Պատմական հիշողությունն անմեռ է։ Եվ ամեն հայ սերունդ աշխարհ է գալիս` մեր Պատմական Հայրենիքի պատկերը գենետիկ կոդում կրելով։ Հայ մանուկը դեռ չծնված, գիտի, որ մեր պատմության պահապանը մենք ենք լինելու։
Այսօր (26.04.2026 թ․-irates.am) Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկաթերթիկների հավաքելու արարողությունն էր, որոնք դառնալու են թղթե բացիկներ, հուշամատյաններ։
Եղբորս երկու հրաշքները` Ինեսան և Իլոնան մասնակիցը եղան տարիների ավանդույթ ունեցող այս արարողությանը։ Գնացել էին իրենց տատիկի ու մայրիկի ուղեկցությամբ` հստակ գիտակցումով՝ Պատմությունը չի մոռացվելու։
-Մենք պիտի սովորենք մեր պատմությունը ու միշտ հիշենք։ Եկել ենք , որ հիշենք մեր նախնիներին։ Մենք գիտենք, որ կան բազմաթիվ գրքեր այս մասին։ Մենք դրանք կարդալու ենք, երբ մի քիչ էլ մեծանանք։ ՈՒ չենք թողնելու, որ օտարները մոռանան, -ասում են Ինեսան և Իլոնան։
Դուք ճիշտ եք։
Ոչ ոք ու ոչինչ չպիտի մոռացվի։
Ազգի հիշողությունն այն փարոսն է, որ միշտ պիտի ուղեկցի բոլորիս։ Եվ եթե որևէ ազգ մոռանում է իր անցյալը՝ դատապարտված է։
Այսօր այստեղ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ձեզ նման բազում պայծառ երեխաների ներկայությունը ևս մեկ անգամ վկայեց, որ մեր Պատմությունն ապրելու է, և մենք ազգովի հասնելու ենք մեր պատմական արդարությանը։
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ