Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ինչո՞ւ պետականությունն ու պետությունն այդպես էլ չեն դառնում մեզ համար գերագույն արժեք

Ինչո՞ւ պետականությունն ու պետությունն այդպես էլ չեն դառնում մեզ համար գերագույն արժեք
19.09.2026 | 14:20

Եվ ինչո՞ւ մեզանից ու մեր երկրից պետականության հոտ չի գալիս, և պետությունն այդպես էլ չենք ընկալում որպես մեր անվտանգության, արժանապատվության ու սոցիալական պաշտպանվածության հիմնական երաշխավոր, իսկ պետական խորհրդանիշների նկատմամբ էլ չենք ցուցաբերում պատշաճ հարգանք ու պատկառանք, ինչպես դա անում են այլ ժողովուրդները։ Ինչո՞ւ մենք այդպես էլ չկայացանք պետականության համար և ինչո՞ւ ենք այդքան դաժան վերաբերվում սեփական պետության նկատմամբ՝ մեր իսկ ձեռքերով քանդելով նրա հիմքերը։ Մի՞թե մենք պետականաքանդ ժողովուրդ ենք։
Սա նոր բան չէ, և այս նույն վիճակն ունեցել ենք նաև 20-րդ դարի սկզբին, ինչի մասին Թումանյանն է 1921 թ. Իսահակյանին ուղղված իր նամակում նկարագրել.
«...Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում—չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»։
(09.12.1921, Կ. Պոլիս - Վենետիկ)
Ինչո՞ւ մենք պետական ինստիտուտներին ու պետական պաշտոնյաներին չենք վերաբերվում պատկառանքով ու հարգանքով, և ինչո՞ւ ենք իշխանությանն ու իշխանավորներին վերաբերվում անվստահությամբ, հեգնանքով ու արհամարհանքով, իսկ իշխանավորներն այդպես էլ չեն դառնում պետական գործիչներ։ Ինչո՞ւ են մեր երկրում պետությանը վերաբերվում որպես թալանի օբյեկտի ու միջոցի, այլ ոչ թե որպես հոգածության, գուրգուրանքի ու պատասխանատվության օբյեկտի։
Վերաբերվում ենք այդպես, որովհետև մեր մեջ չկա կամ պակաս է պետության ու հայրենիքի զգացողությունը, մեր երակներում չի հոսում պետականությամբ ներծծված արյուն։ Որովհետև, ինչպես Խրիմյան Հայրիկը կասեր. «Հայ ժողովրդի ամենամեծ դժբախտութիւնն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարւում են նոյն կերպ, ինչպէս օտարները»։ Որովհետև իշխանությունները սեփական ժողովրդին վերաբերվում են որպես մեկանգամյա օգտագործման ու վերարտադրության ընտրազանգվածի, մատերիալի, շահագործման սուբյեկտի։
Ժողովուրդը մշտապես օտարված է եղել իր պետությունից ու իշխանությունից, իսկ նրա քվեն ոչ մի դեր չի խաղացել իշխանության ձևավորման գործում։ Քաղաքացի-պետություն իրավահարաբերություններում էլ քաղաքացին մշտապես ունեցել է միայն պարտականություն, իսկ պետությունը՝ միայն իրավունք։ Պետությունը, ի դեմս իշխանության, ոչ միայն հոգ չի տարել իր քաղաքացու մասին, այլ ընդհակառակը՝ մշտապես կեղեքել ու ահաբեկել է նրան, թեև ժողովուրդը հետխորհրդային տարիներին էլ անկեղծ է եղել իր իշխանության ու ընդդիմության հետ։
Պետության արտոնություններն ու ռեսուրսներն էլ երկրում միայն մի փոքր խմբի համար են հասանելի եղել։ Թեև ընդերքը Սահմանադրությամբ պատկանում է ժողովրդին, սակայն նրանից օգտվում են միայն մի քանի արտոնյալներ։ Այստեղից էլ ժողովուրդը դարձել է անտարբեր սեփական երկրի ու պետության հանդեպ, անհաղորդ նրա նկատմամբ։
Իսկ մեծ հաշվով՝ մենք՝ հայերս, պետություն և իշխանություն չենք սիրում, որովհետև դարեր շարունակ ապրելով օտար երկրների, պետությունների, կառավարիչների ու կրոնների տիրապետության տակ և նրանց կողմից ենթարկվելով բռնությունների, ահաբեկման ու ճնշումների՝ սկսել ենք ատել պետությունն ու իշխանությունը։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ