«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Ով է սերմանում ատելություն

Ով է սերմանում ատելություն
05.06.2026 | 17:33

Ըստ Աստվածաշնչի և Եկեղեցու հայրերի ուսմունքի՝ ատելության, երկպառակության և թշնամանքի սերմանումն ունի հստակ հոգևոր աղբյուր և կոնկրետ դրսևորումներ մարդկային կյանքում։

1. Ատելությունը սիրո բացակայությունն ու հակառակ բևեռն է։ Աստված Սեր է (Ա Հովհ. 4:8), իսկ չարը՝ սատանան, այդ սիրո բացարձակ հակոտնյան է։ Նա է, որ մարդու հոգում սերմանում է ատելություն, կասկած և թշնամանք։

2. Ատելության գլխավոր սերմնացանը սատանան է։ Տեր Հիսուս Քրիստոս Ավետարանում պատմում է որոմների առակը, որտեղ հստակ ցույց է տալիս, թե ով է Իր բարի սերմերի մեջ չարություն սերմանողը (Մատթ. 13:37-39)։

3. Ատելությունը նաև հոգևոր մարդասպանություն է, որի ակունքը չարն է։ Տեր Հիսուսն ատելությամբ կուրացած, նենգությամբ լցված, ճշմարտությունը մերժող, արտաքուստ կեղծ բարեպաշտ փարիսեցու կերպարներին ասում է. «Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար։ Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր» (Հովհ. 8:44)։

4. Սուրբ Գիրքը մատնանշում է մարդկային այն տեսակները, որոնք դառնում են չարի գործիքը և մարդկանց մեջ ատելություն ու բաժանում են սերմանում։ Դրանցից են․ սուտ վկաները, զրպարտողները (Առակ․ 6:19), նենգ խորամանկները (Առակ․ 16:28)։

5. Պողոս առաքյալը զգուշացնում է, որ վերջին ժամանակներին մարդիկ լինելու են հպարտ, ամբարտավան, բանսարկու, փողասեր, դաժանաբարո, մատնիչ ․․․, հատկանիշներ, որոնք մարդուն դարձնում են անգութ և ատելություն սերմանող (Բ Տիմ․ 3:2-5)։

6. Եկեղեցու հայրերը ատելությունը դիտարկում են որպես հոգևոր հիվանդություն և մարդու հոգու փտախտ, որը հպարտության, նախանձի, բարկության մահացու մեղքերից է ծնվում և սնվում։

7. Մասնավորապես, ատելություն սերմանում է նա, ով նախանձով է լցված դիմացինի հանդեպ։ Ըստ Ոսկեբերանի՝ նախանձն ու ատելությունը մարդուն դարձնում են դևից ավելի վատթար, որովհետև դևերը դևերին չեն ատում, իսկ նախանձով լցված մարդը պատրաստ է կործանել իր նմանին։ Նա ասում է, որ ատելություն սերմանողները քանդում են Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ Եկեղեցին իր հավատացյալներով։

8. Եկեղեցու հայրերի բնորոշմամբ ատելություն սերմանողի բանականությունը մթագնում է։ Նա դիմացինի մեջ տեսնում է միայն թշնամու, նույնիսկ եթե այդ մարդն իրեն որևէ վատ բան չի արել։

9. Չարախոսությունն ու զրպարտությունը այն հիմնական գործիքներն են, որոնցով մարդիկ ատելության թույն են ներարկում հասարակության մեջ։

10. Սուրբ Գրիգոր Տաթևացին զգուշացնում է, որ ով ատելություն է սերմանում խոսքով կամ գործով, նա հեռանում է Սուրբ Հոգու շնորհից և իր հոգին հանձնում չարի իշխանությանը։

Այսպիսով, քրիստոնեական ընկալմամբ ատելություն սերմանողը նա է, ով հեռացել է Աստծուց և կատարում է սատանայի կամքը։ Դա դրսևորվում է նրանց միջոցով, ովքեր օգտագործում են ստի, զրպարտության, պիտակավորման և նախանձի գործիքները՝ մարդկանց միմյանց դեմ հանելու, բաժանելու և պառակտելու համար։

Ատելությանը կարելի է դիմակայել աղոթքով։ Չարախոսությանն ու ատելությանը նույնությամբ չպատասխանելը քրիստոնեական մեծագույն առաքինություններից է։

Քրիստոնեական ուսմունքը նաև ցույց է տալիս ատելության հաղթահարման ճանապարհը՝ ինքնաքննություն, զղջում, ապաշխարություն, խոնարհություն, ներողամտություն, աղոթք և սեր։ Քրիստոս պատվիրում է սիրել նույնիսկ նրանց, ում հետ մարդ թշնամացած է (Մատթ. 5:44), որովհետև միայն սերն է, որ կարող է հաղթահարել ատելությունն ու վերականգնել մարդկանց միջև խախտված միությունը։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 97

Մեկնաբանություններ