Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Ոսկեդարից 16 դար անց

Ոսկեդարից 16 դար անց
24.12.2025 | 11:06

Հեռավոր, սակայն ընդմիշտ այժմեական, Ե դարի Ոսկեդարում, երբ ի Տեր ննջեցին Սբ Սահակ Ա. Պարթեւ Հայոց Հայրապետը, Սբ Մեսրոպ եպիսկոպոս Մաշտոցը՝ Հայոց ուսուցչապետը եւ երանելի Վռամշապուհ Հայոց արքան, երեւան եկավ վարձկանների մի բազմություն՝ հայազգի ու այլազգի աշխարհականներից ու հոգեւորականներից կազմված, որոնք գազանաբար սկսեցին զրպարտել ու ստաբանությամբ ամբաստանել՝ հալածելով Սահակ-Մեսրոպյան լուսավոր աշակերտներին եւ Հայոց Սուրբ Ավանդի ուխտապահ միաբաններին՝ նկրտելով փոշիացնելով վերացնել Մեծն Սահակի, Մեծն Մեսրոպի եւ Մեծն Վռամշապուհ արքայի հայաշեն ու հայրենակերտ սխրանքը…

Վարձկանների այդ բազմությունը նույնիսկ «մարտնչեց» Ոսկեդարի մեր մեծերից շատերի աճյունների հետ։ Սակայն փոշիանալով իսպառ ջնջվեցին այդ վարձկանները, որոնք մարտի էին ելել Հայոց Եկեղեցու ինքնիշխանության ու հայոց ազգի ինքնության դեմ: Աստծո շնորհով եւ մեր հայրերի նվիրումի, հավատարմության, հանձնառության ու կամքի շնորհիվ հարատեւեց Հայոց պետականությունը եւ Հայոց Եկեղեցին՝ որպես միաձուլված երկգլխանի Արծիվ:

Այսօր էլ նո՛ւյնն է հայ իրականությունում՝ նույնաբովանդակ վարձկանների բազմությունը նկրտում է փոշիացնել Հայոց Եկեղեցու վերջին տասնամյակների անուրանալի ձեռքբերումները, Հայոց Հայրապետի եկեղեցաշեն ու կենտրոնաձիգ իրագործումները, հայրենանպաստ գործերը: Հոգեւոր կուրության, նախանձի, չարության ու ագահության կործանարար ախտով խավարյալ անձեր հարվածներ են հասցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որ ՎԵՄՆ է Հայոց Եկեղեցու ողջ նվիրապետական ու հոգեղեն շինվածքի։

Վտանգված է Հայոց Եկեղեցու նվիրական կարգն ու կանոնը, նվիրապետական անձեռնմխելիությունը եւ ինքնիշխանությունը:

Թող լսելի լինի ամեն մի գիտակից հայ մարդուն՝ պարզ քաղաքացուց մինչեւ ամենավերին պետական պաշտոնյան: Սիրելիներ, մենք իրավունք չունենք մեր իսկ ձեռքերով հարվածելու մեր ազգի, պետության եւ Սբ Եկեղեցու միջնաբերդին։

Ոսկեդարյան աստղաբույլն է այս հանճարեղ պատկերում. երանի՜ այսօր մեզանից յուրաքանչյուրն էլ խորհրդավորապես տեղ գտնի այս խմբում:

Ընտրությունը միմիայն մեր բանականության եւ ինքնիշխան կամքի վճիռն է. ոչինչ եւ ոչ ոք չի կարող բռնադատել մեր ազատությունը եւ ընտրությունը: Բոլոր պարագաներում մերն է պատասխանատվությունը: Իսկ արժանապատիվ եւ փրկարար ընտրությունը՝ նվիրումն է, հավատարմությունը, հանձնառությունը, կամքը մինչեւ անգամ նահատակություն վասն հավատո եւ վասն հայրենյաց:

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 240

Մեկնաբանություններ