությունը չուշացավ. Քոչարյանի մասնակցությամբ «Մեղրին հանձնվել է» ճիշտ այնպես, ինչպես Մանվելի մասնակցությամբ «գողացվել էր զինվորի բաժին տուշոնկան»:

Իսկ իրականությունն այն է, որ թե՛ Մանվելը, թե՛ Քոչարյանը խոչընդոտ են (էին) Հայ ազգի և հայոց պետականության հանդեպ իրականացվելիք «կեղտոտ ծրագրերը» կյանքի կոչելուն և ցանկացած ձևով պետք է (էր) վերացնել այդ խոչընդոտները: Եթե առաջին դեպքում այն հաջողվեց՝ երկրում տիրող «հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի» ամենաուղիղ օժանդակությամբ, ապա այս դեպքում խիստ կասկածելի է հաջողության հավանականությունը, որովհետև կործանարար էյֆորիան ոչ թե նվազել է՝ այն այլևս գոյություն չունի:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որտեղի՞ց է սնվում և ում շահերն է սպասարկում «հայտնի ռադիոկայանը» և իհարկե, պարտավոր է հստակ և պարտաճանաչորեն կատարել ցանկացած հանձնարարական, որը կիջեցվի իր տիրոջ՝ «առաջադեմ արևմուտքի» կողմից: Ոադիոկայանի գործունեությանը քիչ թե շատ հետևող ցանկացած ոք նկատած կլինի, որ տևական ժամանակ է այն ՆՓ-է «քլնգում», ինչը հստակ ցուցիչ է այն բանի, որ նա դադարել է լինել «առաջադեմ արևմուտքի» ֆավորիտը մեր երկրում: Լայն հաշվով, ՆՓ-ն իր տերերին այլևս ոչինչ չունի տալու, բացի «հեծանիվ քշելուց» և «ընտանեկան փոդքաստից», որը ժպիտից բացի որևէ այլ զգացում չի կարող առաջացնել նրանց մոտ: Կարճ ասած, «առաջադեմ արևմուտքը» ՆՓ-ից ստացել է այն ամենը, ինչ նախատեսված էր (դեռ մի բան էլ ավելի) և ժանրի կանոնների հրամայականն է «դուրս գրել» նրան՝ փոխարինելով ավելի «պուպուշ» խաղացողով, որը կապահովի իրենց ծրագրերի անշրջելիությունն ու անվտանգ շարունակականությունը: Իսկ շարունակականությունը, Աստված մի արասցե, դա ազգային ինքնության և հիշողության վերացումն է, հանձնվելիք Սյունիքն ու այլ տարածքներն են և «տակի մնացորդ Հայաստանի» վիլայեթացումը:

Թե ո՞վ է «առաջադեմ արևմուտքի» նոր ֆավորիտը Հայաստանում, լայն հանրությանը դեռևս հայտնի չէ, սակայն, որ նա կա և մարդկանց մի նեղ շրջանակի հայտնի է նրա անունը՝ աներկբա է:

Այս փուլում, ՆՓ-ին «դուրս գրելուն» զուգահեռ իրականացվում է փոխարինողին առաջ մղելու և վերջնարդյունքում իշխանության ղեկին «կարգելու» կոմբինացիան, որի գլուխ բերելուն խանգարող մի իրական և լրջագույն խոչընդոտ է առկա՝ մարդու տեսքով, որի անունն է Ռոբերտ Քոչարյան : Եվ միայն պատկերացնել կարելի է, թե ինչպիսի տարաբնույթ ռեսուրսներ են ուղղված այդ խոչընդոտը վերացնելուն և «հայտնի ռադիոկայանի» ռեպորտաժը այդ ռեսուրսների այսբերգի երևացող մի փոքրիկ հատված էր… ընդամենը և միայն:

Վերջում, ամենայն անկեղծությամբ, արժե շնորհակալություն հայտնել «հայտնի ռադիոկայանին» վերոհիշյալ ռեպորտաժի համար, քանի որ, այն բացահայտեց մի իրողություն, որ Նախագահ Քոչարյանի «քաղաքական մահվան» մասին համառորեն շրջանառվող լուրերը իրապես խիստ չափազանցված էին : Քոչարյանի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու և հայկականության նվիրյալ բազմաթիվ այլ անձանց և խմբերի առկայությունը ոսկորի պես կանգնած է Հայ ազգին վերջնական թուրքահպատակության տանելուն լծված «առաջադեմ արևմուտքի» և նրա հայաստանյան ազդեցության գործակալական ցանցի կոկորդին, որն ինչու՞ ոչ, կարող է և խեղդամահ անել նրանց…թեկուզ գոնե ազդեցության գործակալներին, ինչը Հայրենիք և Պետություն ունենալու իրավունքից չզրկվելու վրա որոշիչ ազդեցություն կթողնի:

Թե բա, Քոչարյանը Մեղրին հանձնում էր:

Քոչարյանը իսկապես լավ գործ արած կլիներ, եթե ժամանակին կարողանար իրար գլխի հավաքել ու իրենց տերերին հանձնել այսօր իր «Մեղրին հանձնելու» առթիվ անթաքույց էքստազի մեջ ընկած իրական հայրենավաճառների ողջ куток-ին:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ