Պետք չէ շփոթել ի ծնե դեպի դատողական մտածելակերպը ունեցած բնական հակումը արդյունավետ մտածելու ունակության հետ։
Վերջինս, այսինքն արդյունավետ մտածելու ունակությունը, դատողական մտածելակերպի հետ միասին պահանջում է նաև գիտելիք։
Գիտելիքի չափն էլ, առանձին մարդկանց մոտ, գտնվում է պարզունակից մինչև մարդկության կողմից հասած բարձունքների արանքներում ինչ-որ տեղ։
Այս ոլորտում ևս աշխատում է նվազող աստիճանային օրենքը, ըստ որի, ցանկացած հասարակության մեջ մարդկանց թիվը, կախված նրանց ունեցած գիտելիքների քանակությունից, շատ արագ ընկնող աստիճանային ֆունկցիա է։
Սա պարզապես նշանակում է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունն ունի աննշան քանակությամբ ցաքուցրիվ գիտելիքներ, նրանց շատ ավելի փոքր մասը ունի ինչ-որ քանակությամբ կիսակարգավորված գիտելիքներ, իսկ հատուկենտ մարդիկ էլ ունեն լուրջ ու մեծաքանակ կարգավորված գիտելիք, մարդիկ, որոնք նաև ունեն գիտելիք գեներացնելու եզակի հատկություն։
Այնպես, ինչպես բնական ձայնային տվյալներ ունեցողին պետք է պրոֆեսիոնալ ուսուցում, որպեսզի նա լավ երգիչ դառնա, ճիշտ այդպես էլ դատողական պոտենցիալ ունեցող մեկին էլ գիտելիք է պետք՝ պրոֆեսիոնալ մտավոր գործունեություն ծավալելու համար։
Իսկ դատողական պոտենցիալ ունեցող ինքնավստահ տգետը, ինչպես միշտ, մարագից այն կողմ վազել չի կարող, քանի որ գիտելիքի բացակայությունը դա թույլ չի տալիս։
Այսինքն, մարդկային գործունեության ցանկացած ոլորտ ունի դատողությամբ օժտված տգետների մի «ռաբիս» հատված, որը ոչ մի տարբերություն չի տեսնում իր ու իսկական գիտելիք ունեցողների միջև։
Ինչպես բոլոր ոլորտներում, մեզնում քաղաքականությունն ու քաղաքագիտությունն էլ ունեն բավականին ստվար «ռաբիս» հատվածներ, որտեղ սովորական «հաց ու պանիր ուտողները» (Թումանյան) իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։
Նման մարդիկ բոլոր հասարակություններում էլ կան, բայց եթե նրանք քիչ են, ապա դա նորմալ է, իսկ այնտեղ, որտեղ միջավայրն ու նույնիսկ իշխանությունը հագեցած են ինքնավստահ տգետներով, նորմալ լինել չի կարող։
Նման պայմաններում տգետ իշխանությանը ձեռք է տալիս տգետ հասարակությունը, որն էլ հասանելի է դառնում կրթական համակարգը փլուզելով միայն։
Բայց այս հարցում մերոնք միայնակ չեն, ամբողջ աշխարհում իշխում է կրթական մակարդակի իջեցման տենդենցը, մի բան, որը, ամենայն հավանականությամբ, կառավարելի է և որը մեծ մտահոգության առարկա պետք է լինի մարդկության համար
Կարճ դիստանցիա վազող ամենագետների երկիր իմ Հայաստանը։
Պավել Բարսեղյան