Ներկա ճգնաժամային վիճակից դուրս գալու համար մենք, առնվազն, պետք է փորձենք պարզել, թե որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնք մեզ բերել են այս օրվան, և որո՞նք են այն առավել էֆեկտիվ ճանապարհները, որոնցով մենք կարող ենք փորձել գնալ դեպի նորմալ մարդկային կյանք։
Սա շատ կարևոր գիտական պրոբլեմ է, որը պահանջում է հետազոտական բնույթի լուրջ աշխատանք, նպատակային ֆինանսավորում և լուրջ գիտական ուժերի միավորում պետական հովանավորության ներքո։
Մենք վերջին 34 անկախ տարիների ընթացքում ոչ միայն չենք արել դա, այլ նույնիսկ մեր հետամնաց գավառական ուղեղին չի էլ հասել, որ նման պրոբլեմ կա։
Բայց չէ՞ որ կան այնպիսի բաներ, որոնց կարևորությունը պետական կյանքի համար ակնհայտ է բոլորին, ասենք, կրթությունն ու աշխատանքը, որոնք զարմանալիորեն արհամարհված են մեզնում։
Մյուս կողմից էլ, անկախ նրանից, թե մարդիկ ինչ հոգեբանություն, հակումներ ու ձգտումներ ունեն, նրանց լոկալ նպատակը լավ ապրելն է, ու, ըստ դրա էլ, նրանք հարգում են այն ամենը, ինչը նպաստում է լավ ապրելուն և չեն հարգում այն ամենը, ինչը չի նպաստում լավ ապրելուն։
Այստեղից կարող ենք անել ակնհայտ եզրակացություն այն հարցում, թե մեր ժողովուրդը, որը, առնվազն մեր տարածաշրջանում միշտ հայտնի է եղել որպես ուսումնասեր ու աշխատասեր, ներկա պայմաններում ինչու՞ չի հարգում ո՛չ կրթությունը, և ո՛չ էլ աշխատանքը։
Պատճառը մեկն է՝ մեր անկախության պայմաններում ու իրենց ներկա դրվածքով ո՛չ կրթական համակարգը, ո՛չ մարդկային աշխատանքի կազմակերպումը չեն նպաստել ու չեն նպաստում ժաղովրդի լավ ապրելուն կամ նրա կյանքի որակի բարձրացմանը։
Հակառակը՝ խորհրդային իշխանության պայմաններում համարյա հարյուր տոկոսով աշխատող ժողովուրդը այսօր վերածվել է ծույլ ու անբան նարդի խաղացող ամբոխի։
Կրթությունն ու աշխատանքը ցանկացած պետականության հենասյուներն են, ըստ այդմ էլ պետք է լինեն իշխանությունների հոգածության ամենակարևոր ոլորտները։
Այնինչ, մեր անկախության ամբողջ շրջանում, ինչպես ամեն ինչը, այնպես էլ վերաբերմունքը կրթության ու աշխատանքի նկատմամբ եղել է տարերային ու անկազմակերպ, որի բուն պատճառն էլ եղել է երկրում մտավոր կյանքի ցածր ու անլուրջ մակարդակը։
Ամեն մի առաջընթաց առաջին հերթին պահանջում է հասկանալ, թե ի՞նչ ես ուզում անել և ո՞նց ես ուզում անել, մի բան, որ հնարավոր չի անել իշխող տգիտության պայմաններում։
Տգիտության ամենաառաջին արտահայտությունն էլ այն է, երբ մարդկանց թվում է, թե իրենց նման խելք ունեցողն առանց գիտելիքի էլ կանի այն ամենը, ինչ որ պետք է։
Իսկ երբ նման մարդիկ նաև իշխանություն են, ամեն ինչ օրինաչափորեն գնում է դեպի անկում, որն էլ մեր վիճակն է այսօր։
Պավել Բարսեղյան